Վրաստան այցելելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր է հունիսի 1-ից
Զբոսաշրջիկների բժշկական ապահովագրություն Վրաստանում
Հունիսի 1-ից Վրաստան մուտք գործելու համար պետք է ունենալ բժշկական ապահովագրություն։ Այն պետք է ներկայացվի ռուսերեն, անգլերեն կամ վրացերեն։ Ապահովագրության բացակայության դեպքում նախատեսված է տուգանք 300 լարիի (մոտ 45 հազար դրամ) չափով։
2024 թ․-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից Վրաստան է մեկնել ավելի քան 191 հազար զբոսաշրջիկ։ Տարեսկզբին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հայտարարվել էր, որ 2023-ին գրեթե 1 մլն հայ զբոսաշրջիկ է այցելել հարևան երկիր։
«Սա կարևոր է մեր երկրի տնտեսական զարգացման համար»,- շեշտել էր Վրաստանի այժմ արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին։
Ի՞նչ է սահմանվել օրենքով
Պարտադիր բժշկական ապահովագրության պահանջը սահմանվել է «Զբոսաշրջության և հանգստավայրերի մասին» նորացված օրենքում։ Վրաստանի խորհրդարանն այն ընդունել է դեռևս 2023 թ․-ի վերջին։
Ապահովագրությունը պետք է ծածկի առնվազն 5000 դոլար կամ եվրո շտապ ամբուլատոր ծառայությունների և 30․000 դոլար կամ եվրո ստացիոնար բուժման ծախսերը։
Ապահովագրության բացակայության դեպքում զբոսաշրջիկները կտուգանվեն։ Իսկ մեկ ամսվա ընթացքում նշանակված տուգանքը չվճարելու պարագայում նրանց նկատմամբ կկիրառվի 900 լարիի չափով տույժ մոտ՝ 125 հազար դրամ։
Հայաստանի ապահովագրական ընկերությունների փոխանցմամբ՝ 10-օրյա ճանապարհորդական ապահովագրության արժեքը կտատանվի 3700-4500 դրամի սահմաններում։
Քանի՞ հայ է այցելում Վրաստան․ վիճակագրություն
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2024 թ․-ի առաջին եռամսյակում Վրաստան է այցելել 938․644 զբոսաշրջիկ։
Զբոսաշրջային այցելությունների թվով առաջատար երկրներն են՝
- Թուրքիա- 254.577,
- Ռուսաստան- 215.468,
- Հայաստան- 191.830,
- Ադրբեջան- 51.466,
- Իսրայել- 46.789 այցելու։
Հարկ է նկատի ունենալ, որ ամռան ամիսներին զբոսաշրջիկների հոսքն ավելի մեծ կլինի։ Օրինակ՝ 2023 թ․-ի ամռանը Հայաստանից Վրաստան էր այցելել 736․086 զբոսաշրջիկ։ Առաջատարների հնգյակն էլ ուներ հետևյալ տեսքը՝
- Ռուսաստան՝ 1․149․053,
- Թուրքիա՝ 1․081․419,
- Հայաստան՝ 736․086,
- Իսրայել՝ 182․651,
- Ադրբեջան՝ 147․195 այցելու։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Զբոսաշրջիկների բժշկական ապահովագրություն Վրաստանում