Երևանում քառասուն աստիճանից բարձր շոգ է սկսվում
Photolure
Երևանում բոլոր մոտակա օրերին շոգ եղանակ է լինելու ոչ միայն ցերեկը՝ քառասուն աստիճանից բարձր, այլ նաև երեկոյան՝ գրեթե 30 աստիճան:
«Երևանում օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին կհասնի 40 աստիճան ջերմության, իսկ հուլիսի 1-ից՝ 41 աստիճանի: Մոտական հինգ օրերին ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում, առանց տեղումների եղանակ է սպասվում», — հաղորդել է Հայհիդրոմետի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է նաև, որ շոգի հետ մեկտեղ մարդիկ ենթարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: Այդ կապակցությամբ խորհուրդ է տրվում երկար ժամանակ արևի տակ չմնալ:
Եթե օդերևութաբանների կանխատեսումներն արդարանան, ապա ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հաստատությունները ստիպված կլինեն աշխատակիցներին լրացուցիչ ընդմիջումներ տալ և աշխատանքային համապատասխան պայմաններ ստեղծել:
Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ «հատուկ դադարներ կարող են տրվել, եթե աշխատանքը կատարվում է 40 աստիճան ջերմությունից բարձր և 10 աստիճան ցրտից ցածր ջերմաստիճանային պայմաններում»:
Նախորդ տարիներին Երևանի և Հայաստանի մարզերի շատ բնակիչներ բողոքում էին, թե օդերևութաբաններն իրական ջերմաստիճանը չեն նշում: Շատերի կարծիքով՝ դա արվում էր, որպեսզի աշխատանքային օրը չկրճատվի: