Բաքվեցիները վրդովված են, որ մարմնավաճառներն աշխատում են քաղաքի գլխավոր փողոցում" />

Ադրբեջանական սեքս-զբոսաշրջություն. արաբական ամառ

Բաքվեցիները վրդովված են, որ մարմնավաճառներն աշխատում են քաղաքի գլխավոր փողոցում

«Հետո ի՞նչ, որ լեզու չգիտեմ, չէ՞ որ ժեստերով կարող եմ բացատրել», – ասում է Փարվանան:

Բնականաբար, աղջկա անունը պայմանական է: Նա նստած է Պարապետի (պաշտոնապես՝ Շատրվանների հրապարակ – խմբ.) շատրվանի առջևի նստարանին: Արդեն երեկո է: Շուտով զբոսաշրջիկներն այնքան են շատանալու, որ նույնիսկ գերազանցելու են տեղացիների թիվը:

Փարվանան աշխատում է արաբների հետ: Ասում է, որ երբեմն լինում են նաև իրանցիներ և ադրբեջանցիներ: Սակայն, ըստ նրա, արաբներն ավելի շատ են վճարում:

«Բոլորը հասկանում են «մանի»՝ «փող» բառը: Բացում եմ «հաշվիչ» հավելվածը հեռախոսի մեջ և գրում թիվը: Եթե գլուխը տարուբերում է, ջնջում եմ թվերը, գրում նորը, եթե «ընկերուհու» հետ ենք գնում, գինը կրկնապատկվում է», – պատմում է Փարվանան:

Գինը, նրա խոսքով, ժամը 100 մանաթ է (59 դոլար) կամ 150 (88 դոլար), եթե բախտդ բերեց: Երկրում միջին աշխատավարձը ամսական մոտ 300 դոլար է: Այսպիսով, աշխատելով շաբաթական ընդամենը 5 օր և սպասարկելով օրը մեկ հաճախորդի՝ Փարվանան կարող է ամսական 1260 դոլար վաստակել, այդ գումարը բացարձակ անհավանական է կրթություն և որևէ առանձնահատուկ ունակություն չպահանջող աշխատանքի համար: Համեմատության համար՝ հավաքարարն օրական 12 դոլար է ստանում լավագույն դեպքում:

Զբոսաշրջության բարգավաճումը

Վիզային ռեժիմը Պարսից ծոցի և որոշ այլ արաբական երկրների համար պարզեցվել է 2016թ-ին: Արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, ամեն օր այդ երկրներից 500-ական զբոսաշրջիկ է գալիս, ասում է փորձագետ-տնտեսագետ Թորգուլ Մաշալին. «Առաջին և երկրորդ տեղերում Իրաքն ու ԱՄԷ-ն են: Երբ ուղիղ չվերթ բացվեց Քուվեյթից, ուղևորահոսքն այնտեղից ավելացավ 8 անգամ»:

Ի՞նչն է այդ երկրների զբոսաշրջիկներին գրավում Ադրբեջանում:

Փորձագետները դեպի Ադրբեջան արաբների զանգվածային հոսքի մի քանի պատճառ են նշում: Օրինակ, «Ադրբեջանը որպես Թուրքիայի այլընտրանք»:

Ինչպես ասում է Ադրբեջանի զբոսաշրջության ասոցիացիայի ղեկավար Նահիդ Բագիրովն AzVision.az—ին տված հարցազրույցում, արաբ զբոսաշրջիկների հոսքը դեպի Ադրբեջան սկսվել է ապրիլից. «Ադրբեջանը հարմար վայր է Իրանից և արաբական երկրներից եկած զբոսաշրջիկների համար: Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչություններից և արյունոտ իրադարձություններից հետո այնտեղ մեկնելուց հրաժարվող զբոսաշրջիկները գալիս են Ադրբեջան: Այսօր հյուրանոցների մեծ մասը լի է արաբներով, սեպտեմբերին այդ իրավիճակը գագաթնակետին կհասնի: Արաբները հիմնականում կանգ են առնում 4-5-աստղանի հյուրանոցներում: Եվ միայն Իրանից եկած զբոսաշրջիկներն են նախընտրում երեքաստղանի հյուրանոցները»:

Այլ պատճառների թվում է մանաթի արժեզրկումը (որի շնորհիվ երկրում ապրելն այնքան էլ թանկ չէ դոլարային հաշվարկով), քաղաքի համեմատաբար եվրոպական տեսքն ու զվարճանքների հասանելիությունը, որը չի կարող լինել իսլամական երկրներում, վերցնենք, օրինակ, ալկոհոլը:

Զբոսաշրջության փորձագետ Նուրայ Քերիմովան JamNews-ի համար իր մեկնաբանությունում ասում է. «Ադրբեջան եկող բոլոր կատեգորիայի արաբների համար թանկ եվրոպական քաղաքներում եվրո ծախսելու փոխարեն նախընտրելի են Բաքվի էժան ռեստորաններն ու բարերը: Եվս մեկ կարևոր պատճառ է, որ Բաքուն շատ անվտանգ քաղաք է»:

Պատճառը, որը չեն բարձրաձայնում մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում, ինչպես նաև զբոսաշրջային ընկերություններում, նշում է Փարվանան.

«Թանկ բուտիկներ, զվարճանքի կենտրոններ նրանց երկրներում էլ շատ կան, արաբները Բաքու են գալիս ոչ շոփինգի համար: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն, ինչի համար նրանք գալիս են այլ երկրներ, նրանց հայրենիքում արգելքի տակ է: Իրենց հայրենիքում նրանք չեն կարող ազատ տեղաշարժվել, զվարճանալ, զվարճանքները շատ քիչ են: Այդ պատճառով էլ նրանց գրավում է Ադրբեջանը: Հատկապես բարերը: Բարերում նրանք կարող են հանգիստ խմել և աղջիկների հետ ծանոթանալ», – ասում է Փարվանան:

Առևտրային փողոց

Բաքվում որպես «Առևտրային» հայտնի Նիզամիի փողոցում զվարճանքի օբյեկտներ քիչ կան: Ադրբեջանում կազինոն արգելել են դեռևս 90-ականների վերջին, սեքս-ծառայություններն օրենքից դուրս են, այդ պատճառով էլ Բաքվում «կարմիր լապտերների փողոցներ», ի տարբերություն ուրիշ այլ քաղաքների, չկան:

«Առևտրայինում» հիմնականում տեղակայված են սրճարաններ և բուտիկներ: Զբոսաշրջիկներն, այդ թվում՝ արաբ, այստեղ զբոսնում են իրենց ընտանիքներով և ցերեկային և երեկոյան ժամերին: Երեկոյան նրանցից շատերի համար ընտանեկան զբոսանքները փոխարինվում են «որսով» միայնակ կամ տղամարդկային շրջապատում: Թեև Փարվանան ասում է, որ իրականում իսկական «որսորդներն» իրենք են, այլ ոչ թե արաբ զբոսաշրջիկները:

«Գիտենք, որ երեկոյան նրանք հավաքվում են Պարապետում, Առևտրայինում, այդ պատճառով էլ այնտեղ ենք գնում: Զննում ենք, գնահատում, աշխատում ընտրել, որ ավելի համակրելի և հարուստ լինի: Նրա հետ, որ դուրս չի գալիս, երբեք չեմ գնա», – ասում է Փարվանան:

Նա հավելում է նաև, որ նախկինում աշխատել է բարում: Իսկ հիմա մենակ է աշխատում, ավելի ճիշտ՝ ընկերուհու հետ:

«Բարում աշխատելը ձեռնտու չէ: Ծախսերը շատ են: Ավելի ձեռնտու է բնակարան վարձելը: Հյուրանոցներ գնալը ռիսկային է: Արաբները կարող են մեզ չվճարել»:

«Բնակարաններում աղջիկներն իրենց ավելի ազատ են զգում: Մի անգամ Փարվանան ընկերուհու հետ ծեծել է մի զբոսաշրջիկի, որը հրաժարվել է վճարել: Հյուրանոցում նա կարող էր օգնություն կանչել»:

Բնակարանների ամենօրյա վարձակալությունն, ուր աղջիկները հաճախորդների հետ գնում են սակարկությունից հետո, կազմում է 60-70 մանաթ ($35-40):

Անշարժ գույքի գործակալի խոսքով, որը ցանկացավ անհայտ մնալ, երկու սենյականոց բնակարանի վարձակալությունը մեկ օրով «Նիզամի» կինոթատրոնի հարևանությամբ Բյուլբյուլի պողոտայում կարող է 100 մանաթ արժենալ:

«Բնակարանի տերը գիտի, թե ով է վարձակալում այդ բնակարանը, թե ինչ նպատակով է մարդ այն վարձում: Նրանք կենտրոնից հեռու չեն գնա, օրինակ «Նեֆթչիլար» կամ «Հունվարի 20-ի» փողոց Բաքվի ծայրամասային շրջաններ – խմբ.): Այդ պատճառով էլ համաձայնում են իրենց սեքս-ծառայություններ մատուցող կանանց հետ հանդիպել միայն քաղաքի կենտրոնում»:

Ավելի հարուստ և շրջահայաց զբոսաշրջիկները նախապես են պատրաստվում: Էսկորտ-ծառայությունների տարբեր կայքերի միջոցով նրանք կապվում են Բաքվում ապրող կանանց հետ և որոնք ցանկություն են արտահայտում հանդիպելու արաբ տղամարդկանց հետ: Այդպիսի կայքերից մեկը, որի անվանումը չենք ուզում նշել, ինտիմ ծառայությունների կես ժամը 100 դոլար է գնահատում, մեկ ժամը՝ 200 դոլար, 4 ժամը՝ 600 դոլար, 24 ժամը՝ 1000 դոլար: Վճարումը՝ կանխիկով: Տաքսու վճարը գնի մեջ չի մտնում:

«Դա խայտառակություն է»

Արաբ զբոսաշրջիկների հոսքը դեպի Ադրբեջան, մասնավորապես սեքս-ծառայությունների համար, տեղի բնակիչների ոչ միանշանակ արձագանքն է առաջացրել: Սոցցանցերի ադրբեջանական սեգմենտում այդ հարցը վաղուց վերածվել է բուռն քննարկումների առարկայի: Սոցցանցերի որոշ օգտատերեր, որոնք ականատես են լինում, թե ինչպես են սեքս-աշխատակիցները գին սակարկում զբոսաշրջիկների հետ, լուսանկարում են այդ տեսարաններն ու տեղադրում սոցցանցերում:

«Ամեն երեկո քաղաքի կենտրոնում ադրբեջանցի «աղջիկները» մոտենում են արաբների և լկտի կերպով առաջարկում իրենց: Ես ամեն երեկո բազմիցս ականատես եմ եղել նման տեսարանի: Ամենակենտրոնական փողոցում, չիմանալով միմյանց լեզուն, նրանք սակարկում են ժեստերով: Դա խայտառակություն է»: Գրում է սոցցանցի օգտատեր Էմին Ամիրասլանովը:

Բաքվեցիները ոստիկանությանը մեղադրում են նրա համար, որ սեքս աշխատակիցները, ոչնչից չվախենալով, բաց աշխատում են բոլորի աչքի առջև:

«Իբր թե երկրում մարմնավաճառությունն արգելված է օրենքով: Սակայն երեկոյան հնարավոր չէ քաղաքի կենտրոն դուրս գալ ընտանիքի և երեխաների հետ, ամենուր, ուր գնում ես, հանդիպում ես արաբ զբոսաշրջիկների, որոնք գին են սակարկում մարմնավաճառների հետ: Եվ այդ ամենը տեղի է ունենում ոստիկանության աչքի առջև: Մի՞թե ոստիկանությունը, որը նշանված զույգ է տեսնում՝ ձեռք-ձեռքի բռնած, միանգամից կտրում է նրանց ճանապարհը, չի տեսնում այդ անճոռմիությունը քաղաքի կենտրոնում: Հավանաբար նրանք արդեն ստացել են իրենց փողը, եթե ամեն ինչի վրա աչք են փակում», – գրում է սոցցանցերի օգտատերերից մեկը:

Ինչպես JAMnews-ին ասել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Գալիբ Արիֆը, ոստիկանությունը մշտապես պայքար է մղում այդ երևույթի դեմ: «Մեր ոստիկանները չեն սպասում, մինչ մեկը կխախտի հասարակական կարգը: Նրանք մշտապես զգոնություն են պահպանում: Նրանք մշտական պայքար են մղում ձեր նշած բացասական գործոնների դեմ: Այդ ուղղությամբ մշտական աշխատանք է տարվում: Սակայն կա մի պահ, մենք առանց որևէ ապացույցների չենք կարող ինչ-որ մեկին թևանցուկ անել և ասել՝ մի՛ քայլիր «Առևտրայինով» կամ մի՛ կանգնիր այստեղ: Մենք չենք կարող նաև արգելել զբոսաշրջիկների հետ շփվել: Այդ հարցերում ոստիկանությունը կարող է գործել՝ ձեռքին ունենալով փաստեր և ապացույցներ»:

Նշենք, որ Ադրբեջանում մարմնավաճառության համար վարչական պատժից բացի նաև տուգանք է կիրառվում: Քրեական օրենսգրքի 244 հոդվածի առաջին կետում նշվում է, որ սեքս-որջերի կազմակերպման, պահպանման կամ այդ նպատակներով բնակելի տարածքների տրամադրման համար ձերբակալվածներին 400 ժամվա վարչական պատիժ և 2500-ից ($1470) մինչև 3500 ($2060) մանաթ տուգանք է սպառնում:

«Եթե ինձ հաջողվի երկու սեզոնների ընթացքում այնքան գումար վաստակել, որքան այս ամռանը, ես կմեկնեմ երկրից: Հանգիստ մի քաղաքում խանութ կամ սրճարան կբացեմ, որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում: Արաբների շնորհիվ ես կարող եմ վերջ դնել այս կյանքին», – ասում է Փարվանան:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում