Ընտրություններ, համավարակ, մեդիա և Սաակաշվիլի․ Վրաստանի օմբուդսմենի 2021 թ-ի զեկույցը
Ժողովրդական պաշտպանը՝ Վրաստանում մարդու իրավունքների մասին
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան ճեպազրույց է անցկացրել 2021 թ-ին երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, որը նվիրված էր Մարդու իրավունքների օրվան։
Օմբուդսմենը քննադատել է կառավարության՝ համավարակի դեմ պայքարին առնչվող որոշումները, պատմել է, թե ինչպես են անցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու ստեղծված միջավայրն անվանել է մեդիայի նկատմամբ թշնամական։ Լոմջարիայի խոսքով՝ խախտվել է նաև Սաակաշվիլիի՝ արդար դատաքննության իրավունքը։
Համավարակը
Նինո Լոմջարիայի խոսքով՝ կառավարության որոշումները համավարակի փուլում վտանգել են մարդկանց կյանքը։ Օմբուդսմենը կարծում է, որ պատվաստման տեղեկատվական արշավն ու որոշ նորմատիվ ակտեր անարդյունավետ են եղել, քանի որ առանձին որոշումներ հիմնված չեն եղել գիտական տվյալների վրա և պայմանավորված են եղել քաղաքական դրդապատճառներով։
«Դրա լավագույն օրինակն անժամկետ «կանաչ անձնագրերի» ներմուծումն է, որոշակի փուլում դիմակ կրելու պարտականության չեղարկումը։ Միաժամանակ տպավորություն է ստեղծվում, որ կանոնները հիմնված են եղել ոչ թե գիտական, համաճարակային կամ բժշկական տվյալների վրա, այլ ընդունվել են քաղաքական կամ այլ պատճառներով»։
ՏԻՄ ընտրությունները
Օմբուդսմենի խոսքով՝ 2021 թ․ ՏԻՄ ընտրությունները, որոնք անցել են ծայրահեղ բևեռացված միջավայրում, խնդրահարույց էին։ Լոմջարիան նաև նշել է, որ ընտրությունների ժամանակ 69 մարդ է աշխատանքից ազատվել և հետապնդումների ենթարկվել քաղաքական շարժառիթներով․
«Ժողովրդական պաշտպանի ունեցած տվյաներով՝ 69 մարդ է աշխատանքից ազատվել և հետապնդումների ենթարկվել, ենթադրաբար, քաղաքական հայացքների համար, իսկ ընդդիմությունից 59 թեկնածու, ենթադրաբար, ճնշման և ահաբեկման է ենթարկվել։ Արդյունքում՝ որոշ բացառություններով, նրանց մեծ մասը հանել է իր թեկնածությունն այդ ճնշման հետևանքով»։
Լոմջարիան նաև նշում է, որ կիսում է տեղի և միջազգային դիտորդ կազմակերպությունների գնահատականն այն մասին, որ ընտրողների վրա ենթադրյալ ճնշումն ու նրանց ահաբեկելը կարող էին ազդել ընտրազանգվածի մի մասի քաղաքական ազատ կամարտահայտման վրա։
Զանգվածային լրատվամիջոցները
«Լրագրողների համար վտանգավոր և թշնամական միջավայրը, որը գոյություն ուներ վերջին տարիներին, 2021 թ-ին առանձնահատուկ անհանգստություն է առաջացրել», — հայտարարել է օմբուդսմենը։
Նրա խոսքով՝ օմբուդսմենի աշխատակազմը մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ բռնության տասնյակ դեպքեր է արձանագրել։ Նինո Լոմջարիան նաև նշում է, որ «լրագրողների նկատմամբ ցինիկ վերաբերմունք» է գրանցվել պետական պաշտոնյաների կողմից։
Հուլիսի 5-ի իրադարձությունների մասին խոսելիս, երբ ԼԳԲՏ փրայդի հակառակորդները Թբիլիսի կենտրոնում տասնյակ լրագրողների էին ծեծել, Նինո Լոմջարիան ընդգծել է, որ իշխանությունը ոչ միայն չի կարողացել պաշտպանել քաղաքացիների առողջությունը, այլ նաև բռնություն է սադրել։ Օմբուդսմենի խոսքով՝ 45 լրագրող և օպերատոր տուժած է ճանաչվել հուլիսի 5-ի գործով։
Սաակաշվիլիի գործը
Ինչ վերաբերում է Վրաստանի՝ կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ապա Լոմջարիան հայտարարել է, որ արդար դատաքննության նրա իրավունքը խախտվել է։
«Մենք Միխեիլ Սաակաշվիլիի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում ենք համարել այն փաստը, որ նրան թույլ չեն տվել դատարան ներկայանալ առաջին երեք գործընթացների ժամանակ, մեր կարծիքով, անհիմն ու ապօրինի փաստակների պատճառով», — ասել է ժողովրդական պաշտպանը։
Լոմջարիան նաև նշել է, որ Սաակաշվիլիին Գլդանիի N18 բանտային հիվանդանոց տեղափոխելու տեսագրության հրապարկումը խախտում է նախկին նախագահի իրավունքը։ Նրա խոսքով՝ օմբուդսմենի դիրքորոշումը համընկնում է պետական տեսուչի գնահատականի հետ։