Գերակտիվություն և առաջին խախտում․ Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ոչ ֆորմալ՝ այն արդեն վաղուց է ընթանում։ Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում տեղադրվել են քաղաքական տարբեր ուժերի գովազդային վահանակները, իսկ դրանց առաջնորդներն այցելում են երկրի տարբեր բնակավայրեր, հանդիպում ընտրողների հետ՝ մրցակիցներին մեղադրելով այս կամ այն ոլորտում ունեցած ձախողման համար։
Այս ընտրությունների բացառիկությունը երկրի բոլոր նախկին նախագահների ու ներկայիս վարչապետի պաշտոնակատարի մասնակցության մեջ է։ Հիմնական պայքարն, ըստ հարցումների արդյունքների, ընթանալու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2018 թ-ի «թավշյա» հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի միջև։
Կարճ ժամանակահատվածում նախկին նախագահին հաջողվել է գրեթե հավասարեցնել վարկանիշը։ Այն դեպքում, երբ նախորդ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով՝ «հեղափոխական» վարչապետի վարկանիշը մեծապես գերազանցում էր մնացած բոլոր մասնակիցների արդյունքները։
Այժմ, ըստ փորձագետների, երկրում մի իրավիճակ է ստեղծվել, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս առավելություն չունի, և դա «աղետալի սցենար է» հավակնոտ քաղաքական գործչի համար։
Նախընտրական արշավի առաջին իսկ օրն արձանագրվել է Ընտրական օրենսգրքի պահանջների առաջին խախտումը։ Այն թույլ է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդը խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանն է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախընտրական արշավի բոլոր մասնակիցներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին։ Իսկ նախագահ Արմեն Սարգսյանը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կոչ է արել չխորացնել քաղաքական ճգնաժամը երկրում։
Նախընտրական քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։
- Ընտրություններ առանց ընտրության․ ինչո՞ւ է Հայաստանը կրկնում արդեն անցած ուղին
- Քամել առավելաոգւյնը․ ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորականները ներխուժել Հայաստանի տարածք
Ընտրությունների մասնակիցների և ուժերի հարաբերակցության մասին
Այս ընտրություններին մասնակցելու են անկախ Հայաստանի, առանց բացառության, բոլոր ղեկավարները․
- առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը,
- երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համարն է,
- երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական ցուցակներում չկա, սակայն «Հայաստանի հանրապետական կուսակցությունը», որի ղեկավարն ինքն է, ընտրություններին մասնակցում է «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում, իսկ Սարգսյանն ակտիվորեն մասնակցում է քարոզարշավին,
- վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ավանդաբար իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն է։
Խորհրդարանն առանձնահատուկ դեր է խաղում Հայաստանում, քանի որ 2017 թ-ին երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցել է խորհրդարանականի։ Եվ առավելագույն ձայն հավաքած քաղաքական ուժը կարող է նաև կառավարություն ձևավորել։ Այդ պատճառով էլ բոլոր քաղաքական ուժերի ցուցակներում առաջին համարը վարչապետի նրանց թեկնածուն է։
Նախընտրական կանխատեսումներ
Հունիսի 5-ին Gallup International-ի գործընկեր Marketing Professional Group ընկերությունը հրապարակել է իր վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները։
Ըստ դրա՝ եթե ընտրություններն անցկացվեին նախորդ հանգստյան օրերին,
- հարցվածների 22,4%-ը կքվեարկեր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին,
- 20,6%-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին, որը գլխավորում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը,
- 4,2%-ն՝ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին,
- 3,9%-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, որի քարոզարշավին մասնակցում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ գլխավորում է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը,
- 2,9%-ը՝ «Լուսավոր Հայաստանի» օգտին, որի առաջնորդն Էդմոն Մարուքյանն է։ Այս կուսակցությունն այժմ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից մեկն է։
Ըստ հարցման՝ վերջին մեկ շաբաթում Ռոբերտ Քոչարյանի դաշինքը ևս երեք տոկոս է ավելացրել, իսկ Փաշինյանի կուսակցությունը կորցրել է 0,5 տոկոս։
Փետրվարի համեմատ՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը նվազել է գրեթե 11 տոկոսով։
Փաշինյանի կուսակցությունը շրջաններում է ավելի շատ ձայն հավաքում, իսկ «Հայաստան» դաշինքը՝ Երևանում։
Հարցվածների 55,3%-ը հայտարարել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, կտրականապես մտադիր չէ մասնակցել 20,7%-ը։
Առաջին խախտումը
Նախընտրական արշավի առաջին իսկ օրն Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտում է գրանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից։
Կոմիտեի հաղորդագրությունում ասվում է, որ Արարատի մարզի հանրային տարբեր վայրերում ընտրողներն այսպիսի հայտարարություն են նկատել․
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ս.թ. հունիսի 6-ից Մասիսի կոնյակի-գինու գործարանի ներկայացուցիչները լինելու են Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղերում և անհատապես տեղում կնքելու են խաղողի մթերման պայմանագրերը: Բոլորին խնդրում ենք նեղություն չկրել և չգնալ գործարան պայմանագրերի համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ»։
Սա խախտում է, քանի որ, ըստ Հայաստանի Ընտրական օրենսգրքի, ընտրություններին մասնակցող ուժերին արգելվում է քարոզարշավի ժամանակ «անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»։
Նախագահը կոչ է արել չխորացնել ճգնաժամը
Արմեն Սարգսյանի հայտարարությունում ասվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնում են ծանր շրջանում, երբ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում․
«Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին»։
Իսկ ընտրողներին նախագահը կոչ է արել ակտիվորեն մասնակցել քվեարկությանը՝ գիտակցելով, որ ընտրում են երկրի ապագան։
Կարծիք
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ «թավշյա» հեղափոխությունից հետո առաջին անգամ մի իրավիճակ է ստեղծվել, երբ Նիկոլ Փաշինյանը կարող է պարտվել ընտրություններում․
«Փաշինյանի առավելությունը նվազագույնի է հասել, և եթե այս միտումը շարունակվի, ամենասեղմ ժամկետներում ընտրվող սուբյեկտները կհավասարվեն, իսկ ընտրություններում Քոչարյանը կարող է հաղթող դառնալ, և դրա հավանականությունն արդեն բավականին բարձր է»։
Փորձագետն ակնկալում է Քոչարյանի աջակցության աճ և Փաշինյանի վարկանիշի անկում․
«Պետք է խոստովանեմ, որ չէի սպասում Քոչարյանի և նրա հետ ասոցացվող ուժի վարկանիշի այսքան արագ [աճ]։ Ակնհայտ է թիմի աշխատանքը […]։ Սակայն առկա միտումների շարունակականությունը ցույց է տալիս Քոչարյանի հաղթանակի բարձր հավանականությունը, որն, ըստ ամենայնի, Փաշինյանի նկատմամբ 5-9% առավելություն կունենա։ Պետք է հաշվի առնել, որ այս միտման շարունակությունը բնավ երաշխավորված չէ […], և քարոզարշավի ընթացքում կարող են փոփոխություններ լինել»։