Եվրամիությո՞ւն, թե՞ ՌԴ. ո՞ր վեկտորն են ընտրել Հարավային Կովկասի երկրները
ԵՄ, թե՞ Ռուսաստան
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Վերջնական որոշումը ԵՄ անդամ բոլոր 27 երկրները կկայացնեն դեկտեմբերին։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը գնահատում է վրաց ժողովրդի ձգտումները, և դրանք «պետք է ավելի լավ արտացոլվեն կառավարության քայլերում»։ Վրացական արևմտամետ ընդդիմությունը նույնպես հայտարարում է, որ Եվրահանձնաժողովի դրական որոշումը վրաց ժողովրդի վաստակն է, ոչ թե ռուսամետ կառավարության ջանքերի արդյունք։
Հայաստանն ակտիվացնում է համագործակցությունն Արևմուտքի, մասնավորապես՝ Եվրամիության հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության։ Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:»։ Սակայն երկրի իշխանությունները դեռ իրենց թույլ չեն տալիս կտրուկ քայլեր ձեռնարկել ռուսական ինտեգրացիոն կառույցներից, մասնավորապես՝ ՀԱՊԿ ռազմական դաշինքից դուրս գալու ուղղությամբ։
Ադրբեջանը վերջերս կոշտ հայտարարություններ է անում արևմտյան գործընկերների հասցեին։ Իշխանությունները հայտարարում են Ադրբեջանի նկատմամբ նրանց կողմնակալ վերաբերմունքի մասին և հրաժարվում մասնակցել Հայաստանի հետ բանակցություններին՝ ինչպես վաշինգտոնյան, այնպես էլ բրյուսելյան հարթակում։ Նախագահ Իլհամ Ալիևն էլ վերջերս բարձր է գնահատել ռուսական բանակցային ձևաչափը։ Միաժամանակ, Ադրբեջանը բացահայտորեն աջակցում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային։
Ի վերջո դեպի ո՞ւր է ձգտում և արտաքին քաղաքականության ո՞ր վեկտորն է ընտրում Հարավային Կովկասի երեք երկրներից յուրաքանչյուրը։ JAMnews-ն այս հարցն ուղղել է հայ փորձագետներին։
- «ՀՀ-ին բացահայտ սպառնում են Ուկրաինայի սցենարով»․ հայ քաղաքագետ
- «Արևմուտքը ստիպված կլինի ընդունել տարածաշրջանի նոր իրողությունները». կարծիք Բաքվից
Ջոնի Մելիքյան, Վրաստանի հարցերով փորձագետ
Ուկրաինական ճգնաժամն արագացրել է եվրաինտեգրման գործընթացը
«Վրաստանը երկար տարիներ եղել է ԵՄ ասոցացված անդամ, և ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալը, չնայած բոլոր դժվարություններին, կլինի հերթական էտապը եվրաինտեգրման ճանապարհին։
Վրաստանի եվրաինտեգրման գործընթացն արագացրեց աշխարհաքաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ տարիներ առաջ ծագած ուկրաինական ճգնաժամը։ Այս ֆոնին երեք երկրների (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) հնարավորություն տրվեց արագացված ընթացակարգով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Եվ այսօր կրկին, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից, Եվրահանձնաժողովը Վրաստանին կանաչ լույս ցույց տվեց և խորհուրդ տվեց նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրել։
Այս կարգավիճակը ոչ մի առանձնահատուկ բան չի ենթադրում, դա ընդամենը քաղաքական հայտարարություն է։ Քաղաքական հաստատումն է այն բանի, որ Թբիլիսիին ապագայում տեսնում են եվրոպական պետությունների ակումբում, սակայն երկրում որոշակի բարեփոխումներ իրականացնելու պայմանով։
