Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենը՝ Ռուսաստանի և Թրամփի մասին
Հունիսի 8-ին ԱՄՆ Կոնգրեսում ցուցմունքներ է տվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին: Նա հեռացվել է իր պաշտոնից մեկ ամիս առաջ նախագահ Թրամփի կողմից: Կասկածներ են առաջացել, որ այդ որոշումը կապված էր ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննության հետ, որը վարում էր բյուրոն:
Ահա թե ինչ է հայտնի դարձել Ջեյմս Կոմիի ցուցմունքներից.
— ՀԴԲ-ն կասկածներ չուներ, որ Ռուսաստանը փորձել է կիբերհարձակումներ կազմակերպել ավելի քան հարյուր ամերիկյան կազմակերպությունների դեմ: Դա տեղի է ունեցել վերջին երկու տարվա ընթացքում ռուսական ղեկավարության իմացությամբ:
— Նախագահ Թրամփն ուղղակի ցուցումներ չէր տալիս, սակայն «հույս էր հայտնում», որ ՀԴԲ-ն կդադարեցնի ազգային անվտանգության գծով նախագահի նախկին օգնական Ֆլինի հանդեպ հետաքննությունը ռուս պաշտոնյաների հետ նրա կապերի վերաբերյալ:
— Ջեյմս Կոմին ուղղակիորեն մեղադրել է նախագահ Թրամփին փաստերի խեղաթյուրման համար՝ վերջինիս հայտարարությունները ՀԴԲ ղեկավարի պաշտոնից հեռացնելու մասին անվանելով «ուղիղ սուտ»:
Ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: Այն վարում է Սենատի հետախուզության կոմիտեն և հատուկ դատախազն արդարադատության նախարարությունից: