Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15%-ն անցել է Հայաստանին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր կապիտալի 15%-ն անցել է Հայաստանին՝ որպես սեփականություն։ «Արդյունաբերական ընկերությունը» ՀՀ կառավարությանն է նվիրաբերել իր 25% բաժնետոմսերը։
«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն գործարքի իրականացումը որակել է որպես «ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլ»։ Տրոցենկոն նշել է, որ մտադիր են ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, ինչը ենթադրում է, որ Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ․
«Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցում»։
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել «Արդյունաբերական ընկերությանը» Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում «մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու» համար:
«Այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում»,- ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ ասել է փոխվարչապետը։
Պապիկյանը վստահություն է հայտնել, որ այս համատեղ նախագիծը Հայաստանում «ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության» սկիզբ կդառնա, ինչի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները։
Հիշեցնենք, որ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է։ 2021թ. սեպտեմբերի 30-ին ընկերությունը ձեռք էր բերել կոմբինատի 60%-ը, որից 25%-ն (կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը) էլ նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։