«Ընտրել քիչ ցավոտ լուծումը», թե՞ «դուռ պայքարի համար»․ ՀՀ նախկին ղեկավարները տարակարծիք են
Նախկին նախագահների ՀՀ խնդիրների քննարկումը
«Տարաձայնությունները բավական խորն են»,- Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների հանդիպման մասին ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 28-ին կայացած իր ասուլիսի ժամանակ։ Երկրում ստեղծված իրավիճակն ակտիվություն է հաղորդել նախկին ղեկավարների գործունեությանը։ Օրեր առաջ նրանք Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով հանդիպել են Էջմիածնում։
Սեպտեմբերի 22-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և ԼՂ-ի բոլոր նախկին նախագահները։ Ըստ տարածված հաղորդագրության՝ կայացել է «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։
Հանդիպմանը հետևեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսության եթերում ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Երկուսն էլ համակարծիք են, որ երկիրը ծանր վիճակում է, լուծումների հարցում, սակայն, նրանց մոտեցումները տարբեր են։ Քոչարյանի կարծիքով՝ պայքարողի համար է դուռ բացվում։
Այնինչ Տեր-Պետրոսյանը համոզված է, որ սպասվում են ծանր բանակցություններ, պայմանագրեր պետք է կնքվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այդ կապակցությամբ առաջարկել է իշխանությանն ու ընդդիմությանը նստել մեկ սեղանի շուրջ և ճակատագրական այս իրավիճակում հնարավոր լուծումներից ընտրել ամենաքիչ ցավոտը։
Իսկ ի՞նչ ելքեր է տեսնում Ռոբերտ Քոչարյանը․ ասուլիսի առավել կարևոր դրվագները։
«Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա»
Հայաստանի երկրորդ նախագահի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակում հանրային կոնսոլիդացիան անհրաժեշտ պայման է, սակայն «ժողովրդին հաղթանակի մղելու, ոչ թե կապիտուլյացիայի համար»։
Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ եթե իշխանությունն ունենար կոնսոլիդացիայի կարիք, կգնար գործնական քայլերի․
«Ո՞ւր է այդ նախաձեռնությունը։ Ինչո՞վ է արտահայտվել։ Ինչո՞ւ եք որոշել, որ ունի կարիք։ Չունի, որովհետև ինքը պատրաստ չէ բարձր նպատակների համար միավորել ժողովրդին»,- ասել է նա։
«Վիճակը ծանր է, բայց չպետք է հանձնվենք»
Հակադարձելով կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու մասին առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին՝ Քոչարյանն ասել է, որ «երբեք չի մտածել, թե լինում են անհույս վիճակներ»։
«Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականների հետ։ Այո՛, վիճակը ծանր է, այո՛, կան բազմաթիվ պրոբլեմներ։ Բայց դա չի նշանակում, որ մենք այդ վիճակում ուղղակի պետք է հանձնվենք և ընդունենք այն պարտադրանքները, որոնք այսօր կան Հայաստանի նկատմամբ»,- հայտարարել է նա։
Հանրայինի եթերում Լևոն Տեր–Պետրոսյանն ասել էր, որ Հայաստանի համար բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, խնդիրը դրանցից պակաս ցավալին ընտրելն է․ «Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել… Ճապոնիան չի՞ նվաստացել, կապիտուլյացիայի ենթարկվել, ի՞նչ կա էդտեղ. դա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան»։
Անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին՝ Քոչարյանն ասել է, որ «հիմնական նպատակի համար, այո՛, հնարավոր է միասին լինել և պայքարել»։
«Պատրաստ եմ հանդիպել Փաշինյանի հետ»
Ի պատասխան հարցին, թե ո՞ր հարցերը քննարկելու համար է պատրաստ հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ՝ Քոչարյանը պատասխանել է․ պատրաստ է հանդիպել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը քննարկելու համար:
«Մարդկանց մոտ մեծ սպասելիքներ են առաջացել, թե նախկին նախագահները և Վեհափառը լուծում են գտնելու ստեղծված իրավիճակից։ Այս իրավիճակից լուծում պետք է գտնի և այդ ճանապարհով տանի իշխանությունը։ Ճգնաժամից երկիրը դուրս են հանում ոչ թե նախկին նախագահները, որ այսօր լծակներ չունեն, կամ Վեհափառը, այլ իշխանությունը»,- ասել է նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ընդդիմությունը կարող է ճգնաժամը հաղթահարել միայն այն դեպքում, եթե կարողանա հասնել իշխանափոխության։
«Կա 3-4 մարդ, որ կարող է դառնալ վարչապետի թեկնածու»
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր «աչքի առաջ» կան 3-4 մարդիկ, որոնք կարող են վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածուն լինել։ Անուններ, սակայն, չի հնչեցրել։ Ըստ նրա՝ հնարավոր է այդ մարդկանց դեմ քրեական գործեր հարուցվեն։
