Զոհվածների եղբայրները կազատվեն զինծառայությունից
Զոհվածների եղբայրները կազատվեն զինծառայությունից։ Փետրվարի 17-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Առաջիկայում այն կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։
Գործող օրենքի համաձայն՝ քաղաքացին պարտադիր զինծառայությունից ազատվում է, եթե ընտանիքի միակ արու զավակն է և նրա ընտանիքի անդամը՝ ծնողը, եղբայրը կամ քույրը զոհվել է ծառայության ընթացքում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ կան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները, սակայն, ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում են:
Նոր կարգավորման համաձայն՝ ծառայությունից ազատման հնարավորություն է տրվելու զոհված զինծառայողների եղբայրներին՝ անկախ ընտանիքի միակ արու զավակը լինելու հանգամանքից։
«Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,- ասված է հիմնավորման մեջ։
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Թե փոփոխության արդյունքում քանի քաղաքացի է ազատվելու զինվորական ծառայությունից, չի հաղորդվում, նշվում է միայն, որ այդ «քաղաքացիների թիվը մեծ չի լինելու»։
Գործադիրը նախագիծն ընդունել է չզեկուցվող հարցերի փաթեթով։ Առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։