Ընդդիմության «պայքարը մտել է վճռական փուլ». անհնազանդության ակցիաներ Երևանում
Խորհրդարանական ընդդիմությունը Երևանում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք մինչ այս ապակենտրոն պայքար էին մղում, միավորվել են միևնույն նպատակի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ:
Անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին ընդդիմադիրները հայտարարել էին նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Վաղ առավոտից մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ փակ էին, մյուսները՝ խցանված: Ոստիկանությունն արդեն իսկ հաղորդել է տեղեկություններ քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված շուրջ 200 քաղաքացիների մասին:
Անհնազանդության ակցիաների, դրան նախորդած հանրահավաքի մասին, ինչպես նաև մեկնաբանություններ սոցցանցերից
Անհնազանդության ակցիաներ Երևանում
Մայիսի 2-ին՝ ժամը 8։30-ից ընդդիմությունը փակել էր մայրաքաղաքի՝ տասնյակից ավելի կենտրոնական փողոցներ: Ինչպես 2018 թ.-ին, այնպես էլ հիմա ընդդիմադիրներն ու նրանց համակիրները փողոց էին փակում՝ տեղադրելով աղբամաններ, նստարաններ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ժամը 13:00-ի դրությամբ Երևանում երթևեկությունը վերականգնված է, ճանապարհները բաց են:
Չորս կողմից փակ է նաև Ֆրանսիայի հրապարակը: Նախօրեին՝ ընդդիմության հանրահավաքից հետո ցուցարարներն այստեղ վրաններ էին տեղադրել: Չնայած անձրևոտ եղանակին՝ քաղաքացիները գիշերել են հրապարակում:
Մինչ այս ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ցանցային և ապակենտրոն պայքար էին մղում: «Պատիվ ունեմ» խմբակցությունն իրականացնում էր նստացույց, «Հայաստան» խմբակցությունը՝ կազմակերպում իրազեկման ակցիաներ, երթեր, ինչպես նաև քայլերթեր մարզերից:
Ապրիլի 28-ի իրազեկման երթին մասնակցում էր նաև «Պատիվ ունեմ»-ի ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վանեցյանը տեղեկացրել էր, որ միանալու է մայիսին 1-ի հանրահավաքին, իսկ հանրահավաքի ընթացքում ընդդիմադիրները հայտնեցին, որ որոշել են միավորել ուժերը՝ ձեռնարկելով համատեղ գործողություններ:
Ոստիկանությունն արդեն իսկ հաղորդել է ցույցերին մասնակցող 189 քաղաքացու բերման ենթարկման մասին: Նրանք չեն կատարել «ոստիկանի օրինական պահանջը»: Բերման ենթարկվածներին իրավական խորհրդատվություն են տրամադրում ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբերը:
Ընդդիմությունը փողոցային պայքար սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու մասին հայտարարությունից հետո։ Խորհրդարանական ընդիմության համոզմամբ՝ գործող իշխանությունը մտադիր է Արցախը հանձնել Ադրբեջանին, ինչը հնարավոր է կանխել միայն վարչապետ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով:
Հանրահավաք, որն ազդարարեց ընդդիմության «պայքարի վճռական փուլի» մեկնարկը
Մեկշաբաթյա իրազեկման ակցիաների ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պարբերաբար հայտարարում էր, որ իրենց «պայքարի վճռական փուլը» մեկնարկելու է մայիսի 1-ի հանրահավաքով:
Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ինչպես նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Պատգամավորներից Արամ Վարդևանյանը նշել է, որ ընդդիմության օրակարգը հանուն Հայաստանի և Արցախի է ու ընդգծել․ «Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը կզած մուրացողի քաղաքականությունն ա, որին մենք ասում ենք՝ ոչ»։
Իրազեկման ակցիաներն ընդդիմությունն իրականացնում էր «Զարթնիր, լաո» կարգախոսի ներքո: Իր ելույթում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է, թե՝ «հայ ազգը զարթնել ա, լաոն զարթնել ա»:
«Մենք բոլորս դառել ենք մի բռունցք՝ միասնական մի բռունցք, էս բռունցքի դեմ ոչ մեկը չի կարող կանգնել, որևէ մեկը չի կարող մեր պայքարը կասեցնել»,- նշել է Վանեցյանը՝ գործող իշխանությանը հորդորելով հեռանալ «հանուն Հայաստանի և Արցախի փրկության»:
Հանրահավաքի ընթացքում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է մասշտաբային բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ շեշտելով, որ դա «իշխանազավթում» չէ:
«Սա Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ պայքարի և թրքահպատակ իշխանությանը րոպե առաջ հեռացնել՝ հեռացնել հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի», — հայտարարել է Սաղաթելյանը:
Նախապես ներողություն խնդրելով քաղաքացիներից առաջիկա օրերին պատճառվելիք անհարմարությունների համար՝ ընդդիմադիր գործիչը շեշտել է, որ նրանք «պետք է հասկանան՝ օրերի հարց է».
