Ադրբեջանցի ընդդիմադիր գործչի կապն արտաքին աշխարհի հետ կտրել են, իսկ նախագահն ընդդիմությանը կրկին անվանել է ժողովրդի թշնամի
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» (ԱԺՃ) ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի համացանցն ու բջջային կապը երեք օրվա ընթացքում երկու անգամ արդեն արգելափակվել է։ Արգելափակված են նաև նրա ընտանիքի անդամների բջջային համարներն ու անգամ բնակարանի քաղաքային հեռախոսը։ Այս մասին հայտարարվել է ԱԺՃ ֆեյսբուքյան էջում։
- «Կարանտինային» բռնաճնշումներն Ադրբեջանում շարունակվում են
- Ի՞նչ տեսք ունի Բաքուն կարանտին օրերին
- Կորոնավիրուսը Ռուսաստանում․ վարակման բռնկում, բժշկությունը պատրաստ չէ, իշխանություններն ուզում են մեղմել մեկուսացումը
Կուսակցության անդամները կարծում են, որ իշխանություններն արգելափակել են ընդդիմադիր գործչի կապը, որպեսզի նա առցանց հարցազրույց չտա։ Նրանց կարծիքով՝ սա COVID-19 վարակի պանդեմիայի ֆոնին բռնաճնշումների նոր ալիք է։
Պաշտոնական մարմինները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանում սա։
Ըստ ապրիլի 15–ի պաշտոնական տվյանլերի՝ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1197 դեպք։ 13 մարդ է մահացել, 351–ն ապաքինվել է։
2020 թ–ի հունվարին Ալի Քերիմլին արտգործնախարարությանը դատի էր տվել այն բանի համար, որ գերատեսչությունը 14 տարի է՝ հրաժարվում է իրեն արտասահման մեկնելու անձնագիր տալ։
30–օրյա կալանք՝ «ժողովրդի թշնամիների համար»
Նախորդ շաբաթների ընթացքում «Ժողովրդական ճակատի» մի քանի անդամ կալանավորվել է վարչական կարգով։ Նրանք մեղադրվել են «կարանտինային ռեժիմի խախտման համար» և 30-օրյա կալանքի դատապարտվել։
Կալանավորվել են նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների անդամները։ Ամենաշատը քննարկվում էր «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիկ Յագուբլուի կալանքը, որը մեղադրվել է խուլիգանության համար․ նրա գործով քննությունը դեռ չի ավարտվել, և մինչ այն շարունակվում է, Յագուբլուն երեք ամսով բանտ է ուղարկվել։
Այդ կալանքի կապակցությամբ վրդովմունք են արտահայտել ոչ միայն տեղի իրավապաշտպանները, այլև միջազգային կազմակերպություններն ու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը։
Ադրբեջանի իշխանությունների հասցեին ավելի ու ավելի հաճախ են մեղադրանքներ հնչում, որ դրանք կարանտինից և համաճարակից օգտվում են բռնաճնշումներ կիրառելու համար։ Իշխանությունները դա հերքում են և պնդում, որ այդ բոլոր ընդդիմադիրներն իրոք խախտել են կարանտինի կանոններն, իսկ Թոֆիկ Յագուբլուն երկու հոգու վրա է հարձակվել։
Ապրիլի 14–ին նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում հերթական անգամ հայտարարեց, որ տեղի ընդդիմությանը (մասնավորապես՝ ԱԺՃ–ին և «Մուսավաթին») թշնամի և դավաճան է համարում․
«Այսօր կորոնավիրուսի համար ուրախ է միայն այդ ապազգային խմբավորումը։ Նրանք ուզում են, որ մահացածների թվին աճի, հիվանդների թիվն աճի, ուրախանում են, որ մարդիկ մահանում են։ Այսինքն՝ դա թշնամանք է ոչ թե իշխանության, այլ պետության նկատմամբ։ Ես ամեն ինչ իր անունով եմ կոչում։ Եթե ինչ–որ մեկը թշնամություն է անում մեր ժողովրդի, պետության նկատմամբ, ուրեմն նրա անունը թշնամի է», — ասել է Ալիևը։
Այս պահին Ադրբեջանում խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարվել․ փակ է մետրոն, այգիները, պուրակները, գրեթե բոլոր առևտրային օբյեկտները, կազմակերպություններն ու ձեռնարկությունները։
Փողոց դուրս գալու համար պետք է տեղեկանք ունենալ աշխատավայրից կամ իշխանությունների sms-թույլտվությունը, որը տրվում է օրական մեկ անգամ երկու ժամով։ 65 տարեկանից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է դուրս գալ տնից։