Իր հավակնությունների մասին խուսափել է խոսել՝ նշելով, որ եթե ընտրություններ լինեն, իրավիճակը կգնահատի։ Քոչարյանը պատրաստ է աջակցել այն մարդուն, ով «կարող է հանրությանը համախմբել»։
«Բաքվի, Անկարայի վրա ազդելու լծակները չափազանց սահմանափակ են»
Երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ Երևանի դերը տարածաշրջանում շեշտակի նվազել է, Բաքվի և Անկարայի դերը՝ աճել։ Վերջիններիս վրա ազդելու Ռուսաստանի և Նահանգների լծակներն էլ չափազանց սահմանափակ են դարձել։
«Այս ընթացքում անտեսել անվտանգային հարցերը սեփական ուժերի շրջանակներում՝ հանցավոր անգործություն է։ Վարչապետի ելույթը ՄԱԿ–ում, խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։ Սա նշանակում էր՝ այդպիսի սպասելիքներ չկան։ Եվ դրանից հետո խոսել նույն բառապաշարով քո երկրի ներսում՝ անիմաստ է։ Պետք է այլ էջ բացել»,- նշել է Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը խորը ճգնաժամի մեջ է, պայթյունավտանգ իրավիճակում․
«Մի կողմից կա որոշում կայացնելու պարտադրանք, իսկ մյուս կողմից՝ վտանգ, որ այդ որոշումը կարող է ներսից պայթեցնել ՀՀ–ում իրավիճակը»։
«Իրանին ներգրավել Հայաստանի անվտանգության նոր ճարտարապետության մեջ»
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի անվտանգության բաղադրիչ է դիտարկում Իրանի հետ ռազմական համագործակցության խորացումը։ Ասում է՝ Իրանը Հայաստանից բացի միակ երկիրն է, որի համար Սյունիքի մարզը կարևոր է, այնինչ հարևան երկրի հետ վերջին երկու տարիներին «այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել»․
«Առնվազն 2 զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում։ Այս ընթացքում Իրանի հետ որոշ պայմանագրային բազա պետք է լիներ, և դա ամենամեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար»։
Երկրորդ նախագահի խոսքով՝ կան նաև այլ հնարավորություններ, որոնցից Հայաստանը կարող է օգտվել, օրինակ՝ հարևան Իրանից գնել հարվածային անօդաչու թռչող սարքեր։
«Առաջարկում եմ Իրանին ներգրավել Հայաստանի անվտանգության նոր ճարտարապետության մեջ»,- հայտարարել է Քոչարյանը։
Ասում է՝ միաժամանակ պետք է ցույց տալ, որ Իրանի հետ համագործակցությանն ուղղված քայլերը վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի կենսական շահերի համար։
«ՀԱՊԿ-ին անդամակցելն Արևմուտքից զենք գնելու համար խոչընդոտ չէ»
Քոչարյանի խոսքով՝ պետք է լրջորեն զբաղվել բանակով և չհավատալ «այն պնդումներին, թե հնարավոր չէ զենք գնել»։
«Երկու տարի է, ինչ լսում ենք բարեփոխումների մասին, սակայն վերջում ծնվեց մի նախագիծ, ըստ որի՝ 24 միլիոն դրամով կարող են բանակից ազատվել։ Սա քայքայիչ է բանակի համար»,- շեշտել է նա։
Սեպտեմբերի 13–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին, որոշ երկրներ էլ պատրաստ են վաճառել, սակայն չունեն անհրաժեշտ զենք։
Հայաստանի երկրորդ նախագահը կարծում է՝ անդամակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտ չէ Արևմուտքից զենք ձեռք բերելու համար:
«Մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք, բայց մենք նաև Եվրոպայից զենք էինք գնում: Նույնիսկ մեր առաջին զենքի խմբաքանակը, դեռ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզված չէր, գնել ենք Եվրոպայից: Բավականին մեծ խմբաքանակ էր: Մենք գնում էինք և Չինաստանից, և Եվրոպայից, և Ռուսաստանից»,- նշել է Քոչարյանն ու հավելել, որ լավ որակի կապի միջոցներ են ձեռք բերել նաև ԱՄՆ-ից։
«Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներում»
Մամուլի ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի թեման բանակցային գործընթացներից բացակայում է, և սա այն դեպքում, երբ խոսք է գնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին․
«Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդ հարաբերությունները կարգավորել՝ առանց որոշակիության ու միասնական պատկերացման Ղարաբաղի խնդրի հետ կապված»։
Նրա դիտարկմամբ՝ Արցախի Հանրապետությունը «իսպառ կորել է» Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից, ինչը նշանակում է, որ «Հայաստանը չի պայքարում Արցախի համար»։
«Եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ և ինչ-որ չափով՝ Մոսկվա ձևաչափով։ Ինչ հետևանքների կարող է բերել այս ֆորմատը՝ ինքներդ գնահատեք»,- ընդգծել է Քոչարյանը։
Նախկին նախագահների ՀՀ խնդիրների քննարկումը