Ադրբեջանի փոխվարչապետը ՀՀ-ում էր․ ի՞նչ է հաղորդվել այցի և դրա արդյունքների մասին
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպում Աղվերանում
Այսօր՝ ապրիլի 29-ին Հայաստանում՝ Աղվերանում կայացել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 13-րդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցելու համար ՀՀ է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
«Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
Պատահական չէ, որ Factor TV-ի տեսախցիկը հանդիպման վայրի տարածքը լքող մեքենաների շարքում նկատել էր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Rolls-Royce մակնիշի ավտոմեքենան։ Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Ալեքսանյանի հետ քննարկվել են Ադրբեջան շաքարավազ արտահանելու հնարավորությունները։ Գործարարը, սակայն, այդ տեղեկությունները չի հաստատել։
Հանձնաժողովների նախագահներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վերջին անգամ հանդիպել էին 2025 թ․-ի նոյեմբերի 28-ին։ Հանձնաժողովների աշխատանքների մեկնարկից՝ 2022 թ․-ից ի վեր առաջին անգամ հանդիպումը կազմակերպվել էր ոչ թե միջպետական սահմանին, այլ կողմերից մեկի տարածքում՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում։ Փոխվարչապետները պայմանավորվել էին հաջորդ անգամ հանդիպել ՀՀ քաղաքներից մեկում։
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի մասին նախապես չէր հաղորդվել։
Վաղ առավոտյան ադրբեջանական ԶԼՄ-ներն էին տարածել տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանական պատվիրակությունը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը հաստատել էր հրապարակված լուրերը՝ առանց մանրամասների։
Ավելի ուշ լրագրողներին հաջողվել էր պարզել, որ սահմանազատման հանձնաժողովների քննարկումներն ընթանում են Կոտայքի մարզի Աղվերան քաղաքում։ Պետական պահպանության ծառայողները, սակայն, նրանց թույլ չէին տվել մուտք գործել հյուրանոցի տարածք՝ պնդելով, թե դա մասնավոր տարածք է, լրագրողներն էլ հրավիրված չեն փակ միջոցառմանը։
Այս պահին հայտնի տեղեկությունները, հետադարձ հայացք հանձնաժողովի աշխատանքներին և սահմանազատման գործընթացին
- Ի՞նչ են մտածում երևանցիները ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին․ տեսահարցում
- «Անվտանգային առումով նույն նավակի մեջ ենք»․ հայ փորձագետները՝ Ադրբեջան կատարած այցի մասին
- Փաշինյանն ու Ալիևը խաղաղության հաստատման համար ԱՄԷ-ում արժանացան «Զայեդ» մրցանակի
Ի՞նչ է հաղորդել Հայաստանի ԱԳՆ-ն
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ։
Բացի այդ, նրանք համաձայնեցրել և փոխանակել են ուղեցույցների նախագծեր, որոնք վերաբերում են՝
- սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգին,
- սահմանազատման քարտեզի ստեղծման կարգին,
- սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգին։
«Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար»,- ասված է հաղորդագրությունում։
Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն արձանագրել են, որ Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ բեռների տարանցումը հաջողությամբ շարունակվում է։
«Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվել է, որ նման արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ:
Մոսկվայից ու Բրյուսելից մինչև միջպետական սահման․ հանդիպումների արդյունքները
Սահմանազատման հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպումը կազմակերպվել էր գրեթե 4 տարի առաջ՝ 2022 թվականի մայիսի 24-ին։ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։ Կողմերը համաձայնության էին եկել հետագա հանդիպումների անցկացման համար օգտագործել նաև տարբեր հարթակներ։
Երկրորդ հանդիպումը կազմակերպել էր ռուսական կողմը՝ Մոսկվայում, երրորդ հանդիպումը՝ ԵՄ խորհուրդը՝ Բրյուսելում։ Հետագա բոլոր հանդիպումները տեղի էին ունեցել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին։
Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանդիպումների արդյունքում 2024 թ․-ին համաձայնեցվել է հանձնաժողովների համատեղ կանոնակարգի նախագիծը, Տավուշ-Ղազախ հատվածում իրականացվել է սահմանազատում և սահմանագծում։
Կողմերը պայմանավորվել են «շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով»։
Հյուսիսում՝ ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի հատման կետում աշխատանքներ դեռ չեն արվել
Նախորդ տարի՝ 2025 թ․-ի հունվարի 16-ին կայացած 11-րդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացը շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:
Այդ մասին հիշատակում կա նաև հանձնաժողովների՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում կայացած հանդիպման հաղորդագրությունում։ Շոշափելի քայլեր, սակայն, դեռևս չեն արվել։
2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից և «Թրամփի ուղու» (TRIPP) շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններից հետո կային քննարկումներ, որ հնարավոր է՝ սահմանազատումը շարունակվի ՀՀ-ի հարավում՝ Սյունիքի մարզում, որտեղով էլ անցնելու է ապաշրջափակվելիք ճանապարհը։ TRIPP նախագծի հետ կապված «արտահերթ սահմանազատվելիք հատվածների» մասին խոսել էր անձամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ հատվածում նույնպես սահմանազատման աշխատանքներ չեն մեկնարկել։
Երկու տարվա դադար․ սահմանազատումը շարունակում է մնալ «պիլոտային»
Դեռևս 2024 թ․-ի օգոստոսի 30-ին Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը ստորագրեցին ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Ամիսներ անց՝ հոկտեմբերին, այն անցավ վավերացման գործընթաց՝ սկզբում Հայաստանում, ապա՝ Ադրբեջանում։ 2024 թվականի նոյեմբերի 1-ին կանոնակարգն ուժի մեջ մտավ։
Մինչ օրս սահմանազատված է միայն սահմանի Տավուշ-Ղազախ 12․6 կմ-անոց հատվածը։ Ի դեպ, այս հատվածում սահմանազատում է իրականացվել նախքան կանոնակարգի ստորագրումն ու վավերացումը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործընթացը բնորոշել էր որպես «պիլոտային» սահմանազատում։ Տավուշ-Ղազախ հատվածի սահմանազատման արդյունքում Բաքվի վերահսկողության տակ են անցել նախկին ադրբեջանական չորս գյուղեր։
Սահմանազատված հատվածում տեղադրված են սյուներ, այդ հատվածների պահպանությունը Զինված ուժերը փոխանցել են ԱԱԾ սահմանապահ զորքերին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպում Աղվերանում