Եգիպտոսը պատրաստ է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնել
Եգիպտոսի նախագահի այցը Հայաստան
«Մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում։ Եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»,- Երևանում հայտարարել է Եգիպտոսի նախագահը։
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Եգիպտոսի առաջին ղեկավարն է, որն այցելում է Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը նրա այցը «պատմական» են որակել։ Ինքը՝ Եգիպտոսի նախագահը նշել է, որ «այս այցը արտացոլում է Եգիպտոսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»։
Երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույցներ և ընդլայնված կազմով հանդիպումներ է անցկացրել Հայաստանի վարչապետի և նախագահի հետ, ստորագրվել են հայ-եգիպտական մի շարք հուշագրեր։
Եգիպտոսի նախագահը Երևան էր եկել տարածաշրջանային այցի շրջանակներում։ Մինչ այդ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին եղել էր Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ քննարկել էր Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
«Մենք հաստատեցինք երկխոսության ու բանակցությունների կարևորությունը և ողջախոհության ու իմաստության ձայնին առաջնահերթություն տալու կարևորությունը՝ նկատի ունենալով, որ միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական, համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար»,- հայտարարել էր Եգիպտոսի նախագահը:
Այցի մանրամասները, Եգիպտոսի և Հայաստանի ղեկավարների շեշտադրումները, փորձագիտական կարծիք
Նախագահները՝ Եգիպտոսի հնարավոր միջնորդության մասին
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր։ Վահագն Խաչատուրյանի դիտարկմամբ՝ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է, միջնորդական առաքելության մեծ փորձ ունի։ Ասում է՝ երկու երկրներն էլ «հարևանների հետ խաղաղ ապրելու գաղափարախոսներ» են։
«Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք»,- հայտարարել է նա։
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ընդգծել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների, «նախորդ դարի 70-ական թվականներից սկսած գնացել է խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվել մի շարք խոչընդոտների»։ Նշել է, որ պատրաստ են ջանք ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Եգիպտոսի նախագահի փոխանցմամբ՝ իր ղեկավարած երկիրը չեզոք դիրքորոշում ունի հակամարտության հարցում, և պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, եթե Հայաստանը ցանկանա։ Մամուլի համար արված հայտարարության մեջ նա ընդգծել է, որ համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար կարևոր են «բանակցություններն ու քրտնաջան աշխատանքը»։
«Արդյունավետ բանակցություններ էին»
Այս մասն նշել է Հայաստանի նախագահը։ Խաչատուրյանի փոխանցմամբ՝ քննարկել են հայ-եգիպտական համագործակցության լայն շրջանակը, այսօրեական ծրագրերը և հետագա անելիքները։ Ասում է՝ մի շարք բազմակողմ հարթակներում արդեն իսկ ձևավորվել է «արդյունավետ համագործակցություն»։
«Իհարկե, երկկողմ առևտրաշրջանառության ծավալները դեռ գոհացուցիչ չեն, սակայն վստահ եմ, որ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում փոխշահավետ համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի, և մենք արդյունքներ կգրանցենք թե՛ առևտրատնտեսական փոխանակման, թե՛ մի շարք այլ բնագավառներում»,- շեշտել է նա։
Հայաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանն ու Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
«Անդրադարձել են նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, մասնավորապես՝ Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների իրականացման հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում։
Նախագահների մասնակցությամբ ստորագրվել են երկու երկրների միջև գիտական և տեխնոլոգիական, ներդրումների և ազատ առևտրի, սպորտի ոլորտներում համագործակցությանն առնչվող փոխըմբռնման հուշագրեր։ Խաչատուրյանը լրագրողներին ասել է, որ գրեթե բոլոր ոլորտներում գրանցվել է էական առաջընթաց, դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը, բացի այդ՝ նշմարվում են համագործակցության նոր հեռանկարներ։
Ի՞նչ են պայմանավորվել վարչապետ Փաշինյանի հետ
Եգիպտոսի նախագահին ընդունել է նաև Հայաստանի վարչապետը։
Առանձնազրույցից հետո կազմակերպվել է ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև երկկողմ հանդիպման արդյունքները։ Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ Եգիպտոսը վստահելի գործընկեր է, որի հետ Երևանն ունի առանձնահատուկ հարաբերություններ։ Դրանք, ըստ նրա, «ի ցույց են դնում նաև իսլամական աշխարհի և քաղաքակրթության նկատմամբ» Հայաստանի վերաբերմունքն ու հարգանքը:
«Կարևոր գործնական արդյունք է նաև այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ կհանձնարարենք մեր նախարարներին, որպեսզի 2023 թվականին միջկառավարական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը բարձր է գնահատել Եգիպտոսի աջակցությունը Հայաստանին հատկապես այն կազմակերպություններում, որոնց երկիրը չի անդամակցում։ Հայկական կողմն էլ վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Եգիպտոսը մասնակից և կարևոր դերակատար է մի շարք ուղղություններով՝ Աֆրիկա, Միջերկրածովյան ռեգիոն, Մերձավոր Արևելք, արաբական ուղղություն, Ասիա։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար կարևոր է այդ բոլոր ուղղություններում «բարեկամ ունենալը»․
«Այն էլ պատմա-քաղաքական և մշակութային, որոշակի իմաստով անգամ դավանաքաղաքական եզրերով՝ որքան էլ, իհարկե, տարբեր դավանանքի երկրներ ենք, չափազանց կարևոր գործոն է, և մեզանից պահանջվում է առավելագույնն անել այդ գործոնը պահպանելու և խորացնելու համար»։
Քաղաքական մեկնաբանն ասում է՝ հիմքում պետք է դնել ոչ թե այն մտայնությունը, որ Եգիպտոսը Հայաստանին աջակից և բարեկամ է այս կամ այն հակառակորդի դեմ, այլ այն, որ գործընկեր ու բարեկամ է այս կամ այն գաղափարի առաջմղման հարցում:
«Եգիպտոսն առնվազն կօգնի չեզոքացնել նաև այդպիսի ռիսկեր, բայց միևնույն է՝ գործակցությունն ու բարեկամությունը պետք է կառուցենք խորը ստեղծարար օրակարգի շուրջ»,- նկատում է նա։
Հայաստանյան փորձագետները կարծում են՝ հայ-եգիպտական հարաբերությունները զարգացման մեծ ու չիրացված ներուժ ունեն: Խոսքը միայն տնտեսության և զբոսաշրջության մասին չէ։
Արաբագետ Արաքս Փաշայանի դիտարկմամբ՝ Հայաստանը հնարավորություն ունի Եգիպտոսի հետ զարգացնել նաև ռազմատեխնիկական ոլորտը․
«Իհարկե, այդ ոլորտի մասնագետները իրենք պետք է օրակարգը, առաջնահերթությունները սահմանեն, ամեն դեպքում, կարծում եմ, որ սա կարևորագույն ոլորտներից մեկն է: Պետք է հետևողական աշխատել, Եգիպտոսն արաբական այն բացառիկ երկրներից է, որի հետ Հայաստանը որևէ քաղաքական խնդիր չունի, որևէ խոչընդոտ չկա երկկողմ հարաբերությունների զարգացման համար»։
Արաբագետը կարծում է, որ այսօր Հայաստանը կարիք ունի ավելացնել բարեկամ երկրների թիվը, ուստի երկրի «արտաքին քաղաքականության առաջնահերթություն» պետք է դիտարկվի Մերձավոր Արևելքը։ Ասում է՝ Եգիպտոսի նախագահի այցը պետք է օգտագործել երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար և «ուժեղացնել գործակցությունն այն ոլորտներում, որտեղ կան ընդհանուր շահեր»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Եգիպտոսի նախագահի այցը Հայաստան