Գյումրի. թե ինչպես է ռուսական ռազմաբազան վնասում տեղացիներին
Գյումրիի ռուսական ռազմաբազան: Լուսանկարը՝ Երանուհի Սողոյանի
«Կովկասյան հանգույցը» (Кавказский узел) հրապարակել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետ կապված ողբերգական միջադեպերի և արյունալի սպանությունների մանրամասն տեսությունը:
Ժամանակային տեսանկյունից ամենավերջին հրեշային պատմությունը նոր է հանգուցալուծում ստացել: Այս տարվա օգոստոսին ռուսական զինծառայող Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկման դատապարտվեց:
Որոշումը կայացվել է 1,5 տարի տևած դատաքննությունից հետո: 2015թ-ի հունվարի 12-ին նա Գյումրիում սպանել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին, այդ թվում նաև՝ 6-ամսական երեխային:
Ահա հանցագործությունների ցանկը, որոնք կատարվել էն 1995-ին Գյումրիում ռազմաբազայի տեղակայումից ի վեր, Ռուսաստանի զինվորականների կողմից: Այն կազմված է «Կովկասյան հանգույց» (Кавказский узел) տեղեկատվական գործակալության կողմից:
1999թ. կրակոցներ շուկայում
1999թ-ի ապրիլի 14-ին ինքնաձիգներով զինված երկու ռուս սահմանապահ, ոչ սթափ վիճակում մտել են Գյումրիի շուկա և անկանոն կրակ բացել: Զոհվել էր երկու մարդ, ևս ինը՝ վիրավորվել:
Սահմանապահները՝ եֆրեյտոր Ալեքսանդր Կամենևն ու շարքային Դենիս Պոպովը, զինաթափ էին արվել շուկայի վաճառողների կողմից և տեղափոխվել ոստիկանություն: Քննությունը մի քանի ամիս տևեց: Ռուսական և հայկական կողմերի դատական համակարգերի համաձայնությամբ՝ գործընթացը տեղի էր ունենում Հայաստանում, հայկական դատավորի նախագահությամբ, ընթացակարգային գործողություններն իրականացվում էին՝ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի:
1999թ-ի դեկտեմբերի 27-ին Գյումրիում դատարանը Կամենևին ու Պոպովին դատապարտեց համապատասխանաբար 15 և 14 տարի ազատազրկման:
Կամենևը մինչև 2011թ-ի հունիսն իր պատիժը կրում էր Հայաստանի տարածքում: Այնուհետև ռուսական կողմի միջնորդությամբ նա իր հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել էր Ռուսաստան:
Պոպովը Հայաստանում անցկացրեց ընդամենը 2 տարի: 2001թ-ի ապրիլի 18-ին փոխանցվեց ՌԴ իրավապահ մարմիններին: Տեղեկատվություն այն մասին, թե որտեղ են շարունակել պատիժը կրել Կամենևն ու Պոպովը, «Կովկասյան հանգույցը» չի կարողացել գտնել:
2003թ. փոխհրաձգություն զորամասի մոտ
2003թ-ի հուլիսի 11-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածք էին փորձել ներխուժել մի քանի երիիտասարդ: Ականատեսների վկայությամբ, նրանք հանդիպել էին զորամասի հերթապահի դիմադրությանը, ծեծկռտուք էր սկսվել, որի արդյունքում հրազեն էր կիրառվել:
Արդյունքում սպանվել էին Գյումրիի բնակիչներ Արթուր Պողոսյանն ու Արմեն Արոյանը: Եվս երկուսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Միջադեպից հետո զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովը: Անդրկովկասյան ռազմական շրջանի ռազմական խորհրդի հաշվետվությունում ասվում էր, որ Տիտովը զինվորական կարգապահության կոպիտ խախտումներ էր թույլ տվել և «չէր կատարել իր անմիջական ծառայողական պարտականությունները»:
2013թ. դեռահասների զոհվելը տանկային հրաձգարանում
2013թ-ի ապրիլի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտ՝ ռուսական տանկային հրաձգարանի տարածքում զոհվեց այդ գյուղի 2 բնակիչ՝ 2001թ-ին ծնված Ա. Մկրտչյանն ու 1997թ-ին ծնված Մ. Գևորգյանը:
Ըստ վարկածներից մեկի՝ երեխաները մահացել էին ականի պայթյունից: Դեռահասները նրանցից մեկի հոր հետ ոչխարներին էին արածացնում, տեսնելով արկերն ու նռնակների մնացորդները, սկսել էին խփել քարին, ինչի հետևանքով դրանք պայթել էին:
Ըստ դատախազության վարկածի՝ դեռահասներն ապօրինաբար մետաղի թափոն էին հավաքում հրաձգարանի տարածքում:
2015թ. ընտանիքի սպանություն Գյումրիում
2015թ-ի հունվարի 12-ին Գյումրիում ինքնաձիգից արձակած կրակոցների հետևանքով սպանվեցին մեկ ընտանիքի բոլոր անդամները՝ Սերյոժա Ավետիսյանը (1961թ.-ի ծնված), նրա կինը՝ Հասմիկ Ավետիսյանը (1959թ-ի ծնված), նրանց երեխաներ Աիդա Ավետիսյանը (1979թ-ի ծնված), Արմեն Ավետիսյանը (1981թ-ի ծնված), հարսը՝ Արաքսիա Պողոսյանը (1990թ-ի ծնված), նրանց երկու տարեկան աղջիկը՝ Հասմիկ Ավետիսյանը:
Միակ ողջ մնացածը Սերյոժա Ավետիսյանի 6-ամսական թոռն էր, ում վիրահատեցին, սակայն ավելի ուշ նա մահացավ հիվանդանոցում:
Ոստիկանությունն առաջ քաշեց այն վարկածը, որ սպանությունը կարող էր կատարել 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն, ով առավոտյան փախել էր ծառայության վայրից:
Հունվարի 13-ի գիշերը սահմանապահ ուժերը նրան ձերբակալեցին Հայաստանի արևմտյան հատվածում՝ Բայանդուր գյուղի մոտ Թուրքիայի սահմանը հատելու փորձի ժամանակ: Պերմյակովը քաղաքացիական հագուստով էր, առանց փաստաթղթերի, սակայն 3 բջջային հեռախոսներով, գրպանում եղել է նաև լապտեր և 6 հազար դրամ:
Նույն օրը Պերմյակովը խոստովանել է Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Հարցաքննությանը նա ասել է, որ չէր ծրագրել սպանությունը, սակայն նպատակադրված էր եղել փախչել: Նա չէր ուզում բանակում ծառայել, իսկ մարդկանց սպանել էր վախից, որ իրեն կմատնեն:
Միջադեպից հետո Պերմյակովը երկու ամսով կալանավորվել և գտնվում էր ռազմաբազայի տարածքում:
Հունվարի 15-ին Գյումրիում զանգվածային բողոքի ակցիաներ, անկարգություններ ու ոստիկանության հետ բախումներ տեղի ունեցան: Հազարավոր մարդիկ պահանջում էին Հայաստանին հանձնել ռուս զինծառայողին:
2015թ-ի հունվարի 19-ին ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Հայաստան կատարած իր այցի ընթացքում խոստացավ, որ Պերմյակովի գործով դատաքննությունը կանցկացվի Հայաստանում և այն հանրային բնույթ կկրի, սակայն այն վարելու է Ռուսաստանի ռազմական դատարանը:
Փետրվարի 3-ին Հայաստանի գլխավոր դատախազը դիմեց իր ռուս գործընկերոջը՝ Պերմյակովին Հայաստանին հանձնելու միջնորդությամբ:
2016թ-ի օգոստոսի 23-ին Գյումրիի դատարանը Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ նրան մեղավոր ճանաչելով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության, ավազակային հարձակման և սահմանի ապօրինի հատման փորձի համար:
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը (տեղեկատվությունը պատրաստված է «Կովկասյան հանգույց» (Кавказский узел) գործակալության կողմից)
- 2010թ-ի օգոստոսին ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվեց 1995թ-ի հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման արձանագրություն, որի համաձայն ռուսական ռազմաբազան տեղակայվում է Գյումրի քաղաքում մինչև 2044թ-ը: Պայմանագրի ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն երկարաձգեց 49 տարով:
- Գյումրիում՝ Հայաստանի հյուսիսում, տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում: Ռուսաստանն ու Հայաստանը 2010թ-ի օգոստոսի 20-ին երկարաձգեցին այդ բազայի տեղակայման պայմանագրի ժամկետը: Պայմանագիրը ստորագրվել է 1995թ-ին, դրա ժամկետը կազմում էր 25 տարի, իսկ այժմ այդ փաստաթուղթը գործելու է մինչև 2044թ-ը: Պայմանագիրը ենթադրում է նաև «բազայի աշխարհագրական ու ռազմավարական պատասխանատվության ընդլայնում»:
- Գյումրիի ռուսական ռազմաբազան զինված է Ս-300 զենիթահրթիռային համակարգով և ՄԻԳ-29 կործանիչներով, զինծառայողների թիվը հասնում է 4,5 հազարի:
- Ռազմաբազան երկու գործառույթ ունի՝ ՌԴ շահերի պաշտպանություն և հայկական զինվորականների հետ համատեղ Հայաստանի անվտանգության ապահովում:
- Ռուսական կողմը պարտավորվել է հայկական կողմին մատակարարել «ժամանակակից և համատեղելի զենք, ռազմական և հատուկ տեխնիկա»:
- Թուրքիայի (330կմ) և Իրանի (45կմ) հետ Հայաստանի սահմանի պաշտպանությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը:
- Հայաստանի ղեկավարույթունը ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի առկայությունը համարում է հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ: Այստեղ ռուս սահմանապահների ներկայության համար հիմք է հանդիսանում հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին Երևանում 1992թ-ի սեպտեմբերի 30-ին կնքված միջպետական պայմանագիրը:
- Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը 4 սահմանապահ ջոկատ է ներառում՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ-անցագրային կետ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում:
- Հայաստանում ռուս սահմանապահների պահպանությունը (մոտ 4,5 հազար մարդ) հավասարաչափ ապահովվում է երկու երկրների կառավարությունների կողմից: