«Ալիևը փորձում է զբաղվել մաչոյիզմով»․ կարծիք Երևանից
Երևանի արձագանքը Ալիևի հայտարարությանը
«Ալիևը մաչոյիզմով է փորձում զբաղվել, փորձում է Մակրոնին, սեփական հասարակությանը ցույց տալ, որ ինքն է որոշում, թե ինչ ձևաչափով են տեղի ունենալու բանակցությունները»,- կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բրյուսելի միջնորդությամբ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել էր դրան մասնակցել միայն այն դեպքում, եթե ներկա լինի նաև Ֆրանսիայի նախագահը։
Ալիևի հնչեցրած այս հայտարարությանն արձագանքել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանն ու ընդգծել՝ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ «Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն»։
Ի՞նչ է հայտարարել Ալիևը, ինչպե՞ս է արձագանքել Երևանը, փորձագիտական կարծիք
«Խաղաղ բանակցությունները տապալելու փորձ է»․ Ալիև
Օրերս ելույթ ունենալով Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովի բացման ժամանակ՝ Իլհամ Ալիևը պատասխանել էր նաև միջոցառման օտարերկրյա հյուրերի հարցերին։ Ադրբեջանի նախագահը նշել էր, որ Հայաստանի վարչապետի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։
«Երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ հայտնեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն պայմանով, եթե դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- հայտարարել էր Ալիևը ու նշել, որ կդիտարկեն «այլընտրանքներ», կտեսնեն՝ ով և ինչ հարթակում հանդես կգա որպես միջնորդ։
Ադրբեջանի նախագահը Փաշինյանի պայմանը «խաղաղ բանակցությունները տապալելու փորձ» էր որակել։ Իսկ Ֆրանսիայի մասնակցությունը խաղաղության գործընթացին, ըստ նրա, «հակասում է Ադրբեջանի շահերին»։ Որպես պատճառ նա մեջբերել էր նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատական խոսքը, ինչպես նաև Ֆրասիայի խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի և Ագգային ժողովի «հակաադրբեջանական բանաձևերը»։
«Այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է, որ Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին։ Եվ դա ոչ թե մեր, այլ նրանց մեղքն է, քանի որ ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը երբևէ պաշտոնապես որևէ մեկի կողմը չեն բռնել»,- նշել էր նա։
Հայաստանը պատրաստ է հանդիպել «Պրահայի ձևաչափով»
Ի պատասխան Ալիևի հայտարարությունների՝ պաշտոնական Երևանից հիշեցրել են, որ Պրահայում կազմակերպված նախորդ հանդիպումը, որտեղ ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափով․
«Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Արտգործնախարարության ներկայացուցիչը «իրականության հետ որևէ աղերս չունեցող» է որակել Բաքվի հայտարարությունները, թե՝ «հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը»։
Հունանյանի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ «Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ նմանատիպ հայտարարություններով Ադրբեջանի նախագահը փորձում է ցույց տալ, որ հայ-ադրբեջանական գործընթացներն առաջ են ընթանալու իր թելադրանքով։ Նրա որակմամբ՝ Իլհամ Ալիևը փորձում է զբաղվել «մաչոյիզմով»։
«Ազատություն» ռադիոկայանի եթերում Գրիգորյանն ասել է, որ «ամենավտանգավորն այն է, որ այս գործընթացում Ադրբեջանը փորձում է մեղադրել Հայաստանին, իբր Երևանն է հրաժարվում արևմտյան ձևաչափից»։
«Օրինակ՝ Բաքվի քարոզիչները հայտարարում են, որ Երևանը՝ իմանալով, որ Ալիևը հրաժարվելու է Մակրոնի միջնորդությամբ հանդիպումից, հատուկ շեշտադրում է կատարել Մակրոնի մասնակցության վրա, որպեսզի հաջորդ հանդիպումները տեղի ունենան ռուսական միջնորդությամբ»,- նշել է նա։
Քաղաքագետն ասում է՝ նման «անլուրջ հայտարարություններ» տեղ են գտնում նաև արևմտյան փորձագիտական շրջանակներում, ուստի Հայաստանի արտաքին գերատեսչությունն ու պետական մյուս կառույցները պետք է աշխատեն այս ուղղությամբ։
Խոսելով Ֆրանսիայի Սենատի երկու պալատների ընդունած վերջին բանաձևերի մասին՝ Տիգրան Գրիգորյանը նկատում է՝ Ադրբեջանի նախագահը դրանք օգտագործում է որպես հարմար առիթ Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցություններից հրաժարվելու նպատակով:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում դեռևս միայն դիվանագիտական և ֆինանսատնտեսական է։
«Անհերքելի է այն փաստը, որ արևմտյան ներկայությունը մեր տարածաշրջանում դեռևս այն մակարդակի չէ, որպեսզի հնարավոր լինի ապահովել ինչ-որ գործընթացների շարունակականությունը կամ, ընդհանուր առմամբ, կայունությունը տարածաշրջանում»,- ընդգծել է Գրիգորյանը։
«Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է, այլև անընդհատ ընդգծում է իրավիճակի կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում երկու երկրներին օգնելու պատրաստականությունը»,- Ալիևի ելույթից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում Մոսկվան չունի ռուսաստանյան հարթակում հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու մտադրություն։
Տիգրան Գրիգորյանը ակնհայտ է համարում այն, որ բրյուսելյան հանդիպման տեղի չունենալը բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ Մոսկվան փորձում է հայ-ադրբեջանական համատեքստում ընթացքող բոլոր գործընթացները «պահել տարածաշրջանային տարբեր անձրևանոցների ներքո՝ լինի դա ռուսական, թե ռուս-թուրքական միջնորդությունը»։
Նրա դիտարկմամբ՝ ներկայիս փուլում Ռուսաստանն ավելի շատ հետաքրքրված է ապաշրջափակման գործընթացին առնչվող զարգացումներով։
«Ռուսաստանը մոտ ապագայում փորձելու է հենց այս օրակարգով առաջ շարժվել և ինչ-որ արդյունքների հասնել»,— ամփոփել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Երևանի արձագանքը Ալիևի հայտարարությանը