Գիշերային Բաքվի վտանգներն ու գեղեցկությունը լուսանկարներով և պատմություններով
Մենք որոշել ենք զբոսնել գիշերային Բաքվում, և ոչ միայն զբոսաշրջային վայրերում։ Եվ հարցրել ենք բաքվեցիներին, թե որ հատվածներում չարժե գիշերը զբոսնել, և ինչից են նրանք վախենում քաղաքում։
Կրիմինալ պատշգամբ
«Գիշերներն ամենուր, մասնավորապես, մեր պատշգամբի տակ, մշտական կռիվներ են, վայնասուն (ինչ-որ մեկը մյուսին կողոպտում է, բռնաբարում և ծեծում)։ Այս ամենին ես այնքան եմ սովորել, որ նույնիսկ ուշադրություն չեմ դարձնում։ Պարզապես Բաքվի բնակչությունը գիտի, որ երբ մութն ընկնում է, ավելի լավ է տնից դուրս չգալ»։
Սա հատված է նամակից, որ տարեց բաքվեցի կինը գրել է ընկերուհուն։ Ֆեյսբուքում այն հրապարակել է հենց այդ ընկերուհու դուստրը՝ ռուս լրագրող Ելենա Ռիկովցևան, 2015թ-ին։
«Բաքվի բնակչությունը» մինչև հոգու խորքը վիրավորվել էր։
Չնայած իր բոլոր թերություններին՝ Բաքուն չես կարող հանցավոր քաղաք անվանել, որտեղ հենց այդպես հեշտությամբ պատշգամբի տակ մարդ են բռնաբարում։ Մթության մեջ մարդասպանների բանդաներ չեն շրջում։ 2017 թ-ի ընթացքում Ադրբեջանում մոտ 26 հազար հանցագործություն է կատարվել, և դրանցից միայն 271-ն է կողոպուտ, և սա՝ 9 միլիոն բնակչություն ունեցող երկրում։
Եկե՛ք, մի՛ վախեցեք
Բաքուն անվտա՞նգ քաղաք է։ Այս հարցը զբոսաշրջիկները հաճախ են տալիս ճամփորդությունը պլանավորելիս։ Իհարկե՝ պատասխանում են ֆորումներում։ Մի՛ վախեցեք, հանգիստ եկեք։
Կան անվտանգության գնահատման միջազգային տարբեր չափանիշներ։ Փաստացի դրանք հանցավորության մակարդակն են ցույց տալիս, բայց «հակառակ կողմից»։ Օրինակ, NUMBEO վարկանիշը քաղաքները գնահատում է հանցավորության, թմրամոլության, կողոպուտի և փողոցում վիրավորնաք հասցնելու վերաբերյալ բնակիչների մտահոգության մակարդակով։
NUMBEO—ի համաձայն՝ Բաքուն անվտանգ է գիշերը և շատ անվտանգ՝ ցերեկը, և, ընդհանուր առմամբ, անվտանգության ցուցիչը 71,26 է։
Այս արդյունքը շատ էր ուրախացրել ադրբեջանական լրատվամիջոցներին: Սակայն, եթե հաշվի առնենք հետազոտության մեթոդաբանությանը, NUMBEO-ի վարկանիշն 96 մարդու առցանց հարցման արյունք է։
World Economic Forum ավելի համալիր հետազոտման մեջ, որտեղ երկրները համեմատվում են զբոսաշրջության ոլորտում մրցունակության մակարդակով, կան նաև անվտանգության ցուցանիշներ։ Եվ այստեղ Ադրբեջանը բավականին բարձր է գնահատվել․ այն 35-րդն է 136 երկրների շարքում։
Քաղաքի կենտրոնը
Այստեղ ամեն ինչ լավ լուսավորված է՝ բարերը, սրճարանները, ռեստորանները։ Գիշերային ակումբներն աշխատում են մինչև լույս։
Invalid slider ID or alias.
Քաղաքի «ամենազբոսանքային» փողոցը Նիզամիի՝ նախկին Առևտրային փողոցն է։ Այստեղ են հայտնի «ջահերը», որոնց պատճառով շատերը Բաքուն Վիեննայի հետ են համեմատում, և այստեղ շատ են արաբական երկրներից ժամանած զբոսաշրջիկները։
• Այն մասին, թե ինչպես են մարմնավաճառներ հայտնվել Բաքվի գլխավոր զբոսանքային փողոցում
• Պատմում է Բաքվի գլխավոր հրապարակը
Հին քաղաքը՝ նույն ինքը Իչերի Շեհերը։ Այստեղ հանգիստ է, խաղաղ և լուսավոր։ Հին քաղաք-լաբիրինթոս, որտեղ ամեն ինչ հարմարեցված է զբոսաշրջիկների համար․ բազմաթիվ հյուրանոցներ, հուշանվերներ, տեղական խոհանոցով և «ազգային կոլորիտով» ռեստորաններ, հարմարավետ պանդոկներ՝ տեղական գինով։
• Ինչո՞ւ է Բաքուն կատուների քաղաք
Բաքվի բուլվարը՝ պաշտոնապես ծովափնյա այգին։ Այստեղ նույնպես ամեն ինչ զբոսաշրջիկների համար է, գեղեցիկ է և կոկիկ։ Կեգիշերին մոտ այստեղ մարդ չի լինում, միայն վազում են ուշացած մարզիկները։
Բաքվեցիների վախերը․ «մեր բակի տղաները»
Դա հին սովորույթ է, որն այժմ Բաքվում դանդաղ մեռնում է։ Բակի տղաները հետևում են, որպեսզի իրենց տարածքում ամեն ինչ «վերահսկողության տակ» լինի, և, օտար մեկին նկատելիս ձգտում են վտարել նրան, կամ դաս տալ։
«Ես ընկերուհուս տուն էի ճանապարհում։ Մենք հրաժեշտ տվեցինք միմյանց, և այդ պահին ինձ մոտեցավ բակի տղաներից մեկը և սկսեց պարզել, թե ինչու եմ ես այստեղ աղջկա անհանգստացնում։ Ես պատասխանեցի, որ չեմ անհանգստացնում, հանդիպում եմ նրա հետ։ «Դու ընդհանրապես գիտե՞ս, թե ինչ կիրթ ընտանիք ունի նա»։ Ես ասացի, որ բուհում եմ դասավանդում և լուրջ մտադրություններ ունեմ։ Իսկ հետո շնորհակալություն հայտնեցի նրան հարևանուհու համար անհանգստանալու համար։ Կարծում եմ, որ դա նրան համոզեց, և նա հեռացավ»։
Գրեթե կենտրոն
Մետրոյի «Էլմար Աքադեմիասի» կայարանի մերձակայքում գտնվող թաղամասը․ այստեղ քաղաքային երկու հայտնի բուհ կա և Գիտությունների ակադեմիան։ Երեկոյան 11-ից հետո փողոցներում ոչ թե վտանգավոր է, այլ մի թեթև երկյուղալի։ Խմբերով կամ միայնակ զբոսնում են հիմնականում երիտասարդ տղամարդիկ, թափառական շներ են հավաքվում։
Մետրոյի «Մայիսի 28» կայարանի և երկաթուղային կայարանի թաղամասը։ Խոշոր տրանսպորտային հանգույց է։ Լավ լուսավորված է, կյանքը եռում է մինչև ուշ գիշեր։ Այս թաղամասի ամենահաճելի գիծը բազմազանությունն է։ Սրճարանները, ռեստորաններն ու փաբերն այստեղ շատ տարբեր են՝ մաքուր և «գլամուրայիններից» մինչև միայն «տղամարդկանց համար» ամենաէկզոտիկ պրոլետարական ճաշարաններ։
• Այս տեսանյութում պարզաբանվում է, թե ինչ է «տղամարդկանց» սրճարանը Բաքվում
Այստեղ գիշերը բնավ սարսափելի չէ, սակայն Ազադլիգ պողոտայի որոշ նկուղային բարեր վատ համբավ ունեն։
Բաքվեցիների վախերը․ թափառական շներ
Ադրբեջանում իշխանությունները թափառական շների թվաքանակը կարգավորելու միայն մեկ ձև գիտեն՝ կրակելով սպանելը։ Պոպուլյացիան չի նվազում, ընդհակառակը, փողոցային շները 8-15 առանձնյակներից բաղկացած ոհմակ են կազմում և ապրում ծայրամասերում կամ նույնիսկ կենտրոնին բավականին մոտ։
«Մի անգամ ընկերներիս հետ քաղաքից դուրս էինք գնացել։ Վերադարձա գիշերվա մեկին-երկուսին։ Ընկերս խոստացավ տեղ հասցնել։ Ես կենտրոնից հեռու էի ապրում՝ «Ութերորդ կիլոմտրի» շուկայի մոտ։
Ընկերս ասաց, որ ծուլանում է ինձ մինչև մեր շենք հասցնել, շուկայի մոտ կկանգնի։ Ես չվիճեցի, մտածեցի, որ «ավելի լավ է՝ մեկ անգամ տեսնել»։ Մենք հասանք շուկայի մոտ, և ես նրան խնդրեցի պատուհանը բացել։ Տասը շուն հաչելով հարձակվեց մեքենայի վրա։ Ընկերս լուռ շրջադարձ կատարեց այնքան արագ, ինչպես ստացվեց, և ինձ հասցրեց մեր շենքի մուտքի մոտ»։
Վատ վայրեր
Մենք խոսել ենք բաքվեցիների հետ՝ պարզելու, թե քաղաքի որ վայրերն են առավել տագնապալի, և մեկնել ենք այդ ուղղություններով՝ ստուգելու։ Ամենաշատ ձայները հավաքել էր Նոր Յասամալն ու մետրոյի «Հունվարի 20» կայարանի թաղամասը։
Նախկինում Բաքուն արևմտյան կողմից ավարտվում էր «Յասամալ» թաղամասով։ «Նոր Յասամալը» կառուցել են դրա հետնամասում՝ այնտեղ, որտեղ պարզապես ամայի տարածք էր։
Այստեղ կարելի է հասնել համար 77 ավտոբուսով՝ իջնելով վերջին կանգառում։ Իջնելիս անսովոր ոչինչ չնկատեցինք։ Բաքվի ծայրամասային շրջանի ստանդարտ համայնապատկեր․ բարձրահարկ շենքեր, որոնք կառուցվել են, ինչպես պատահի, առանց որևէ ընդհանուր պլանի, և նույնպիսի «տարերային» փողոցներ։ Նեղ անցումներ շենքերի արանքում, նեղ մայթեր, փոքր գույնզգույն խանութներ և բրուտալ «տղամարդկանց» սրճարաններ առաջին հարկում։
Ճանապարհը, որով եկել էինք, մայրուղուն էր հարում, որը մի կողմից ցանկապատված է։ Ցանկապատից այն կողմ բացարձակ մթություն էր, կարծես՝ աշխարհի վերջը լիներ։
Ի՞նչ կա այստեղ վախենալու։ Ասում են, հարկ է վախենալ հենց այն տղաներից, որոնք իրենց «թաղի» պատիվն են պահում։
Մետրոյի «Հունվարի 20» կայարանը գտնվում է Բաքվի ավտոկայանի մոտ։ Այստեղ խոշոր տրանսպորտային հանգույց կա, մի քանի հիվանդանոց, երկար գետնանցում խաչմերուկի տակ, որտեղ վատ որակի էժան հագուստ են վաճառում։ Մոտակայքում Թբիլիսյան պողոտան է, որը դեռ մի քանի տարի առաջ բոլոր սեռերի մարմնավաճառների հավաքատեղի էր։ Հիմա նրանք էլ այդտեղ չեն հավաքվում, բայց «Թբիլիսյան պողոտայում աշխատել» արտահայտությունը մտել է բաքվեցիների խոսքի մեջ։
Բաքվեցիների վախերը․ կանանց հարցը
Ադրբեջանում հայրիշխանությունը չի զիջում դիրքերն, այդ պատճառով էլ կանանց և տղամարդկանց համար կյանքի չգրված կանոնները տարբեր են։ Թեկուզև ոչ բոլորը, բայց շատերն Ադրբեջանում կարծում են, որ կինը երեկոյան 10-ից հետո փողոցում անելու բան չունի։ Մյուս կողմից, դա բնավ չի նշանակում, որ նրան փողոցում անպայման կնեղացնեն։ Ահա, թե ինչ են պատմում բաքվեցիները։
«Ամառ է, զգեստ եմ հագել, դասընթացներից տուն եմ վերադառնում։ Ականջակալներն ականջներիս չեմ նայում կողքերս։ Երբ բենզալցակայանի կողքով էի անցնում (իսկ այդ հատվածում մայթը շատ նեղ է), մեկը հետևից քաշեց։ Ես շոկի մեջ հետ նայեցի՝ տեսնեմ մի խումբ արաբ զբոսաշրջիկներ են կանգնած։ Նրանք ինչ-որ բանի վրա էին ծիծաղում, բայց ոչ ոք այդպես էլ ինձ չնայեց։ Նրանք շատ էին, ես՝ մենակ։ Մութ էր։ Չգիտեի՝ ինչ անել։ Պարզապես տուն գնացի։ Գնում էի տուն և մտածում, որ հիմա հասնեմ, միանգամից մտնելու եմ ցնցուղի տակ, որ «վրայիցս մաքրեմ այդ կեղտն», ինչպես ֆիլմերում»։
«Ամեն ինչ կախված է հենց այդ նույն Նոր Յասամալ թաղամաս ավտոբուսով գնալու ժամից։ Ժամը տասին տուն են վերադառնում, օրինակ, խանութներում վաճառող աշխատող կանայք։ Իսկ եթե արդեն գիշերը 12-ն է, ավտոբուսում բոլորը կասկածելու են, որ ինչ-որ վատ տեղից ես վերադառնում, այնպես որ, կարող են խնդիրներ առաջանալ»։
«Ես մի անգամ գիշերը 12-ին կանգառում նստած տաքսի էի սպասում։ Մոտոցիկլետով մի տղա մոտեցավ, առաջարկեց տեղ հասցնել։ Շատ հաճելի դեմք էր, չէր պնդում, ոչ մի նման բան։ Ես ասացի, որ արդեն տաքսի եմ կանչել, նա մնաց կողքս, մինչև տաքսին գար, ինձ բարի գիշեր մաղթեց և հետո նոր գնաց»։
Ծայրամասը
Խուլ ծայրամասերն՝ այսպես կոչված «Բաքվի ավանները»․ այստեղ գիշերը վախենում ես ոչ թե կրիմինալից, այլ, որ փողոցներում կարող է լուսավորություն, մայթ, ասֆալտ, խանութ, տրանսպրտ չլինել։