Եվրոպական դատարանն Ադրբեջանին տուգանել է մոտ 300 հազար եվրոյով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է Ադրբեջանի դեմ ևս երեք գործ։ Այդ վճիռների համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է հայցվորներին խոշոր գումար վճարել։ Ընդհանուր առմամբ, Եվրոպական դատարանն Ադրբեջանին տուգանել է 282 250 եվրոյով։
- Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ
- Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել օգոստոսյան պատերազմի մասին գործով։ Վրաստանում տոնում են հաղթանակը
Քաղբանտարկյալներն՝ ընդդեմ Ադրբեջանի
«Նիդա» ընդդիմադիր շարժման անդամներ Մամեդ Ազիզովի և Շահին Նովրուզլուի հայցերը հիմնավորված են համարվել։ ՄԻԵԴ-ը որոշել է, որ նրանց նկատմամբ խախտվել է մարդու իրավունքների մասին կոնվենցիայի երկու հոդված։
Ըստ դատարանի վճռի՝ Ադրբեջանը Մամեդ Ազիզովին պետք է վճարի 20 հազար դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և 1500 դոլար՝ դատական ծախսերի համար։
Շահին Նովրուզլուն պետությունից կստանա 22 հազար եվրո․ 20 հազարը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2000 եվրո՝ դատական ծախսերի համար։
Ազիզովն ու Նովրուզլուն կալանավորվել են հատուկ ծառայությունների կողմից 2013 թ-ին։ 2014 թ-ի մայիսին Ազիզովը դատապարտվել է 7,5 տարվա, Նովրուզլուն՝ 6 տարվա ազատազրկման։
18 մարդ 13 հազարական եվրո կստանա
«Ֆաթիմա Գանիևան և ևս 17 մարդ՝ ընդդեմ Ադրբեջանի» գործը բացվել է դեռևս 2009 թ-ին։ Հայցվորները բողոքել են, որ իրենցից ապօրինաբար խլել են այգեգործական տարածքներ, և հողի վարձակալության մասին պայմանագրերը տեղի դատարանը չեղարկել է՝ առանց որևէ պատճառի։
Եվրոպական դատարանի վճռով՝ այս գործով յուրաքանչյուր հայցվոր, որպես կորցրած սեփականության փոխհատուցում, պետությունից կստանա 13 հազար եվրո։ Այդ գումարից 10 հազար եվրոն կազմում է նյութական վնասի, իսկ 3 հազար եվրոն՝ բարոյական վնասի փոխհատուցումը։
Եվրոպական դատարանն Ադրբեջանին տուգանել է ևս մեկ դրվագով
Ադրբեջանի քաղաքացի Իլգար Ֆեյզովը դիմել է ՄԻԵԴ՝ որպես իր իրավունքների խախտում համարելով Ադրբեջանի իրավապահ մարմինների գործողությունները։
Հայցվորը հայտարարել է, որ իրեն ապօրինաբար ազատազրկել են, և ինքը մի քանի օր անազատության մեջ է անցկացրել։
ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանը Ֆեյզովին 5350 եվրո կվճարի, այդ գումարից 4500 եվրոն բարոյական վնասի փոխհատուցումն է, 850 եվրոն՝ դատական ծախսերի փոխհատուցումը։
Այսպիսով, երեք գործով Եվրոպական դատարանն Ադրբեջանին տուգանել է ընդհանուր առմամբ 282 250 եվրոյով։