Բայց ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը Վրաստանում, որպես հաղթանակ կկապիտալացվի բոլոր քաղաքական ուժերի՝ և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության կողմից։ Այդ «հաղթանակով» են գնալու հաջորդ տարվա ընտրություններին»։
Եվրաինտեգրումը կախված է աշխարհաքաղաքական գործընթացներից
«Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և ԵՄ այլ եվրոպացի պաշտոնյաների շուրթերով նրանք ասացին, որ մինչև 2030 թվականը կառույցի ընդլայնման հեռանկարներ չեն տեսնում։
Սա նշանակում է, որ նույնիսկ Մոլդովան և Ուկրաինան, որոնք մեկ քայլ առաջ են Վրաստանից, մինչև 2030 թվականը չեն կարող անդամակցության հույս ունենալ։ Գործընթացը կարող է արագացնել նույն աշխարհաքաղաքականությունը, եթե այն էականորեն փոխվի ու նոր իրողություններ ի հայտ գան։
Հիմա դրանք կարող են առաջանալ Ռուսաստան-Արևմուտք առճակատման արդյունքում։ Կարևորն այն է, թե ինչ բալանս կձևավորվի:
Եթե ավելի շատ կայունություն լինի, ապա, ամենայն հավանականությամբ, հրատապ որոշումների կարիք չի լինի, և կհետևեն ֆորմալ ընթացակարգերին՝ աշխատանք բարեփոխումների, օրենսդրության շուրջ, եվրոպական չափանիշների հետ ներդաշնակեցման ուղղությամբ»։
Ռուսամետ կուրսի վերաբերյալ մեղադրանքներ
«Արդեն 10 տարի է, ինչ բոլորը Վրաստանին մեղադրում են երկրի կուրսը փոխելու և արևմտյան արժեքները շրջանցելու մեջ։ Բայց նրանք ինչպես բարեփոխումների միջոցով գնում էին դեպի եվրաինտեգրում, թեկուզ դանդաղ (որոշ տեղերում ստացվում է, որոշ տեղերում՝ ոչ այնքան), այդպես էլ շարունակում են առաջ գնալ։
Վրաստանն ինքնիշխան երկիր է և գերադասում է չվնասել իր տնտեսական իրավիճակին։ Եթե ճգնաժամի, դիվանագիտական հարաբերությունների ու քաղաքական երկխոսության բացակայության ֆոնին Ռուսաստանի հետ կան տնտեսական կապեր, ապա նրանք դրանք պահպանում են։
Վրաստանն աջակցում է Կիևին, բայց միևնույն ժամանակ հայտարարում է, որ երկիրն ունի տարածքային ամբողջականության չլուծված խնդիրներ, չկան արտաքին ուժերի երաշխիքներ, չկա ՆԱՏՕ-ի հովանոցի տեսքով շքեղություն, որպեսզի նրանք կարողանան զենք փոխանցել Ուկրաինային։ Նրանք դա պատճառաբանում են նրանով, որ այդ զենքի կարիքը հենց իրենք կարող են ունենալ։
Հարաբերությունների այս դիվերսիֆիկացիան, բնականաբար, դուր չի գալիս Արևմուտքին, երկրի ներսում՝ նույնպես, և մեղադրանքներ են հնչում Վրաստանի հասցեին»։
Օգուտ ստանալ և չտուժել
«Նույնը տեղի է ունենում Հայաստանի հետ, որը ռուսամետ կառույցների մաս է, բայց փորձում է դիվերսիֆիկացնել իր ռազմաքաղաքական կապերը և տնտեսական քաղաքականությունը։
Ինչպիսի՞ն է լինելու հենց Եվրամիության ապագան, ուժերի ի՞նչ հարաբերակցություն կարող է առաջանալ աշխարհում, ի՞նչ նոր կառույցներ կարող են ձևավորվել. այս ամենը դեռ հարցեր են։
Այս փոփոխությունները կախված չեն այնպիսի փոքր երկրներից, ինչպիսիք են Վրաստանն ու Հայաստանը։ Մենք փորձում ենք հարմարվել, տարբեր խաղացողների հետ հարաբերություններից հնարավորինս շատ օգուտներ քաղել և չտուժել»։
Հովսեփ Խուրշուդյան, քաղաքական վերլուծաբան
Հայաստանը ռազմական համագործակցություն է հաստատում տարբեր երկրների հետ
«Հայաստանն իսկապես շարժվում է դեպի Եվրոպա, և դա երևում է ոչ միայն իշխանությունների հայտարարություններից, այլև նրանց գործողություններից։
Էապես ակտիվացել է Հայաստանի համագործակցությունը եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ։ Եվ սա պատահականություն չէ։ Անվտանգությունը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական թեման է, քանի որ այն այժմ ամենախոցելին է։
Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցում է ոչ միայն Ֆրանսիայի հետ։ Ռազմական համագործակցություն է հաստատվում նաև եվրոպական այլ երկրների հետ։
Իրականացվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ եվրաինտեգրման ճանապարհին բոլոր խոչընդոտները վերացնելու համար։
Ուշագրավ է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունը։ Նա հայտարարեց, որ քննարկվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը, մեկնարկում է նաև վիզային ռեժիմի ազատականացման քննարկումը։
Խաղաղության եվրոպական հիմնադրամը մեխանիզմ է, որի միջոցով Բրյուսելը միջոցներ է տրամադրում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին՝ բարելավելու նրանց պաշտպանունակությունը, կանխելու հակամարտությունները և նպաստելու խաղաղությանը: Այս մեխանիզմի միջոցով ԵՄ-ն աջակցել է Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային։
Երրորդ ճանապարհ չկա
«Օրերս «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի ընթացքում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ մենք երկու ճանապարհ ունենք՝ ոչ դաշինքային կարգավիճակ կամ եվրաինտեգրում։ Երրորդ ճանապարհ, այն է՝ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշինքի մեջ, նա չի տեսնում։
Հայաստանը ֆորմալ առումով շարունակում է մնալ ռուսական ՀԱՊԿ ռազմական դաշինքում, և դա զարմանալի չէ։ Դրանից դուրս գալու հարցը ոչ միայն օրակարգում է, այլև լուծված խնդիր է։ Թե ինչպես և երբ դա տեխնիկապես կձևակերպվի, ժամանակի հարց է»։
Կլինի՞ արդյոք «կովկասյան եռյակ» ԵՄ-ում
«Եթե Վրաստանի հետ մեկտեղ Հայաստանն էլ ինտեգրվի ԵՄ-ին, ապա Ադրբեջանը ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կա՛մ դառնալ «կովկասյան եռյակի» մաս, կա՛մ լուրջ խնդիրների առաջ կանգնել ԵՄ-ի հետ համագործակցության հարցում։ Երկու աթոռի վրա նստելն անհնար կլինի։
Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի առաջ էր կանգնած Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրության հարցը։ Եվ Հայաստանն ընտրեց իր ճանապարհը»։
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ
Ավտորիտար կառավարումը ոչ մի ընդհանրություն չունի Արևմուտքի հետ
«Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է եղել աշխարհաքաղաքական տարբեր ուժերի միջև մանևրելուն։ Բաքուն նախընտրում է արտաքին քաղաքական կուրսի հստակ ընտրություն չկատարել։
Բայց պետական կառավարման հարցում Ադրբեջանն ընտրել է ավտորիտար կառավարման ձև, որը ոչ մի ընդհանրություն չունի Արևմուտքի հետ։
Պետք է հիշել, որ 2015 թ. -ին Ադրբեջանում մեկնարկեցին զանգվածային ձերբակալություններ։ Եվ շատ ակտիվիստներ, որոնք դեմ էին ավտորիտար ռեժիմին, մեծ հույսեր էին կապում Արևմուտքի հետ, որ նա կօգտագործի իր լծակները: Բայց դա տեղի չունեցավ, և իրավիճակը չփոխվեց։
Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես վերացրին հասարակության այդ շերտը, որն ինչ-որ կերպ կարող էր հակադրվել Ալիևի քաղաքականությանը։ Ադրբեջանում բռնապետական ռեժիմն ավելի ու ավելի խորացավ։ Իսկ 2020 թվականից հետո Ալիևը հաղթանակի բոլոր դափնիները վերագրեց իրեն ու իր ընտանիքին և շարունակում է պահպանել իշխանությունը»։
Ռուսական գազ դեպի Եվրոպա՝ ադրբեջանական խողովակներով
«Ինչ վերաբերում է տնտեսական և համագործակցության այլ ուղղություններին, ապա Ադրբեջանը շատ ինտենսիվ աշխատում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։
Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Բաքուն հմտորեն օգտվեց ստեղծված իրավիճակից և սկսեց պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազ մատակարարել Եվրոպա: Սա կոչվում է «գազի դիվերսիֆիկացիա»:
Իրականում Ադրբեջանը չունի գազի նման պաշարներ, և չի կարող դառնալ Ռուսաստանի այլընտրանք։ Ռուսական գազի այլընտրանք կարող է լինել, օրինակ, իրանական գազը։
Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Ալիևին թույլ են տալիս նստել երկու աթոռի վրա։
Ավելին, տարածաշրջան կատարած այցերի ժամանակ նույնիսկ եվրոպացի պաշտոնյաների հռետորաբանությունն է տարբեր՝ ըստ թեմաների։ Հայաստանում և Վրաստանում խոսում են ժողովրդավարության, լրատվամիջոցների ազատության, իսկ Ադրբեջանում՝ տնտեսական շահերի մասին։
Եվ մենք տեսնում ենք, որ տնտեսական շահերը գերակայում են քաղաքական արժեհամակարգին։ Ինձ համար Լեռնային Ղարաբաղում Ալիևի կազմակերպած «հաղթանակի շքերթը»՝ հայերի հասցեին ուղղված ֆաշիստական հռետորաբանությամբ, տարածաշրջանում ավտորիտարիզմի հաղթանակի շքերթ էր։ Ալիևին դա ևս թույլ տվեցին»։
Ստացավ այն, ինչ ուզում էր, և գնաց իր ճանապարհով
«Ակնհայտ է, որ այս տարվա սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ագրեսիայից հետո Ալիևը նախընտրում է Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Նախկինում Բաքուն հանդես էր գալիս ռուսական կողմի համար ոչ ականջահաճո հայտարարություններով։ Մոսկվայի հետ Բաքվի հարաբերությունները միանշանակ չէին։ Ալիևին դուր չէր գալիս ԼՂ-ի կարգավիճակի հարցը ապագային թողնելու Ռուսաստանի առաջարկը։
Ընդհանրապես, Ադրբեջանը համագործակցում է նրանց հետ, ում հետ որոշակի ժամանակահատվածում կարող է իր համար ավելի շահավետ լուծումների հասնել։ Եվ այդ տրամաբանությունից ելնելով է կատարում է իր ընտրությունը։
Այդ իսկ պատճառով Ալիևն անցած հոկտեմբերին գնաց Պրահա, որտեղ «համաձայնություններ» ձեռք բերեց Հայաստանի հետ։ Եվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ի դեպ, այն ժամանակ չէր խանգարում նրան։
Իսկ երբ Արցախի հարցում նա հասավ նրան, ինչ իրեն պետք էր, և արդեն դրված էր իր կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, Ալիևը սկսեց մերժել բանակցությունների արևմտյան ձևաչափը։ Նա Արևմուտքի հասցեին կոշտ հայտարարություններ է անում և պնդում, որ լավագույն միջնորդը Ռուսաստանն է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԵՄ, թե՞ Ռուսաստան