Երևանի մետրոպոլիտենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից հետո Երևանի մետրոյի կայարաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խստացվել է վերահսկողությունը:
Ոստիկանությունը մետրոյում և գետնանցումներում ստուգում է կասկածելի քաղաքացիների պայուսակները և ուսապարկերը: Վերահսկողություն է իրականացվում նաև տեսանկարահանող խցիկների միջոցով:
Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում նշել են, որ «մետրոն ռազմավարական օբյեկտ է, մենք պետք է աչալուրջ լինենք»:
«Նախազգուշական նման միջոցառումներն անհրաժեշտ են քաղաքացիների անվտանգության համար», — ասել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայության աշխատակիցն՝ ավելացնելով, որ նմանատիպ քայլեր են ձեռնարկել ԱՊՀ բոլոր երկրների մետրոպոլիտենները:
Հայաստանի բնակչությունն անտարբեր չի մնացել Սանկտ Պետերվուրբում տեղի ունեցած ողբերգությանը, որը 14 մարդու կյանք է խլել:
Ապրիլի երեքի երեկոյից սկսած մարդիկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ ծաղիկներ ու վառվող մոմեր են տարել ի հիշատակ պետերբուրգյան մետրոյում տեղի ունեցած պայթյունի զոհերի: