Երկու «ընտրված» ղեկավար միևնույն համայնքում․ հետընտրական կրքեր Փարաքարում
Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում իրենց ընտրված ղեկավար են հռչակել ՏԻՄ ընտրություններին մասնակցած թեկնածուներից երկուսը։ Նրանցից մեկը նախօրեին հանդիսավոր երդվել է։ Պատրաստվում է երկուշաբթի օրվանից անցնել պարտականությունների կատարմանը։
Իսկ մինչ այդ, մյուս թեկնածուի դաշինքը դիմել է վարչական դատարան ու բողոքարկել որոշումը։
Հետընտրական զարգացումների մասին։
Փարաքար խոշորացված համայնքի «հաղթած» ղեկավարներն են «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Մինասյանն ու «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը։
ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիրը» ստացել է ամենաշատ ձայները՝ 4637։ Երկրորդ տեղում ՝ 2609 ձայնով «Քաղաքացիական պայմանագիրն» էր, երրորդում՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը։
Երեք ուժերից ավագանու 21 հոգանոց կազմ էր ձևավորվել, որից 10-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանն էր , 11-ը՝ մյուս երկու ուժերինը միասին։
Թե ինչպես է ստացվել, որ համայնքում երկու ղեկավար է ընտրվել, անհայտ է։ Հայտնի է միայն մեկ բան՝ ավագանու մեկ նիստի փոխարեն անցկացվել է երկուսը։
Գրիգորյանի կողմնակիցները պնդում են՝ համայնքը պետք է ղեկավարի նա, ով ամենաշատ ձայներն է ստացել, Մինասյանի համախոհների կարծիքով՝ որոշումը ավագանունն է, իսկ 11-ը 10-ից մեծ թիվ է։
Ըստ հաղորդված տեղեկությունների՝ առաջին նիստը վարող «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչը «գրավոր առաջադրման համար թեկնածուներից փաստաթղթեր է պահանջել»։ Նրանք ընդմիջում են խնդրել, բայց այդպես էլ հետ չեն եկել։ Հենց այդ ընթացքում էլ «Ապրելու երկիրը» 10 ձայնով համայնքի ղեկավար է ընտրել Վալոդյա Գրիգորյանին։
Ավելի ուշ համատեղ նիստ են անցկացրել մյուս երկու ուժերը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ նիստի մասնակից ավագանու 11 անդամները Փարաքարի ղեկավար են ընտրել Դավիթ Մինասյանին։
ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիոն որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, պարզապես Դավիթ Մինասյանի օգտին են քվեարկել նաև ՔՊ անդամները։
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի [14-րդ հոդված] համաձայն՝ համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին:
Նույն օրենքը սահմանում է, որ եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, և նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու՝ նիստին ներկայացած անդամները:
Դեկտեմբերի 23-ին Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները ներկա էին թեկնածուներից Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությանը։ Արարողությունը կայացավ դրսում՝ Մշակույթի տան դիմաց։ Ոստիկանները Գրիգորյանին թույլ չտվեցին մուտք գործել համայնքապետարանի շենք՝ ասելով, որ գործը գտնվում է վարչական դատարանում։
«Դավիթ Մինասյան» դաշինքն է դիմել վարչական դատարան։ Վստահ են՝ Գրիգորյանն իրեն ապօրինի է համայնքապետ հռչակել։ Ուզում են վիճարկել ավագանու առաջին նիստի արձանագրությունն ու հրավիրել նոր նիստ՝ համայնքապետի ընտրությունն ավարտին հասցնելու համար։
Համայնքի բնակիչների դիտարկմամբ՝ ՔՊ-ն ընդամենը 2609 ձայն է ստացել ընտրություններում, բայց պայքարում է «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ Փարաքարի կառավարումը ստանձնելու համար։
Իբրև բողոքի ակցիա՝ Գրիգորյանի աջակիցները փորձեցին փակել Փարաքարից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Րոպեներ անց ճանապարհը բացվեց, 7 անձ էլ բերման ենթարկվեց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ համայնքապետարանի մուտքը բացվել է, բերման ենթարկվածներն էլ ազատ են արձակվել։
Փարաքար խոշորացված համայնքը ներառում է Փարաքարն ու ևս 8 գյուղ։ Թե ով կստանձնի համայնքի ղեկավարումը՝ դեռևս անհայտ է։
«Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչները որոշել են սպասել դատարանի վճռին։ Վալոդյա Գրիգորյանը նման մտադրություն չունի։ Երկուշաբթի օրվանից անցնելու է աշխատանքի։