Գնաճն Ադրբեջանում, դրա պատճառներն ու հետևանքները
Ինչպիսի՞ն է գնաճն Ադրբեջանում և ինչպե՞ս է այն ազդում հասարակ մարդկանց կյանքի վրա։ Այս հարցին պատասխանելու համար մենք խոսել ենք տարբեր սոցիալական խմբերի մարդկանց (գործազուրկներ, աշխատողներ, թոշակառուներ, սոցիալական նպաստ ստացող մարդիկ) և տնտեսագետ Ռովշան Աղաևի հետ։ Հերոսների անունները փոխված են նրանց խնդրանքով։
Մամեդովների ընտանիքի պատմությունը
26-ամյա Այթան Մամեդովան երկու երեխաների գործազուրկ մայր է։ Նա հոգ է տանում իր ամուսնու համար, որը քաղցկեղային հիվանդություն ունի, կաթված ստացած սկեսրոջ և երկու մանկահասակ աղջիկների համար։ Նրա ամուսին Ալիաղան հիվանդացել է 2016 թ-ին և այդ օրվանից չի աշխատում։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, 180 մանաթ [մոտ 105 դոլար] նպաստ է ստանում։ Այթանի սկեսուրը կենսաթոշակ է ստանում՝ 240 մանաթ [մոտ 140 դոլար], սակայն վարկերը մարելուց հետո, որն ընտանիքը վերցրել է Ալիաղայի վիրահատության համար, կենսաթոշակից մնում է 190 մանաթ [մոտ 110 դոլար]։ Այսպիսով՝ հինգ հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է ամսական 370 մանաթով [217 դոլար]։
Մամեդովներն ասում են, որ այս իրավիճակում իրենց օգնում է այն, որ խանութից կարողանում են պարտքով մթերք վերցնել։ Փողը չի հերիքում ոչ միայն նոր հագուստ, երեխաների համար քաղցրավենիք և միրգ գնելու, այլև մսի և այլ անհրաժեշտ, բայց թանկարժեք մթերքի համար։ Ընտանիքն ապրում է խոնավ պատերով և հին վերանորոգմամբ բնակարանում։ Յուրաքանչյուր տարի, Մամեդովների խոսքով՝ իրենց վիճակն էլ ավելի է ծանրանում։ Հատկապես դժվար է ձմռանը, երբ աճում են կոմունալ ծառայությունների ծախսերը։ Նրանք չեն կարող իրենց թույլ տալ բավականաչափ գազ օգտագործել՝ բնակարանը ջեռուցելու համար, այդ պատճառով էլ երեխաները հաճախ են հիվանդանում, իսկ դեղորայքի թանկության պատճառով բուժման փող չի լինում։
«Երբ երեխաները տանն են, մենք չենք կարող հարկ եղած ձևով հոգ տանել նրանց համար, — ասում է Այթանը։ — Երեխային պետք է կերակրել, նա ուզում է խաղալիքներով խաղալ, չի ուզում փաթաթված նստել։ Իսկ մենք ոչինչ չենք կարող ապահովել»։
Երեխաներին հիվանդանալուց զերծ պահելու և քիչ թե շատ նորմալ սնունդ ապահովելու համար Այթանն ուզում է երեխաներին մանկապարտեզ տանել, սակայն անվճար մանկապարտեզներում տեղ չկա, իսկ վճարովիների համար ընտանիքը կրկին գումար չունի։
Այնուր Ջաբարովայի պատմությունը
62-ամյա Այնուր Ջաբարովան ապրում է իր թոշակառու ծնողների հետ․ հայրը 99 տարեկան է, մայրը՝ 93։ Ձեռքի հետ կապված խնդրի պատճառով Այնուրը 120 մանաթ [մոտ 70 դոլար] նպաստ է ստանում։ Նրա ուսերին է և ծնողների և տնտեսության համար հոգսը։ Կինն ասում է, որ ստիպված է իր հիվանդ ձեռքով լվացք անել, քանի որ լվացքի մեքենա գնելու համար նա փող չունի․ իր նպաստն ու ծնողների կենսաթոշակը չի հերիքում անգամ սննդին և կոմունալ ծախսերին։ Ձմռանը նրանց տանը շատ ցուրտ է, նրանք հաճախ են հիվանդանում, այդ պատճառով էլ ստիպված են «լևի» գազից օգտվել, այսինքն՝ միացել են գազի գծին՝ հաշվիչի շրջանցմամբ։
«Տանը ցուրտ է, պետք է լվացք անել, ձեռքով լվացքն, առանց այդ էլ, տանջանք է, իսկ սառը ջրով լվացքը՝ կրկնակի։ Սնունդ կարելի է պարտքով վերցնել խանութից, գազի դեպքում չես կարող, պետք է ցրտից մեռնես»։
Գազի «խաբեությունը» բացահայտվել է, և այժմ պետությունն ամսական 130 մանաթ [76 դոլար] է պահում նրանց թոշակներից՝ որպես տուգանք։ Այնուրի և նրա հոր խոսքով՝ ամեն ամիս իրենք միևնույն քանակությամբ մթերք են գնում, սակայն վերջին երկու տարում խանութին իրեց պարտքն աստիճանաբար ավելանում է աճող գների պատճառով։
Գյունայի պատմությունը
Գյունայ Ալիևան 30-ամյա միայնակ մայր է։ Որպես մենեջեր է աշխատում առևտրային ընկերությունում և աշխատում է ինքնուրույն բավարարել իր երեխայի բոլոր պահանջմունքները, սակայն յուրաքանչյուր ամիս ստիպված է մորից գումար խնդրել։ Գյունայն ասում է, որ 800 մանաթ [մոտ 470 դոլար] է ստանում, որոնցից 500-ը գնում է բնակարանի վարձի մարմանը։ Նախորդ տարի նրա աշխատավարձը 700 մանաթ էր, իսկ բնակարանի վարձավճարը՝ 350։ Բնակարանի վարձից զատ թանկացել են նաև կոմունալ ծառայությունները։ Կնոջ խոսքով՝ իր եկամուտը հերիքում է միայն բնակարանի վարձավճարին, կոմունալ ծախսերին և սննդամթերքի գնմանը։ Իսկ դստեր մանկապարտեզի և իր անձնական կարիքների համար ստիպված է գումար խնդրել մորից։
«Աշխատավարձն աճում է այն ժամանակ, երբ աճող գների պատճառով ստիպված ես նոր աշխատանք գտնել, այդ ժամանակ տնօրենը բարձրացնում է աշխատավարձը, որպեսզի աշխատակիցները չհեռանան։ Բայց այդ ընթացքում ծախսերդ աճում են 2-3 անգամ։ Աշխատում ես առավոտից մինչ գիշեր, բայց միևնույն է, չի հերիքում, ստիպված պարտքերի մեջ ես թաղվում»։
Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը գների հետևից «չի հասցնում»
Տնտեսագետ Ռովշան Աղաևն ասում է, որ, չնայած աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմանը՝ բնակչության նյութական դրությունը վատթարանում է գնաճի պատճառով։
Պաշտոնական տվյալներով՝ 2016-2022 թթ-ին (2022 թ-ի առաջին ութ ամսում) գնաճի տեմպը հիմնականում գերազանցում է եկամուտների աճի տեմպը (դա հատկապես վերաբերում է սննդամթերքի գներին)։ Իսկ վերջին երկու տարում (2021-2022) գնաճն այնքան է «արագացել», որ գերազանցում է բնակչության եկամտի աճը գրեթե 5-6 անգամ։
Ընդ որում, եկամուտների ինդեքսավորման մեխանիզմները, որոնց օգնությամբ կառավարությունը փորձում է բնակչությունը պաշտպանել գնաճից, անարդյունավետ են։ Այստեղ երեք մեխանիզմ կա․
1. նվազագույն աշխատավարձի բարձրացում;
2. բյուջետայի աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական վճարների ավելացում;
3. կենսաապահովման նվազագույն գումարի տարեկան վերանայում։
Մարդիկ պաշտոնական աշխատավարձով չեն ապրում
Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ ընդունվող որոշումները կարևոր դեր են խաղում անապահով տնային տնտեսությունների եկամուտների ձևավորման հարցում։ Վերջին հինգ տարում (2017-2022) նվազագույն աշխատավարձն աճել է մոտ 2.6 անգամ՝ 116 մանաթից հասնելով 300 մանաթի։ Սակայն չնայած նման կարճ ժամանակահատվածում այսպիսի զգալի աճին՝ բնակչության եկամուտները դեռևս հետ են գնաճի տեմպից։ Եվ դրա հիմնական պատճառն այն է, որ երկրի միայն յուրաքանչյուր երրորդ բնակչի եկամուտներն են ձևավորվում աշխատավարձի հաշվին։
Աշխատունակ բնակչության 4.9 մլն աշխատող քաղաքացիներից միայն 1.7 միլիոնն է պաշտոնապես աշխատում աշխատանքային պայմանագրով և պաշտոնական աշխատավարձ ստանում։ Մյուս կողմից՝ աշխատաշուկայի վիճակագրության համաձայն՝ լավագույն դեպքում հինգից մեկն է սահմանված նվազագույն չափին համապատասխան աշխատավարձ ստանում։
Կենսաապահովման նվազագույն գումարը նույնպես «հետ է ընկել»
Կենսաապահովման նվազագույն գումարի սահմանման գործող մեխանիզմները նույնպես անարդյունավետ են՝ գնաճի տեմպերին եկամուտների ինդեքսավորման համապատասխանության տեսակետից։ Կենսաապահովման նվազագույն գումարը այն սննդամթերքի արժեքն է, որը բավարար է մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության ապահովման և առողջության պահպանման համար, դա նաև ոչ մթերային ապրանքների և ծառայությունների նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է անձի հիմնական սոցիալական և մշակութային պահանջմունքների բավարարման համար։ Հետազոտվող ժամանակահատվածում կենսաապահովման նվազագույն գումարի բարձրացումը հիմնականում հետ է եղել գնաճի տեմպից։
Աշխատունակ տարիքի անձանց համար կենսաապահովման նվազագույն գումարը 2016 թ-ին կազմել է 146 մանաթ, 2022 թ-ին՝ 220 մանաթ։ Այսինքն՝ ավելացել է 50%-ով։ Սակայն ամենաանհրաժեշտ 20 ապրանքների և երեք տիպի կոմունալ ծառայությունների գները նույն ժամանակահատվածում, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են մոտ 75%-ով։
Բնակչության ամենօրյա սննդակարգի մաս կազմող 20 տեսակի սննդամթերքի գինն աճել է 68%-ով։ Իսկ հիմնական կոմունալ ծառայությունները (էլեկտրականություն, գազ և ջուր) թանկացել են միջինում 80%-ով։ Եթե 2016 թ-ին կոմունալ ծառայությունների նվազագույնփ փաթեթը մեկ հոգու հաշվարկով կազմել է 10.5 մանաթ, ապա այժմ այդ գումարը կազմում է 19 մանաթ։
Այսպիսով՝ եթե որպես հիմք ընդունենք սպառողական զաբյուղը, որը կազմված է ամենաանհրաժեշտ սննդամթերքից և կոմունալ ծառայություններից, ստացվում է, որ վեց տարում կյանքն Ադրբեջանում թանկացել է 75%-ով, իսկ միջին աշխատավարձն աճել է ընդամենը մոտ 65%-ով։
Բնակչության միջին եամուտներն էլ ավելի դանդաղ են աճում։ Այսպիսով՝ 2016-2021 թթ-ին մեկ մարդու նոմինալ եկամուտն աճել է ընդամենը 21%-ով, իսկ եթե հաշվի առնենք 2022 թ-ի ենթադրվող 13-14% ընդհանուր գնաճն, ապա գներն աճում են գրեթե կրկնակի ավելի արագ, քան բնակչության եկամուտները։
Համավարակ և պատերազմ
Ռովշան Աղաևի խոսքով՝ գնաճի տեմպի վրա ազդել է ևս երկու պատճառ՝ համավարակն ու պատերազմը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ։
Համավարակի ժամանակ խնդիր էին փակ սահմաններն ու համընդհանուր ճնաժամը, և գնաճը, որն այն ժամանակ էր առաջացել, սահմանների բացումից հետո ոչ մի տեղ չի անհետացել։
Իսկ պատերազմն ազդել է մատակարարման շղթաների վրա՝ ընկերություններին ստիպելով բեռները տեղափոխել՝ Ռուսաստանի շրջանցմամբ, իսկ դա ավելի դանդաղ է և թանկ։