Վրաստանի նախագահ. «Ի՞նչ տարբերություն՝ կփոխվի՞ «գործակալների» օրենքը, թե՞՝ ոչ»
Զուրաբիշվիլին՝ ԵԽ գլխավոր քարտուղարի այցի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ու նրա ղեկավարած պատվիրակությունը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանի «չճանաչված իշխանությունների» հետ քննարկելու համար հանձնաժողով ձևավորելու համապատասխան մանդատ և իրավունք չունեն: Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է երկիր ժամանած ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի այցի վերաբերյալ հատուկ ճեպազրույցի ժամանակ։
Նախագահն ասում է, որ Եվրոպայի խորհրդի՝ որպես հնագույն եվրոպական կազմակերպության պարտականությունն է հանդես գալ «ժողովրդի նկատմամբ բռնության, նրա բոլոր իրավունքների սահմանափակման» դեմ։
Վրաստան այցելած Ալեն Բերսեն հայտնել է, որ երկրի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ պահանջել է ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված բոլոր անձանց, ինչպես նաև իշխանություններից «օտարերկրյա գործակալների մասին» սկանդալային օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ խոստում է ստացել։ Բերսեն հավելել է, որ դրա համար կստեղծվի միջազգային աշխատանքային խումբ։
Սակայն վրացական հասարակությունում այս հաղորդագրությունը բացասական արձագանք է գտել, քանի որ շատերի կարծիքով՝ այն փաստացի լեգիտիմացնում է «Վրացական երազանք» կուսակցության կառավարումը և նպատակ ունի շեղել ուշադրությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջից։
Ալեն Բերսեն նաև պարզաբանել է, թե ինչի մասին է դեկտեմբերի 18-ին զրուցել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
«Այդ հանդիպումն այնպիսին էր, ինչպիսին մյուս բոլոր հանդիպումները։ [Մենք խոսել ենք] Վրաստանի՝ եվրոպական ընտանիքում գտնվելու կարևորության, ստանձնած պարտավորությունների մասին…»,- նկատել է Բերսեն։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և Իվանիշվիլիի հանդիպման նկատմամբ բարձր հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում։
Սալոմե Զուրաբիշվիլին այդ առնչությամբ հայտարարել է. «Վերջերս հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և նրա ղեկավարած պատվիրակության հետ, որոնք մի փոքր շփոթված էին։
Այս կազմակերպությունն ունի մեկ պատասխանատվություն և պարտականություն՝ արտահայտվել, երբ իր անդամ երկրներից մեկում տեղի է ունենում այն, ինչ Վրաստանում է կատարվում՝ բռնություն մարդկանց նկատմամբ, նրանց բոլոր իրավունքների սահմանափակում։ Այդ ամենի դեմ բողոքելը, դատապարտելը, հավանաբար, կազմակերպության առաջնային պարտականությունն է։
Ես գլխավոր քարտուղարին և նրա ղեկավարած պատվիրակությանը հստակ բացատրեցի, որ նրանք չունեն չճանաչված լիազորություններով անձանց հետ հանձնաժողով ձևավորելու ո՛չ մանդատ, ո՛չ պարտականություն, ո՛չ էլ իրավունք, առավել ևս «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերանայման համար։
Ի՞նչ տարբերություն՝ կփոխվի՞ ռուսական օրենքը, թե՞՝ ոչ։ Սա լավագույն օրինակն է, թե ինչպես է այս կառավարությունը ստում արդեն երկար տարիներ։ Բայց դրանով նրանք չեն մոլորեցնի ո՛չ վրացի ժողովրդին, ո՛չ էլ գործընկերներին, որոնք շատ լավ հասկանում են Վրաստանի ներկայիս վիճակը»։