Զինադադարի օտարերկրյա համը
Իրադարձությունների ամփոփում հակամարտության գոտոմ 2016թ-ի ապրիլի 6, 13:00 — ապրիլի 7, 13:00
Տեղեկատվություն Բաքվից
Նորություններ հաստատված աղբյուրներից
Բաքվում մեկօրյա աշխատանքն ավարտեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Այդ ընթացքում Բաքվում էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Բանակցությունների գլխավոր թեմաներն երկուսն էին՝ աջակցություն կողմերին ռազմական դիմակայությունը դադարեցնելու գործում և ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ անհապաղ նոր բանակցային գործընթացի սկիզբ:
«Մենք հստակ առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ աշխատում ենք ավելի ակտիվորեն գործարկել», — ասել է Լավրովը:
Հաղորդվում է նաև, որ նախապատրաստվում են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցերը Երևան և Բաքու:
Միլի Մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը հայտարարեց, որ ոչ մի լավ բան չի սպասում համանախագահների այցից: «Նրանց գործունեությունը երկար տարիների ընթացքում ուղղված է եղել ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոյի պահպանմանը: Ի՞նչ նրանք կարող են առաջարկել այսօր», — ասել է պատգամավորը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ, ապրիլի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ ադրբեջանական և հայկական զինված ուժերի գեներալները վերջնական պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում կրակի դադարեցման վերաբերյալ:
Սակայն ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը հայկական ուժերը շարունակում են կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնել է նախարարությունը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տվյալների համաձայն, քառօրյա մարտերի արդյունքում շփման գծում զոհվել է 31 ադրբեջանցի զինծառայող:
Այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգախլին այսօր սպառնացել է. «Եթե հայկական ուժերը չդադարեն խախտել զինադադարի ռեժիմը, ինչպես դա անում են այժմ, նրանց դեռ շատ անակնկալներ են սպասվում»:
Բաքվի փողոցներում ապրիլի 6-ին անցկացվեցին տարերային ակցիաներ: Երիտասարդությունը դրոշներով վանկարկում էր հայրենասիրական կարգախոսներ:
Սոցցանցեր
Թրենդ առաջին. միավորվելու տենչանք
Ադրբեջանական սոցցանցերում զինադադարի հայտարարումից հետո հիասթափության ալիք բարձրացավ: Բոլորն այս երեք օրն ընկալում են որպես ազգի միավորման աննախադեպ փուլ:
«Առաջարկում եմ ազգային միաբանության օրը նշել ոչ թե դեկտեմբերի 31-ին, այլ ապրիլի 2-ին»:
«Ես մեր ազգին այսպիսի միահամուռ չեմ տեսել արդեն 20 տարի»:
Թրենդ երկրորդ. թեթևակի անհամաձայնություն հասարակությունում առկա ռազմական տրամադրությունների հանդեպ
«Ազատության պողոտայում ավտոերթ է «Ղարաբաղ» դրոշներով ու կարգախոսներով: Ուշքի՛ եկեք, եղբայրներ: Խումարը ծանր է լինելու: Հնարավոր է, նույնիսկ վաղը՝ Լավրովի այցի նախօրեին»:
Ֆեյսբուքում «Հայերն ու ադրբեջանցիները դեմ են պատերազմին» գաղտնի խումբ է բացվել: Կազմակերպիչները դեռևս խուսափում են հրապարակայնացնել իրենց նախաձեռնությունը:
Թրենդ երրորդ. հուսախաբություն և հոգնածություն
«Ապրիլյան այս 5 օրերին զոհված 31 զինվորին գումարում ենք դեկտեմբերին նավթային պլատֆորմում մահացած 31 աշխատակիցներին և մայիսին բնակելի շենքում բռնկված հրդեհի 15 զոհերին (որոնցից 5-ը երեխաներ էին)»:
«Նյարդեր ենք կոփում ծաղրուծանակի հաջորդ 10 տարիների համար»:
«Դժբախտ զինվորներ՝ աշխարհի դաժան տիրակալների խաղատախտակին»:
Փորձագիտական կարծիք
«Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի նախագահ Արաստուն Օրուջլու.
«Բացարձակապես պետք չէ հիասթափվել հայտարարված զինադադարի պատճառով: Իմ կարծիքով, այժմ, ամենամոտ ապագայում կսկսվեն իրական խաղաղության շուրջ բանակցություններ, և միջազգային հանրությունը, նվազագույնը հաշվի առնելով ներքոնշյալ գործոնները, լուրջ ճնշում կգործադրի Հայաստանի վրա և կստիպի նահանջել, քանի որ.
Ադրբեջանը ցուցադրեց ամեն րոպե պատերազմ սկսելու իր ունակությունը՝ առանց հաշվի նստելու, թե որքան ժամանակ է անցել:
Ադրբեջանի համար այսօր էլ տարածքային ամբողջականությունն օրակարգում է որպես գլխավոր հարց:
Քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չարժե խոսել անգամ տարածաշրջանում որևէ կայունության և գլոբալ տնտեսական նախագծերի մասին:
Ադրբեջանը բավականաչափ ներուժ ունի կարճ ժամանակահատվածում հոգեբանական, ռազմական և ռազմավարական առավելությունն իր օգտին փոխելու համար:
Իհարկե, սա իմ կարծիքն է, և այն կարող է նաև սխալ լինել, բայց ամեն դեպքում ես վստահ եմ, որ հիասթափության պատճառներ չկան: Եկեք լավատես լինենք»:
Տեղեկատվություն Երևանից
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Հակառակորդը հետ է շպրտվել»:
Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ապրիլի 6-ին ժամը 10:35-ից մինչև 23:00 սահմանները Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ:
Ապրիլի 6-ի առավոտյան հայկական լրատվամիջոցները, վկայակոչելով ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, հաղորդեցին, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
Սակայն, ապրիլի 5-ին, երեկոյան հայկական Առաջին ալիքը, վկայակոչելով ԼՂՀ Պաշտպանության բանակը, հաղորդում էր շփման գծում կրակոցների մասին: Իսկ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լուրերի երեկոյան թողարկման ուղիղ եթերում հայտարարեց. «Ապրիլի 1-4-ը տեղի ունեցած իրադարձությունների համեմատ վերջին ժամերի կրակոցները կարելի է անէական համարել»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի կայքում, որը ճգնաժամով պայմանավորված Վիեննայում արտահերթ նիստ անցկացրեց, հայտարարություն էր տեղադրվել, որում կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողություններն ու լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Հայտարարվում էր նաև, որ իրավիճակի վատթարացումը վկայում է համանախագահների միջնորդությամբ անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին: Իսկ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում հայտնել է, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագաներն ապրիլի 9-ին կժամանեն Երևան։
ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանի հաղորդմամբ, քառօրյա այս դիմակայության ընթացքում հայկական կողմը տվել է 29 զոհ՝ 7 սպա և ենթասպա, 101 վիրավոր՝ 29-ը սպա ու ենթասպա:
Լեռնային Ղարաբաղի հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի» կայքում գրել է. «Հայկական կողմը պնդում է, որ հակառակորդից հետ է վերցրել նախորդ օրերին գրավված բոլոր ռազմական հենակետերը՝ 3-ը հյուսիս-արևելքում՝ Թափկարակոյունլու-Մատաղիս/Թալիշ ուղղությամբ, 5-ը՝ հարավ-արևելյան՝ Կազախլար-Արալեռ հատվածում»: Ընդ որում, փորձագետը նշում է, որ այդ տվյալները թեև պաշտոնական են, սակայն չեն կարող լինել վերջնական:
Սոցցանցեր
Թրենդ առաջին. հույսներս միայն մեզ և մեր բանակի հզորության վրա կարող ենք դնել
Հայկական մամուլը վրդովված գրում է, որ ԵԱՏՄ-ն որոշել է չեղյալ հայտարարել Երեւանում նախատեսված կազմակերպության վարչապետների հանդիպումը՝ Արցախում իրավիճակի սրման պատճառով, քանի որ «Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ գագաթնաժողովը կգնահատվեր որպես աջակցություն հակամարտության կողմերից մեկին»:
«Աստված իմ, աշխարհում 230 երկիր կա, և այս բազմազանությունից մեզ դաշնակից ես ընտրել հենց սրանց: Ի՞նչ ենք քեզ արել»: Պատասխանն այսպիսին էր. «Քանի որ ընկերներին մենք ինքներս ենք ընտրել»:
