Եվրամիությանը Վրաստանի անդամակցմանն աջակցում է բնակչության 77%-ը, ՆԱՏՕ-ին՝ 74%-ը
Ամերիկյան «Ազգային-ժողովրդավարական ինստիտուտն» ավարտել է Վրաստանում հասարակական կարծիքի հերթական հետազոտությունը։ Տարբեր հարցերին զուգահեռ ներառվել են նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Վրաստանի անդամակցության թեման։
Եվրամիություն և ՆԱՏՕ
NDI տվյալների համաձայն՝ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունն ընդունելի է հարցվածների 77%-ի և անընդունելի՝ 13% համար։
•Վեց բան Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որը ցանկացել եք հարցնել վրացիներին
ԵՄ անդամակցության կողմնակիցների 66 տոկոսն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ կազմակերպությանն անդամակցությունը կօգնի Վրաստանի տնտեսությանը։ 41 տոկոսը կարծում է, որ դա կամրապնդի երկրի անվտանգությունն, իսկ 17%-ն աշխատատեղերի ավելացման հույս ունի։
ԵՄ անդամակցությանը դեմ արտահայտվածների 39 տոկոսը պարզաբանում է, որ Ռուսաստանի հետ նոր հակամարտության մտավախություն ունի, իսկ 31 տոկոսը պնդում է, որ «ավելի շահեկան է Ռուսաստանի հետ առավել մտերիմ հարաբերություններ ունենալը»։
Հետազոտության տվյալների համաձայն՝ եթե վաղը հանրաքվե անցկացվի, ապա բնակչության 68%-ը կողմ կքվեարկի Եվրամիություն մտնելուն։
ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ է արտահայտվել բնակչության 74%-ը։ Հարցվածների 15%-ը դեմ է դրան։
Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու կողմնակիցների 53%-ն իր կարծիքը հիմնավորում է Վրաստանի անվտանգության համար անհանգստությամբ։ Բացի այդ, 37%-ը հույս ունի, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը բարենպաստ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, իսկ 27%-ը կարծում է, որ դաշինքին անդամակցելը ավելի հավանական կդարձնի Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը։
ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ արտահայտվածներն իրենց դիրքորոշումը բացատրում են կրկին Ռուսաստանի հետ նոր հակամարտության հետ կապված մտավախություններով։ Այդպիսիք 51% են։ Դեմ հանդես եկողների ևս 12%-ը կարծում է, որ այդ քայլը կհանգեցնի տարածքների լրացուցիչ կորստի։
2019թ-ի հունվարին անցկացված նմանատիպ հարցման տվյալներով՝ ԵՄ անդամակցությանը կողմ էր արտահայտվել հարցվածների 72%-ը, ՆԱՏՕ-ին՝ 64%-ը։
Առանց վիզայի ռեժիմ և միգրացիա
NDI ստացած տվյալներով՝ բնակչության 90 տոկոսը չի օգտվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից, որը սկսել է գործել 2017թ-ից։ Հարցվածների հինգ տոկոսը հայտարարել է, որ օգտվել է մեկ անգամ, և երեք տոկոսը շատ է օգտվել։
Այն հարցին, թե արդյոք դուք կամ ձեր ընտանիքի անդամները 1991թ-ից արտասահմանում ապրել եք երեք ամսից ավել, հարցվածների 73%-ը բացասական է պատասխանել, 25%-ն ապրել է, մեկ տոկոսը չգիտի, և ևս մեկ տոկոսը չի ցանկացել պատասխանել հարցին։
Արտասահմանում նվազագույնը երեք ամիս ապրածների 33%-ն ապրել է եվրոպական երկրներից մեկում, 31%-ը՝ Ռուսաստանում, 20%-ը՝ Թուրքիայում, 15%-ը՝ նախկին ԽՍՀՄ այլ պետություններում, երեք տոկոսն՝ ԱՄՆ-ում, մեկ տոկոսը՝ Մերձավոր Արևելքում, մեկ տոկոսն՝ Ասիայում, ինը տոկոսը պատասխանել է «այլ բան»։
Խորհրդային Միություն
NDI հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 50%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Վրաստանի համար լավ իրադարձություն է եղել, 39%-ը հակառակ կարծիքին է, 11%-ը դժվարացել է գնահատական տալ։
Համեմատության համար՝ 2018թ-ի մարտին անցկացված հարցման ցուցանիշները համապատասխանաբար հետևյալ տեքսն են ունեցել ՝ 43%, 42% և 4%։ Իսկ 2017թ-ի ապրիլինը՝ 48%, 42% և 10%։
«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը» հետազոտությունն անցկացրել է ողջ Վրաստանի տարածքում՝ բացառությամբ օկուպացված տարածքների։
Աշխատանքը տարվել է մարտի 28-ից ապրիլի 15-ը։ Ընդհանուր առմամբ հարցվել է 2927 մարդ։ Թույլատրելի սխալի հավանականությունը +/- 2,3 տոկոս է (ենթադրվում է, որ առանձին հարցերի-պատասխանների պարագայում այս ցուցանիշն այլ է)։