Աղոթք միայնության մեջ․ Զատիկի նախօրեին Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում
Այս տարի ապիրլի 12-ին առաջին անգամ Հայաստանում Զատիկի արարողությունները կանցկացվեն դռնփակ։ Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Քրիստոսի հարության տոնը հավատցյալների ֆիզիկական բացակայության պայմաններում։ Սակայն եկեղեցական արարողությանը հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ ինչպես և նախորդ տարիներին։
Հայ առաքելական եկեղեցին ընդունեց այս որոշումը երկրում արտակարգ դրություն հայտարարելու հետ մեկտեղ։ Կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելու նպատակով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը։
Զատկի օրն առաջին անգամ դատարկ կլինեն նաև Էջմիածնի՝ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի բոլոր հինգ եկեղեցիները։ Տոնական պատարագը Մայր աթոռում կանցկացվի դռնփակ։ Սակայն և Էջմիածնում, և ամենուր Հայասատանում մարդիկ կնշեն տոնը՝ այս անգամ միայն տանը․ հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի դիմաց՝ աղոթքով, նաև ավանդական փլավով, ներկված ձվով ու գինիով։
- Վրաստանում տեղի կունենա Զատկի պատարագը, պատրիարքարանը չի պատրաստվում չեղարկել այն
- Վրաստանի բարձրադիր լեռներում գտնվող այս հայկական գյուղում 3 անգամ են նշում Զատիկը
Առողջությունն է կարևոր
Արդեն երրորդ շաբաթն է 55-ամյա Անահիտ Սարգսյանը դադարել է հաճախել եկեղեցի։ Նա ապրում է Էջմիածնում, որտեղ գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Մայր տաճարը։ Տարիներ շարունակ ամեն կիրակի պատարագին մասնակցելու ավանդույթը խախտած կինը նեղսրտած է։ Բայց ժամանակավոր արգելքները համարում է հիմնավոր։
«Հետևում եմ հոգևորականներից շատերի ֆեյսբուքայն էջերին։ Նրանց միջոցով տեղեկանում, թե որ ժամին միանամ հանրային կամ «Շողակաթ» հեռուստաընկերությունների ուղիղ եթերին, որրպեսզի տանից մասնակցեմ մատուցվող պատարագին։ Հոգևորականների հետ միասին աղոթում եմ։ Առողջությունն այս դեպքում խիստ կարևոր է, պետք չէ վտանգել։ Մենք համբերատար կսպասենք լավ օրերին», — ասում է մասնագիտությամբ մանկավարժ Անահիտը։
«Էջմիածնի դեպքը»
Երևանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Էջմիածինը հայտնվեց սոցիալական ցանցերի ուշադրության կենտրոնում, երբ առողջապահության նախարարությունն այն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն։ Լրատվամիջոցները սկսեցին գրել «Էջմիածնի դեպքի» մասին։
Խոսքը քաղաքի բնակչի մասին էր, որը մարտի 1-ին կորոնավիրուսով վարակված վերադառնալով Միլանից, տասն օր շարունակ շփվել էր տարբեր մարդկանց հետ, մասնակցել որդու բազմամարդ նշանադրությանը։
Այս կնոջ հետ կոնտակտի մեջ եղած մարդկանց մեծ մասը վարակված էր։ Ավելին, այդ պահին Հայաստանում ընդհանուր վարակակիրների թվի մեջ գերակշռում էին Էջմիածնի բնակիչները։
Որպես հետևանք, մարտի 15-ից մոտ 50 հազար բնակիչ ունեցող քաղաքը հայտնվեց կարանտինում։ Մեկ շաբաթ Էջմիածնի 27 մուտքերից բաց էին միայն երեքը։ Մարդկանց ջերմաչափում էին, հետո միան թույլ տալիս դուրս գալ քաղաքից՝ նրանց, ում դա անհրաժեշտ էր։
Այժմ էլ, ինչպես արդեն ամենուր Հայասատանում`Էջմիածնի փողոցները դատարկ են։
Եկեղեցու մոտեցումը
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ուղերձ հղեց Հայաստանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ՝ հորդորելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին զգուշություն ցուցաբերել և խուսափել շփումներից։
Եպիսկոպոսաց ժողովի որոշմամբ, եկեղեցիների ծառայության ժամեր են սահմանվել յուրաքանչյուր օր 9։00-ից մինչև 19։00-ը։ Այդ ժամերին հավատացյալները կարող են գալ եկեղեցի՝ անհատական աղոթքների համար։
«Պատարագի արարողություններն անցկացվում են դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը։ Տեղի չեն ունենում պսակի արարողություններ։ Հուղարկավորությունների պարագայում, կատարվում է միայն Գերեզմանի կարգը՝ հորդորելով հարազատներին ձեռնպահ մնալ հուղարկավորության և հոգեհացի մարդաշատ հավաքների կազմակերպումից», — ասում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Ինչ են մտածում էջմիածնեցիները
«Զատիկն ընտանեկան տոն է։ Այս տարի էլ այպես կանցկացնենք, ոչինչ, հեռահար կհետևենք պատարագին, տանը կաղոթենք։ Այս արտակարգ իրավիճակը համընկավ մեծ պահքի ժամանակաշրջանին։ Կարծում եմ, պատահական չէր։ Սա հնարավորություն էր լինել մեր ընտանիքների հետ, մեր երեխաների կողքին ավելի շատ ժամանակ անցկացնել, գնահատել մեր ունեցածը», — ասում է Անահիտ Սարգսյանը։
Էջմիածնի մեկ այլ բնակիչ, 46-ամյա հաշվապահ Լիլիթ Վարդնայնանն էլ, անկախ ամեն ինչից, պատրաստվում է Զատկի արարողություններին․
«Քրիստոնյա մարդու համար մի տեսակ անսովոր է՝ չգնալ եկեղեցի, չլսել պատարագը, չվերցնել հաղորդությունը։ Բայց աստված ամենուր է մեզ հետ։ Զատիկը Ամանորից շատ եմ սիրում, ցուցամոլություն չի լինում։ Զատիկը ոչինչ չի պարտադրում։ Ձուկ, փլավ, բանջար՝ բոլորին հասանելի է։ Իհարկե, շատ լավ է, երբ գնում ես պատարագին, օրհնությունը ստացած տուն վերադառնում, դա մի աննկարագրելի զգացողություն է։ Այս տարի էլ կամովի կհրաժարվենք դրանից»։
Զատիկին ընդառաջ մարդիկ գնումներ են փորձում կատարել, պատրաստվել տոնական սեղաններին։ Սակայն կորոնավիրուսի տարածման հետևանքով չաշխատող քաղաքացիներից շատերն արդեն ֆինանսական խնդիրների առաջ են հայտնվել։
«Էջմիածնում մարդկանց գերակշռող մասը օրավարձով են աշխատում` մատուցողներ, վարսավիրներ, հացթուխներ, տաքսիստներ։ Մարդիկ հիմա աշխատանքի չեն, գումար չի գալիս ձեռքները։ Դժվարությամբ են խանութ մտնում առևտուր անելու, խուսափում են շատ գնումներից։ Ժամերով սպասում եմ, որ մեկը խանութ մտնի։ Փողի պակասություն են մարդիկ զգում», — ասում է բանջարաեղենի խանութի աշխատակից Թամարա Ստեփանյանը։
Դժգոհում են նաև տաքսու վարորդները. քչերն են հիմա տներից դուրս գալիս։
«Գործը կանգնած է։ Բայց եթե պատվեր եմ ունենում, անմիջապես աղտահանում են բռնակները, ներսից, դրսից, անվտանգությունը պահպանում եմ։ Միակ լավ բանն այս օրերին այն է, որ վառելիքն է մի քիչ էժանացել։ Զատիկից հետո, հուսամ, կարատինը կավարտվի ու լավ կգնան մեր գործերը», — ասում է տաքսու վարորդ Արմեն Մկրտչյանը։
Ինչ փոխվեց մարդկանց կյանքում
Նկարիչ-դիզայներ Ներսես Մելիքյանի աշխատանքներն այս տարվա Զատիկին քաղաքի հրապարակը չեն զարդարելու՝ սովորականի պես։
Ինքնամեկուսացման պայմաններում նա նոր գործ է սկսել, հաճախ օրն էլ չի բավականացնում իրեն։
Շարականների հնչյունների տակ Ներսեսը արվեստանոցում սկսել է աշխատել տաս մետրանոց կտավի վրա, որն ամբողջովին փռված է հատակին։
«Մի երկու տարի առաջ էի այս կտավը պատվիրել Իտալիայից։ Շատ ուզում էի այս գործը կյանքի կոչել վրա աշխատել, բայց ժամանակս չէր բավականացնում, նաև պահը չէր հասունանում։ Կորոնավիրուսը հնարավորություն տվեց մեկուսանալ, ու այս գործը սկսել։ Ինքս ինձ տեսանկարահանում եմ՝ այս ամբողջ պրոցեսը, խորհում եմ երկար։ Մենակություն է, որի կարիքն ունեի՝ ստացա», — ասում է նկարիչը։
Դաշնակահարուհի Թամարա Հակոբյանն էլ ասում է, չի հիշում, որ քաղաքը Զատկին ու տոնին նախորդող ավագ շաբաթ այդքան դատարկ եղած լինի․
«Տանը մնալը սկզբում էր դեպրեսիվ ինձ համար, հետո հունի մեջ ընկա, գծեցի կյանքի այս հատվածի համար անհրաժեշտ իմ մոդելը։ Ինքնամեկուսացումն օգտագործում եմ նոր օտար լեզու`գերմաներեն սովորելու համար, օնլայն այցելում աշխարհի թանգարաններն ու ցուցասրահները, վայելում համաշխարհային արվեստի գործերը։Ընկերներով էլ խմբակային չաթ ենք բացել, զրուցում ենք՝ ամեն մեկս իր սուրճի բաժակով։ Երաժշտական դպրոցի երեխաների հետ դասերն անում ենք հեռավար՝ այնքան ոգևորված են երեխեքը նվագում տնայինները։ Կարծում եմ, Զատիկի տոնից հետո ավելի լավ օրեր կգան բոլորիս համար», — ասում է Թամարան։
Հեղինակից․
«Ես ապրում եմ Էջմիածնում արդեն 26 տարի։ Երբ ամուսնանալուց հետո տեղափոխվեցի այստեղ, կարծում էի, որ այս քաղաքը երբեք իմը չի դառնա։ Բայց վերջին մեկ ամսվա արտակարգ իրավիճակից ու ինքնամեկուսացումից հետո, զգացի, որ դարձել է մի մասս, հարազատ է։ Ու ես նեղվում եմ դատարկ փողոցներից, աղմուկի բացակայությունից, խցանումների պակասից։ Նեղվում եմ ու հարմարվում։ Ինձ այս ամենը սև-սպիտակ կինո է հիշեցնում։
Ինքնամեկուսացումը՝ Էջմիածնում ու հատկապես մեծ պահքի շրջանում, մաքրվելու, աշխարհին այլ աչքերով նայելու հնարավորություն է։ Այս քաղաքում մի յուրահատուկ հոգևոր էներգետիկա կա։ Մեկուսացումը հնարավորություն տվեց դա զգալու։ Ապրել այս քաղաքում, նշանակում է ամեն առավոտ արթնանալ հեռվից ականջիդ հասնող եկեղեցու զանգերով։ Զգացողություն է, որը ուժ է տալիս, որ ապրես։
Ես լրագրող եմ, այս նյութի հեղինակը։ Կարանտինի օրերին, երբ աղմկոտ հայկական ընտանիքի բոլոր անդամները տանն են, գրեթե անհնար է առանձնանալ ու աշխատել։
Ու ես ինձ համար «գրասենյակ» գտա`Սուրբ Գայանե եկեղեցու բակում։ Հիանալի վայր է`մտածելու, ինքդ քեզ հետ մենակ մնալու համար։ Ւնձ հետ վերցնում եմ համակարգիչս ու թերմոսով սուրճ։ Բնական, հարմարավետ ու տրամադրող տարածք, որտեղ աշխատելու համար պետք չէ վճարել։ Ինքնամեկուսացման շնորհիվ բացահայտեցի այս ձևաչափով աշխատելու հնարավորությունը։ Դեռ չգիտեմ, թե որքան կշարունակվի, բայց անկեղծ`ինձ դուր է գալիս»։