«Պատրաստ ենք օգնել Թբիլիսիին երկխոսել Աբխազիա և Հարավային Օսիա երկրների հետ»․ Զախարովա
Զախարովան Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Թբիլիսիին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ՝ «որպես պետություններ» երկխոսելու հարցում։
Նա նաև պարզաբանել է, որ Վրաստանի իշխանությունների վերջին նախաձեռնությունը՝ ներողություն խնդրել Հարավային Օսիայի ժողովրդից 2008 թվականի օգոստոսին «Սաակաշվիլիի ռեժիմի» սանձազերծած պատերազմի համար, որոշակի հույսեր է ներշնչում։
Զախարովան նշել է, որ Սուխումը և Ցխինվալը նույնպես պատրաստ են «շրջել Վրաստանի հետ հարաբերությունների պատմության այդ ողբերգական էջը»։
Ի՞նչ է ասել Զախարովան
«Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև հետկոնֆլիկտային կարգավորման հարցերը քննարկվում են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան միջազգային բանակցությունների շրջանակում։
Մեր առաջնահերթությունները մեր աբխազական և հարավօսական դաշնակիցների հետ մնում են անփոփոխ։ Դրանք են՝
- Թբիլիսիի կողմից Ցխինվալի և Սուխումի դեմ ուժ չկիրառելու իրավաբանորեն պարտադիր երաշխիքներ,
- այդ հանրապետությունների հետ պետական սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկ։
Հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրականության նկատմամբ կողմերի մոտեցումների հիմնարար տարբերությունները` այս հարցերում առաջընթացի մասին խոսելն առայժմ հնարավոր չի թվում։
Մենք հասկանում ենք, որ ո՛չ Վրաստանում, ո՛չ Աբխազիայում, ո՛չ էլ Հարավային Օսիայում ոչ ոք ոչինչ չի մոռացել։ Բայց մի բան է հիշել և պահել հիշողության մեջ, մեկ այլ բան՝ առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման և Սաակաշվիլիից ժառանգություն մնացած խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Գորի քաղաքում ունեցած ելույթում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի և երկրի տարածքային ամբողջականության խախտման մեջ կրկին մեղադրել էր ոչ թե Ռուսաստանին, այլ նախկին կառավարությանը։ Երկրի ոչ պաշտոնական կառավարիչը նաև հայտարարել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության համար «Նյուրնբերգյան դատավարություն» անցկացնելու մասին և նշել, որ Վրաստանը պետք է ներողություն խնդրի Հարավային Օսիայից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել էր, որ Մոսկվան պատրաստ է հաշտեցնել կողմերին, եթե Վրաստանը հետաքրքրություն ցուցաբերի «հարևան երկրների»՝ «Աբխազիայի և Հարավային Օսիայի» հետ հաշտության հարցում։
Ժնևյան բանակցությունների հերթական փուլի նախաշեմին Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան հայտարարել էր, որ Վրաստանի ներողություն խնդրելը կարող է նպաստել վրաց-աբխազական հակամարտության կարգավորմանը։
Սուխումում Ժնևյան բանակցությունների համանախագահների հետ հանդիպման ժամանակ Շամբան հիշատակել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վերջին հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի կառավարությունը պատրաստվում է ներողություն խնդրել օսերից 2008 թվականի պատերազմի համար։ Նրա խոսքով՝ «եթե Թբիլիսին նույն կերպ վարվի աբխազների հետ և ներողություն խնդրի 1992-93 թվականներին Աբխազիայում պատերազմ սկսելու համար, դա կարող է առաջին քայլը դառնալ հաշտության ճանապարհին»,։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Զախարովան Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին