ԵՄ․ Վրաստանը չի կատարել մակրոֆինանսական օգնության պայմանները։ Իշխանության արձագանքը
Եվրամիությունը կասեցնում է մակրոֆինանսական օգնությունը Վրաստանին
Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարել է, որ երկրի կառավարությունը չի կատարել մակրոֆինանսական օգնության պայմանները։ Այս լուրը հայտնելու համար օգոստոսի 31-ին հատուկ ճեպազրույց է անցկացվել՝ որպես պատասխան դրանից մի քանի ժամ առաջ Վրաստանի կառավարության հայտարարությանն այն մասին, որ այն հրաժարվում է եվրոպական մակրոֆինանսական օգնության երկրորդ մասի ստացումից։
- Վրաստանում ժողովրդավարություն չկա՞։ Հարցվածների 51%-ն այսպես է պատասխանել NDI-ի հարցմանը
- «Սա կենաց և մահու հարց է»․ Վրաստանի բժիշկները պահանջում են պահպանել սահմանափակումները
ԵՄ պատվիրակությունն առանձնահատուկ շեշտադրում է արել դատական իշխանության անկախության և ոչ հաշվետու լինելու խնդրի վրա։
Հայտարարվել է, որ Գերագույն դատարանի դատավորներ ընտրելիս չեն պահպանվել Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները․ «Թեկնածուների համար հավասար պայմաններ չեն եղել, չեն իրականացվել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են դատական համակարգի թափանցիկության բարձրացմանը»։
150 մլն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2020 թ-ի նոյեմբերին՝ համաճարակը և դրա տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով բնակչությանն օգնելու համար։ Գումարի կեսը միանգամից է փոխանցվել, երկրորդ մասի փոխանցումը պետք է կայանար մինչև 2021 թ-ի ավարտը։
Մակրոֆինանսական օգնության տրամադրման պայմանները համաձայնագրի պարտավորությունների թվում էին, որը ստորագրվել է 2020 թ-ի ապրիլի 19-ին իշխանության և ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
«Եվրամիությունը վերահաստատում է Վրաստանում բարեփոխումներն ամբողջությամբ սատարելու իր պատրաստակամությունը՝ ասոցացման մասին համաձայնագրին համապատասխան: Սակայն օգնությունը նախկինի պես կախված է լինելու առաջընթացից, որը կարձանագրվի առանցքային բարեփոխումների իրականացման հարցում», — հայտարարել է ԵՄ պատվիրակությունը:
«Վրաստանին պետք չէ 75 մլն եվրո, քանի որ այն ուժեղ տնտեսություն ունի»
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 31-ին հայտարարել է, որ կառավարությունը հրաժարվում է Եվրամիության 75 միլիոն եվրո օգնությունը ստանալ:
«Վրաստանը շատ լավ, մեծ տնտեսական աճ ունի: Կառավարությունը սկսել է կրճատել արտաքին պարտքը, և Եվրամիության օգնության երկրորդ տրանշն էլ պետք չէ», — հայտարարել է Ղարիբաշվիլին:
Որոշ փորձագետներ և քաղաքական գործիչներ կառավարության այս որոշումը համարում են ուղղակի շեղում երկրի եվրատլանտյան ուղղվածությունից:
«ԵՄ 75-միլիոնանոց օգնության կասեցումը նշանակում է նվազագույնը տասն անգամ ավելի մեծ կորուստ: Այժմ բոլոր պոտենցիալ ներդրողները Վրաստանը կներառեն բարձր ռիսկի գոտում և կդադարեն այստեղ աշխատել», — կարծում է փորձագետ Գիա Խուխաշվիլին: