Ընդդիմադիր գործիչը դադարեցրել է հացադուլն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո
ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը դադարեցրել է հացադուլն իններորդ օրը։ Նա սկսել էր այն նոյեմբերի 23-ին՝ պահանջելով Հայաստանի վարչապետի հրաժարականը։ Ընդդիմադիր գործիչը հայտարարել էր, որ պայքարի ձևի այդ ընտրությունն իր անձնական որոշումն է, այլ ոչ թե «Դաշնակցության»։
Հայաստանում հազարավոր մարդիկ և ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 10-ից պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականն Արցախում հրադադարի մասին եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո։ Նրանք կարծում են, որ վարչապետը «դավաճանական համաձայնագիր» է ստորագրել Արցախի տարածքներն Ադրբեջանին ինքնակամ հանձնելու մասին։
Դեկտեմբերի 1-ին «Դաշնակության» ներկայացուցիչը հաղորդեց, որ իրեն այցելել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ն ու կոչ արել դադարեցնել հացադուլը, «քանի որ քաղաքական պայքարի այլ մեթոդներ կան»։
«Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ [Մանուկյանի ակցիային էին միացել նրա ընկերները] դադարեցնում ենք հացադուլն ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր պայքար», — գրել է Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում։
Իր հետագա գործողությունների մասին ընդդիմադիր գործիչը խոստացել է ավելի ուշ հաղորդել։