«Բռնաճնշումների նոր փուլ» է սկսվել Ադրբեջանում, կարծում է ԵԽԽՎ–ն
Եվրախորհրդարանականները ցնցված են Իլհամ Ալիևի արտահայտություններից, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները նրանից պահանջոում են ազատ արձակել կալանավորված ընդդիմադրին
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ռոջեր Գեյլն ամոթալի է անվանել կորոնավիրուսի պանդեմիայից օգտվելու Ադրբեջանի իշխանությունների փորձն ընդդիմությանը ճնշելու համար։ Խոսքը նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարության մասին է, որ որոշ ընդդիմադիրներ երկրում խուճապ են առաջացնում, և անհրաժեշտության դեպքում նրանք «կմեկուսացվեն» հասարակությունից։ Իսկ հաշվի առնելով այն, որ վերջերս խուլիգանության մեղադրանքով կալանավորվել է ընդդիմության առաջնորդներից մեկը, զեկուցողները կարծում են, որ Ադրբեջանում սկսվել է «բռնաճնշումների նոր փուլ»։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մարտի 26–ի դրությամբ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 93 դեպք։ Երկու մարդ մահացել է։ Տասն՝ ապաքինվել։ Երկրում հատուկ կարանտինային ռեժիմ է սահմանվել։
Մարտի 19–ին Իլհամ Ալիևը «կամակոր» ընդդիմադիրներին, որոնք չեն ցանկանում երկխոսության գնալ իշխանությունների հետ, անվանել է «հինգերորդ շարասյուն», «դավաճաններ» և «սադրիչներ», որոնց գլխավոր նպատակն «Ադրբեջանը ոչնչացնելն է»։
«Երկրի լեգիտիմ ընդդիմության նկարագրման համար Ալիևի օգտագործած լեզուն խորապես ոչ ժողովրդավարական է։ Հենց արտակարգ իրավիճակների ժամանակ է առանձնապես կարևոր քաղաքական բազմակարծությունն ու կարծիքի արտահայտման պատասխանատու կիրառումը, որոնք ապահովում են բաց քննարկումներ քաղաքականության և հասարակության շրջանում տեղեկությունների ազատ տարածման մասին», – կարծում է ԵԽԽՎ անդամ Շտեֆան Շեննահը։
Մարտի 22–ին խուլիգանության մեղադրանքով կալանավորվել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անդամ և նախկին քաղբանտարկյալ Թոֆիկ Յագուբլուն։ Նրան կարող են մի քանի ամսով նստեցնել։ Սակայն և ԵԽԽՎ ներկայացուցիչները, և Amnesty International ու Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն այդ մեղադրանքը շինծու և քաղաքական շարժառիթ ունեցող են համարում և ադրբեջանական իշխանություններից պահանջում ազատ արձակել Յագուբլուին։
«Կարծես Ադրբեջանի կառավարությունը համաձայնեցված քաղաքական բռնաճնշումների հերթական փուլ է սկսում։ Դա ոչ մի լավ բանի չի բերի Եվրախորհրդի կազմում երկրի ապագայի համար», – մեկնաբանել է դա Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Թորհիլդուր Սուննա Էվարսդոտիրը։
Այդ նույն ժամանակահատվածում տարբեր պատրվակներով (օրինակ, կարանտինային ռեժիմի խախտում) կալանավորվել և վարչական ժամկետների է դատապարտվել ևս մի քանի ընդդիմադիր ակտիվիստ։