Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի տվյալներով" />

Միջին վիճակագրական երիտասարդ վրացու դիմանկարը

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի տվյալներով

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակը որոշել է 14-29 տարեկան երիտասարդ վրացիներին նվիրված հետազոտություն անցկացնել: Բացահայտել նրանց ընկալումը, ըմբռնումը, սպասումները, փոփոխվող շրջապատի հանդեպ վերաբերմունքը: Արդյունքները բավականին հետաքրքիր էին: Դրանց կարելի է ծանոթանալ այստեղ:

Իսկ մենք որոշել ենք այդ հետազոտության հիման վրա միջին վիճակագրական վրացու դիմանկար ստանալ: Եվ ահա, թե ինչ է ստացվել:

Միջին վիճակագրական երիտասարդ վրացին ուղղափառ քրիստոնյա է (85%), լրիվ միջին կրթությամբ (47%), ապրում է ծնողների հետ (70%), նրանց հաշվին (62%): Նա լավ հարաբերություններ ունի ծնողների հետ (55%) և նրանք զգալի ազդեցություն ունեն նրա ընդունած որոշումների վրա:

Նրա ընտանիքը, չի կարելի ասել, որ ֆինանսապես բարգավաճում է: Ծնողներն ինչ-որ կերպ կարող են հագուստ և ուտելիք ապահովել, սակայն, օրինակ, հին հեռուստացույցը կամ շարքից դուրս եկած սառնարանը փոխել ի վիճակի չեն (43%): Նա գործազուրկ է (34%) և շատ է ուզում աշխատանք գտնել: Նրա կարծիքով, աշխատանքի տեղավորվելու համար լավ ծանոթություն է անհրաժեշտ (75%): Ընտրության դեպքում մասնավոր հատվածի աշխատանքին նախընտրում է պետական հատվածը (42%): Երբեք չի փորձել սեփական բիզնես սկսել (87%):

Այսպես թե այնպես, երիտասարդ վրացին ամսական ինչ-որ միջոցներ է ունենում անձնական նպատակներով օգտագործելու համար: Այդ գումարի մեծ մասը նա ծխախոտի վրա է ծախսում (ամսական 80 լարի), զվարճանքի (60 լարի), գրքի կամ այլ բաների վրա (26.7 լարի):

Նա այնքան էլ զբաղված չէ, սակայն քաղաքացիիական ակտիվության համար ժամանակ չունի: Նա երբեք ներկա չի լինում հանրային հանդիպումների (94%), առցանց ֆորումներում իր քաղաքացիական դիրքորոշումը չի հայտնում (94%), չի մասնակցում քաղաքացիական ակցիաներին, օրինակ, մարդու իրավունքներին վերաբերող, խուսափում է քաղաքական հանրահավաքներից և կարևոր ստորագրահավաքների չի մասնակցում:

Քաղաքականությանն, ընդհանուր առմամբ, սառն է վերաբերվում: Քիչ թե շատ հետևում է ներքաղաքական նորություններին, սակայն թե ինչ է տեղի ունենում Վրաստանի սահմաններից այնկողմ, նրան բնավ չի հետաքրքրում (46%):

Եվ զարմանալի ի՞նչ կա, որ նա չի հետաքրքրվում քաղաքականությամբ, եթե չի հավատում ոչ մի պետական ինստիտուտի կամ քաղաքական գործիչի:

Միակ ինստիտուտը, որին ամեն հարցով վստահում է, եկեղեցին է (81%): Նա հավատում է Աստծուն (97%), կարծում է, որ մահվանից հետո դրախտում կամ դժոխքում կհայտնվի (80%), և վստահ է, որ բարոյականության նորմերն ու դրա հետ կապված պարտականություններն Աստծո կողմից են տրված (85%): Եթե երիտասարդ վրացին ապրեր Ամերիկայում, ամենայն հավանականությամբ կքվեարկեր Թրամփի օգտին. նա կարծում է, որ աբորտները պետք է արգելել օրենսդրորեն (42%):

Նա անվստահությամբ է վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին, այլ քաղաքական հայացքներով մարդկանց, այլ դավանանքի ներկայացուցիչներին: Ամենաբացասական վերաբերմունքն ունի ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչների հանդեպ (46%): Երիտասարդ վրացիները չգրանցված համակեցությանը նախընտրում են պաշտոնական հարաբերությունները (43%), քանի որ համարում են, որ գրանցված հարաբերությունները բարձրացնում են զուգընկերների պատասխանատվությունը միմյանց նկատմամբ:

Ինչ վերաբերում է սեքսին, ապա մեկից ավել զուգընկերուհի է ունեցել տղաների 57%-ը այն դեպքում, որ կանանց միայն մեկ տոկոսն է խոստովանում, որ միանգամից մի քանի զուգընկերների հետ կապի մեջ է եղել:

Երիտասարդ վրացին երբեք մարիխուանա չի ծխել (88%): Նա պարբերաբար կամ հաճախ աղոթում է, պատարագի է գնում (33%) և կրոնական տոներն է նշում (83%):

Երկրի գլխավոր խնդիրներն է համարում գործազրկությունն ու աղքատությունը: Միջին վիճակագրական երիտասարդ վրացին կողմ է ԵՄ (74%) և ՆԱՏՕ-ին (68%) անդամակցելու գաղափարին: Միաժամանակ նա չի բացառում, որ եվրաինտեգրացիան կարող է Ռուսաստանի կողմից ագրեսիայի հանգեցնել (52%): Նա նաև կարծում է, որ ԵՄ ինտեգրացիան կարող է երիտասարդության վրա վատ անդրադառնալ (45%) և վրացական ինքնության և ավանդական արժեքների համար սպառնալիք դառնալ (30%):

Երիտասարդ վրացուն բնորոշում է ընդգծված ազգային պատկանելիությունը, վրացական ազգի մի մաս է իրեն համարում 56%-ը, անկախ անհատ՝ 20%-ը, աշխարհի քաղաքացի՝ 19%-ը:

Եվ որ ամենակարևորն է, երիտասարդ վրացին իրեն երջանիկ է համարում: Նա բավարարված է անձնական կյանքով (60%), գործունեության տեսակով (61%): Նա լավատես է, հավատում է, որ 10 տարին բավարար է, որպեսզի երկրում իրավիճակը զգալիորեն բարելավվի (95%):

  • Էբերտի հիմնադրամի հետազոտությունն (FES) անցկացվել է Shell Youth Study հետազոտության մոդելով, որը 1953թ-ից անցկացվում է ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայի այլ երկրներում: Հետազոտության մեթոդոլոգիան մշակվել է Վերլուծության և խորհրդատվությունների խմբի (АСТ) կողմից Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի պատվերով: Հետազոտության արդյունքները ստացվել են 1200 հոգու հարցման և 24 ֆոկուս-խմբերում անցկացված բանավեճերի տվյալների հիման վրա:

Կարդալ ավելին JAMnews-ում