«Ժողովրդավարության հաղթանակն էր». Զուրաբիշվիլին՝ Վրաստանի բողոքի ցույցերի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ կազմակերպված Ժողովրդավարության գագաթնաժողովում հայտարարել է, որ վրաց ժողովուրդը զգալի առաջընթաց է գրանցել Թբիլիսիի և այլ քաղաքների փողոցներում։ Խոսքը վերաբերում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բազմահազարանոց բողոքի ակցիաներին։ Բացի այդ, Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ճանապարհը դեպի եվրաինտեգրում այլընտրանք չունի։
Նրա խոսքով՝ փողոցային ցույցերը հաջողեցին ինչպես «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» չեղարկման հարցում, որը հաղթանակ էր ժողովրդավարության համար, այնպես էլ բևեռացումը հաղթահարելու և ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու կարողությունը ցուցադրելու տեսանկյունից։ Նախագահը սա համարում է ազգային համաձայնության գործընթացի սկիզբ։
«Ես կցանկանայի վերահաստատել Վրաստանում ավելի ուժեղ ժողովրդավարություն կառուցելու իմ խոստումը և հայտնել իմ պատրաստակամությունը համագործակցելու մեր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ կառուցելու ավելի ժողովրդավարական, խաղաղ և կայուն աշխարհ, որտեղ Վրաստանը կզբաղեցնի վստահելի գործընկերոջ իր տեղը»,— ասել է Զուրաբիշվիլին։
Միաժամանակ, ըստ նրա, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին և ներքին լարվածությանը, Վրաստանը առաջընթաց է գրանցել երկու հիմնական առաջնահերթությունների ուղղությամբ.
«Ավարտվել են մարդու իրավունքների ազգային ռազմավարության աշխատանքները, իրականացվել է կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու ազգային քաղաքացիական ծրագիր և կանանց տնտեսական իրավունքներն ու հնարավորություններն ընդլայնելու միջոցառումներ: Սակայն դատաիրավական բարեփոխումների իրականացումը ներառական գործընթացով, ինչը մեր առաջնահերթությունն է, դեռևս պահանջում է մեր պատշաճ ջանքերը»։
Վրաստանի նախագահն անդրադարձել է նաև Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիային և նշել, որ աշխարհը կանգնած է ավելի անմիջական, դաժան և համապարփակ մարտահրավերի առաջ՝ Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման տեսքով։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմն իսկապես պատերազմ է ժողովրդավարության, ազատության և մարդկային արժանապատվության դեմ։
«Սա ևս մեկ հիշեցում է վաղեմի իմպերիալիստական նկրտումներով, սահմանափակումներ չունեցող ավտորիտար ռեժիմների հետևանքների մասին: Հիշեցում այն մասին, որ ժողովրդավարությունները պետք է ուժեղ լինեն ներսից, այսինքն՝ աջակցություն ստանան միասնական քաղաքացիական հասարակության կողմից և համախմբվեն միջազգային հարթակում՝ պաշտպանելու միջազգային իրավունքի հաստատված սկզբունքները»:
- Տեսանյութ նրանց մասին, ովքեր պաշտպանեցին Վրաստանում խոսքի ազատությունը
- «Ճանապարհ դեպի խաղաղություն». Փաշինյանը՝ ժողովրդավարության գագաթնաժողովին
- ԱՄՆ դեսպանը կոշտ է արձագանքել Վրաստանի վարչապետի քննադատությանը
Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Սալոմե Զուրաբիշվիլին է Վրաստանը ներկայացնելու Ժողովրդավարության գագաթնաժողովում, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությունն է։
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի ներկայացուցիչն էր եղել նաև 2021 թվականին։ Այդ ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացատրեց, որ Զուրաբիշվիլին «կառավարության որոշմամբ» է Վրաստանի անունից մասնակցելու գագաթնաժողովին։
Գագաթնաժողովի նպատակն է համախմբել համախոհ երկրներին կոռուպցիայի և ավտորիտարիզմի դեմ պայքարի և մարդու իրավունքների լավագույն պաշտպանության շուրջ։