«Ղազախստանն առաջարկել է ԵԱՏՄ գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնել, այլ ոչ թե Երևանում: Ռուսասատանն էլ է, կարծես, կողմ: Սուլթանին չնեղացնելու համար է, հա՞: Շատ տարօրինակ է դաշնակցի համար»:
Թրենդ երկրորդ. Զինադադարը հազիվ թե երկար տևի
«Ես գրեթե կասկած չունեմ, որ ռազմական գործողությունները վերսկսվելու են մոտ ապագայում: Ցավոք: Զինադադարը պետք է միայն, որ կողմերը մի քիչ ուշքի գան»:
Թրենդ երրորդ. Պետք է լավատեսություն դրսևորենք դրականը տեսնենք նույնիսկ ամենաողբերգական պահերին
«Զարմանալի պատահականություն է. ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Երևանի ծննդատներից միայն մեկում 20 երեխա է ծնվել՝ հենց այնքան, որքան տղաներ մենք կորցրինք Ղարաբաղում հակառակորդի գնդակից»:
Բացի այդ, տարածված կատակ է. «Հայաստանը միակ երկիրն է, որից քաղաքացիները մեկնում են խաղաղ ժամանակ և վերադառնում՝ պատերազմի ժամանակ»:
Թրենդ չորրորդ. ուրախանալու ժամանակ չէ. պետք չէ մոռանալ նրանց, ովքեր զոհվեցին և ովքեր սգում են նրանց մահը
«Մարդի՛կ, մի՞թե հաղթանակի համը կամ, ավելի ճիշտ, զինադադարն այդքան կուրացրել է ձեզ: Տհաճ է կարդալ ցինիկ կատակներն ու «օրվա աֆորիզմները»: 29 կյանք այլևս երբեք ետ չես բերի, վիրավորվել է 70-ից ավել մարդ, Թալիշում դաժանաբար սպանվել է ընտանիք, իսկ դուք կատակներ եք անում: Չի կարելի այդքան չգնահատել մարդկային կյանքը. նրանք վճարել են ձեր հանգիստ կյանքի համար»:
Թրենդ հինգերորդ. պետք է պահպանել միասնականության ոգին, որը կրկին առաջացավ վտանգի պահին
«Մենք չպետք է կորցնենք այս կապը, միասնությունը, մենք չպետք է միավորվենք միայն վտանգի պահերին: Պետք չէ հերոսներին փնտրել միայն մահացածների մեջ, նրանք քիչ չեն նաև մեր կողքին, պարզապես պետք է նկատել և գնահատել նրանց»:
Փորձագիտական կարծիք
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը 1in.am-ի հետ զրույցում նշել է.
«Ադրբեջանի կողմից հարձակման յուրաքանչյուր դեպք կապված է լինում դիվանագիտական օրացույցի և հանդիպումների հետ: Սրանով ադրբեջանական կողմը ցույց է տալիս իր հուսահատությունը, և որ չի հարգում միջազգային հանրությանը: Սա ավելի շատ ուղերձ էր միջազգային հանրությանը, քան Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Եվ սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն այսօր ավելի մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Մի բան պարզ է. մենք պիտի պատրաստ լինենք հետագա էսկալացիաների, մասնավորապես՝ ապրիլի 24-ին և դրան հաջորդող օրերին: Սրացումներ կլինեն հատկապես ամռանը: Սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, այլև Մինսկի խմբի միջնորդներին և միջազգային հանրությանը, ովքեր ավելին պիտի անեն այս փխրուն զինադադարն ամրապնդելու համար»:
- ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այն ստեղծվել է 1992թ.: 2016թ. սկզբի տվյալներով Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (ՌԴ), Պյեռ Անդրեն (Ֆրանսիա)՝ 2014-ի հունիսից և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ 2013-ի գոստոսի 6-ից: Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը:
JAMnews-ի դոսյե
- JAMnews-ը հաղորդել է զինված հակամարտության սկզբի մասին:
- Հակամարտության կողմերի պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն իրարամերժ է և թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե ով է սկսել ռազմական գործողությունները, ով՝ պատասխանել: Միջազգային աղբյուրները դեռևս նույնպես չեն կարողանում պատասխանել այդ հարցին:
- ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այն ստեղծվել է 1992թ.: 2016թ. սկզբի տվյալներով Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (ՌԴ), Պյեռ Անդրեն (Ֆրանսիա)՝ 2014-ի հունիսից և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ 2013-ի գոստոսի 6-ից: Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է՝ 07.04.2016