«Էս քանի օրը պետք է նեղվենք, տանջվենք, զրկանքներ կրենք, ընկնենք, վեր կենանք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ է տևելու, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնությո՛ւն»:
Ընդդիմությունը, որն ակնկալում էր նաև մարզաբնակների մասնակցություն, հանրահավաքի օրը պարբերաբար ահազանգում էր, որ մասնավորապես՝ Սյունիքի մարզում իրավապահները խոչընդոտներ են ստեղծում, օրինակ՝ «Սիսիանի մոտ հենակետներ են դրել, խուզարկում, ստուգում են»։ Այս ահազանգերին ի պատասխան՝ Ոստիկանությունը նշել էր, որ «մշտապես է իրականացնում հսկողություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով»։
Նախքան հավաքի անցկացումը հայտնի դարձավ, որ մայիսի 1-ին՝ ժամը 6։40-ին, Սիսիանի ոստիկանական հենակետում կանգնեցված մեքենաներից մեկի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր: Ընդդիմության հանրահավաքից հետո ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Ոստիկանություն տեղափոխվեց 2 անձ:
Մեկնաբանություններ սոցցանցերում
Ի՞նչ են մտածում ընդդիմության շարժման և Հայաստանում տիրող իրավիճակի մասին սոցիալական ցանցերի օգտատերերը․
«Ալիևը ասում է՝ Սյունիքը, Արցախը, Սևանը և մինչև անգամ Երևանը մերն է, իսկ այս իշխանությունը համարում է, որ դրական ազդակներ կան խաղաղության և բարեկամություն անելու համար: Միայն այս իշխանության հեռացումը կարող է փրկել Հայաստանը: Պետք է ազգովի դուրս գալ պայքարի»:
«Հայաստանում Արցախ պաշտպանող ընդդիմադիրներ, գնացեք Արցախ, էնտեղ Արցախի ու Հայաստանի դրոշները հանում են շատ տեղերից, լաոներով, ձեր մեծ խմբով գնացեք, մի թողեք»:
«Կեցցէ’ Դիմադրութիւնը և հանրապետութեան ազգային դիմագիծի վերականգնումը»:
«Ներքին թուրքեր, էդպես գնացեք սահման, իրական թշնամին էնտեղ է. եթե պատերազմ սկսվի, մկան նման ծակեր եք փնտրելու։ Ամոթ է, ո՞ւր էիք կռվի ժամանակ, Երևանի բարեկարգ փողոցներում քայլում էիք ու հպարտանում ձեր հայրենասիրությամբ»։
«Վախկոտ ու խառնակիչ, ցարի ձեռքից կրակի մեջ ընկածները պատերազմի ընթացքում նահանջել էին ստիպում, իսկ խաղաղ պայմաններում սադրում են»:
«Երկրորդ-երրորդ դասարանի խնդիր կա լուծելու, էս հայրենասերների մոտ ուղարկում են 100 ավտոբուս ու ասում են․ բոլորով միասին գնում ենք սահման Արցախը փրկենք։ Հարց․ մեկ րոպեում քանի՞ հոգի մնաց հրապարակում»: