Ադրբեջանցի ակտիվիստներն ահազանգում են իրավապահների կողմից բռնության ենթարկվելու մասին
Բռնություն իրավապահ մարմիններում
Մի քանի ակտիվիստներ միաժամանակ հայտարարել են, որ բռնության են ենթարկվել Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Թեև իշխանության ներկայացուցիչները կտրականապես հերքում են ձերբակալվածների նկատմամբ բռնության փաստերը։
- Հարաբերությունների վերականգնում 10 տարի անց․ Հունգարիայի ԱԳ նախարարի այցը Երևան
- Ի՞նչն է ավելի վատ՝ ուկրաինական հրթի՞ռը, թե՞ Պուտինի զայրույթը․ Աբխազիայում ռուսական ռազմաբազա կստեղծվի
- Իրանի և ՌԴ արտգործնախարարները հույս ունեն, որ Վրաստանը կմիանա «3+3» ձևաչափին
«Նրան կապել են աթոռից և ամբողջ գիշեր թողել բակում»
Վերջերս 30-օրյա վարչական կալանքի դատապարտված ակտիվիստի մայրն ասել է, որ իր որդուն ոստիկանական բաժանմունքում բռնության են ենթարկել։ «Այժմ նա խնդիրներ ունի երիկամների հետ», — պատմել է Տարանա Օրուջովան՝ Մահյադդին Օրուջովի մայրը։
Մահյադդին Օրուջովը ձերբակալվել էր հոկտեմբերի 19-ին՝ մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով։ Նա ինքն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ ձերբակալությունը կապված է պետության ղեկավար Իլհամ Ալիևի հասցեին սոցիալական ցանցերում իր կողմից արված քննադատական հայտարարությունների հետ։
Այսօր ակտիվիստ Տարան Օրուջովի մայրը հայտարարել է, որ ձերբակալման օրը նրան դաժան ծեծի են ենթարկել ոստիկանական բաժանմունքում, ապա կապել են աթոռից ու ամբողջ գիշեր թողել բաժանմունքի բակում։
«Այժմ նա երիկամների հետ կապված խնդիրներ ունի, նաև միզարձակման։ Ամուսնուս հետ գնացինք բաժանմունքի պետի մոտ։ Հարցրինք՝ ո՞վ է խոշտանգել մեր որդուն, ո՞ր ոստիկանն է դա արել։ Պետն ասաց՝ համարեք, որ ես եմ ծեծել, ո՞րն է խնդիրը»,- պատմել է ակտիվիստի մայրը։
«Պահանջում եմ հանդիպում գլխավոր դատախազի հետ, նա պետք է պատասխան տա»
Լրագրող Նուրլան Գահրամանլին (Լիբրե) նույնպես հայտարարել է, որ բռնության է ենթարկվել գլխավոր դատախազության քննչական բաժնում, երբ ձերբակալված է եղել։
Թղթակցի խոսքով՝ սեպտեմբերի 21-ին դատախազության աշխատակիցները նրան տան հագուստով են տարել՝ թույլ չտալով փոխել հագուստը։ Գլխավոր դատախազության քննչական բաժնում նրան ծեծի են ենթարկել սոցցանցերում իր հրապարակումների պատճառով, ապա ենթարկել 30-օրյա վարչական կալանքի «արգելված տեղեկատվության տարածման համար»։
Գահրամանլին ազատ է արձակվել հոկտեմբերի 22-ին՝ պատիժը կրելուց հետո։ Իսկ հոկտեմբերի 24-ին նա միայնակ ակցիա է իրականացրել գլխավոր դատախազության դիմաց և պահանջել հանդիպում կազմակերպել գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ, ինչպես նաև վերադարձնել իրենից առգրավված և չվերադարձված հեռախոսը։
Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները նրան բերման են ենթարկել հենց գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Շուտով լրագրողին ազատ են արձակել։
«Չկարողացա բուժզննում անցնել, ստիպված էի մեկնել Վրաստան»
Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Մեհման Հաբիբովը հայտնել է, որ վերջերս իրեն ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով մարդիկ։ Նա ասել է, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան քաղաքացիական հագուստով երեք տղամարդիկ իրեն կանգնեցրել են Գըզըլդաշ գյուղում (Բաքվից 25 կիլոմետր հարավ) և ստիպողաբար նստեցրել են սև մեքենա։
Ակտիվիստի խոսքով՝ իրեն տարել են գյուղի ծայրամաս, սկսել են մահակներով ծեծել ու ենթարկել դաժան վիրավորանքների։
«Ինձ ասացին. «Ոտքի տակ մի ընկեք», «Ուզու՞մ եք իշխանության գալ։ Մենք ձեզ թույլ չենք տա դա անել»: Ծեծից հետո ինձ բաց թողեցին»,- ասել է Հաբիբովը։
Նրա մարմնի վրա բռնության հետքեր են մնացել։ Ակտիվիստը պնդում է, որ Սաբունչու գյուղի թիվ 3 հիվանդանոցում ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություն է իրականացվել՝ արձանագրելով կապտուկներ և կրծքավանդակի վնասվածք։
Հաջորդ օրը նրա հետ կապ է հաստատել ոստիկանության 38-րդ բաժանմունքի աշխատակիցը, ով հետաքրքվել է միջադեպի մասին։
«Ասաց, որ ինձ կուղարկեն զննության։ Ես սպասեցի մեկ շաբաթ, բայց ոչ ոք ինձ հետ կապ չհաստատեց: Հաշվի առնելով ոստիկանների անտարբեր վերաբերմունքը, իմ քաղաքական գործունեության հետ կապված սպառնալիքները, ինչպես նաև այն, որ հասարակ քաղաքացիների մոտ մահակներ լինել չեն կարող, կարծում եմ՝ քաղաքացիական հագուստով այդ մարդիկ ոստիկաններ էին։ Եթե ոստիկանությունը չհետաքննի գործը, միգուցե ես դիմեմ վերադաս մարմիններին»,- հավելել է Հաբիբովը։
Այժմ նա Վրաստանում է։ Տղամարդը նշել է, որ Ադրբեջանում չի կարողացել բուժզննում անցնել, ուստի ստիպված է եղել հոկտեմբերի 17-ին մեկնել Թբիլիսի՝ այնտեղ զննություն անցնելու համար։
Պատասխանելով լրագրողների հարցումներին՝ ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը հայտարարել են, որ բոլոր երեք փաստերի առնչությամբ պնդումներն անհիմն են։