Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են առևտրաշրջանառությունն ավելացնել մինչև 1մլրդ դոլար
Հայաստանի և Վրաստանի իշխանությունները մտադիր են գրեթե կրկնակի ավելացնել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը: Այժմ այն կազմում է 489մլն դոլար:
«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, և մենք խնդիր ունենք, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանացնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին և այն էմոցիոնալ մակարդակին, որ հիմա գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: …Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի», — վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստան սկսվել է սեպտեմբերի 10-ին:
Հարաբերություններին նոր խթան հաղորդելու է կոչված տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը: Մոտ ապագայում կայանալու է հանձնաժողովի նիստը, որին պլանավորվում է ճանապարհային քարտեզ մշակել տնտեսական, քաղաքական, հումանիտար, մշակութային հարաբերությունների զարգացման համար:
Քաղաքագետ Ջոնի Մելիքյանը նշում է, որ միջկառավարական հանձնաժողովը շատ տարիներ առաջ է ստեղծվել, սակայն վերջին տարիներին այն գրեթե չի աշխատել.
«Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հանձնաժողովի նիստեր, մեծ հաշվով, չեն անցկացվել: Այդ ձևաչափի վերականգնման անհրաժեշտություն կա, քանի որ վերջին տարիներին կապերի բարելավման աշխատանքն իրականացվել է վերևից: Այսինքն՝ դրանով զբաղվել են երկրների ղեկավարները: Իսկ այժմ այդ աշխատանքն արվելու է ամենօրյա ռեժիմով»:
1մլրդ դոլար առևտրաշրջանառության ցուցանիշը հավակնոտ է, սակայն հասանելի նպատակ է, կարծում է փորձագետը: Մի շարք ոլորտներ կան, որտեղ Հայաստանն ու Վրաստանը կարող են զգալի առաջընթաց գրանցել.
«Խոսքը Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցումն է և տարանցիկ միջանցքների ստեղծման հնարավորությունը: Զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտը: Համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում»: