Երևանում պատրաստել են 240 կիլոգրամանոց աղանդեր՝ գաթա
Երևանցիներն ու քաղաքի հյուրերն այսօր համտեսել են մինչ օրս պատրաստաված ամենաերկար գաթան: 40 մետր երկարություն և 40 սմ լայնություն ունեցող այս աղանդերը պատրաստելու համար աշխատել է մոտ 30 խոհարար: Այն կշռում էր 240 կգ: Թխվել է 2 օր, իսկ նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ շաբաթ:
Գաթան հայկական ավանդական թխվածք է, ունի քաղցր համ, պատրաստվում է խորիզով, որի մեջ մտնում է հալած կարագ, շաքարավազ և ալյուր: Հին ժամանակներում այն պատրաստում էին առավելապես տոնական կամ ծիսական առիթներով, իսկ այժմ այն ամենօրյա քաղցրեղեն է: Հին ժամանակներում տարբեր գավառներում ընդունված էին գաթայի պատրաստման տարբեր եղանակներ՝ կլոր, եռանկյունի, քառակուսի, լուսնաձև, չափերն էլ էին տարբերվում՝ մեծ կամ փոքր:
Որոշ ազգագրագետներ պնդում են, որ գաթան խորհրդանշում է ընտանիքի ամրությունը։ Այդ պատճառով էլ հարսանիքների ժամանակ պարում են` գաթան ձեռքում բռնած։
«Ընտրեցինք ամենասիրված և ավանդական թխվածքներից մեկը` գաթան։ Միշտ փորձում ենք առանձնահատուկ ներկայացնել մեր ազգային խոհանոցը։ Գաթան բացառություն չէ. ավանդական միջուկը` խորիզը, այստեղ փոխարինվել է տարատեսակ հայկական չրերով և նուշով», — պատմել է գաթան պատրաստած խոհարարական ընկերության ներկայացուցիչներից մեկը:
Ամենաերկար գաթայի շնորհանդեսի նախաձեռնողները կարծում են, որ այն շանս ունի հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում: Իսկ այսօր այն օգնեց շատերին ծանոթանալ Հայաստանի ազգային խոհարարական ավանդույթներից մեկին: