«Պահանջում ենք չեղարկել»․ զոհվածների հարազատները՝ «գունագեղ» տոնական միջոցառման մասին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները ֆեյսբուքյան ֆլեշմոբ են նախաձեռնել։ Պահանջում են, որ կառավարությունը չեղարկի Հայաստանի անկախության 30-ամյակին նախատեսվող «գունագեղ» միջոցառումը։
Հերոսների հարազատների մի մասը դատապարտել է նաև այն անձանց, ովքեր կմասնակցեն միջոցառմանը։ Առաջարկում են Հանրապետության հրապարակի փոխարեն անկախության 30-ամյա հոբելյանի առիթով հավաքվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում մասշտաբային տոնակատարություն կազմակերպելու մասին գործադիրը որոշում ընդունեց կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ։
Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ թեև հայտնի հանգամանքերնի բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է նշվի պատշաճ ձևով։
«Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի այս հայտարարությունը քննադատությունների տեղիք տվեց։ Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ խորհրդարանի «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը։
«Այսօր հազարավոր զոհերի, խոցված ինքնիշխանության, անվտանգային լրջագույն մարտահրավերների, գերիների, համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» մասին խոսելը կոռեկտ չէ: Այն անարգանք է մեր զոհերի հիշատակին և արդարացիորեն հարուցել է հերոս տղաների ծնողների, ընտանիքի անդամների և մեր հասարակության վրդովմունքը», – ասված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
Դաշինքի ներկայացուցիչների կարծիքով` անկախության 30-ամյակի առիթով պետական հանձնաժողով ձևավորելու պայմաններում կարելի էր երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին համարժեք համեստությամբ արժևորել տոնը։
«Հայաստանը» չի հրաժարվում անկախությունն արժևորելու խորհրդից, բայց դրա լավագույն դրսևորումը պիտի լիներ պետականության ամրագրումը, պետական և ազգային ինստիտուտների նկատմամբ իշխանության նախաձեռնած հետևողական կազմաքանդման և նսեմացման արշավի դադարեցումը, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորումն ու սպառնալիքների իրական դիմագրավումը»,- ընդգծել էին ընդդիմադիր գործիչները։