«Երևանի և Բրյուսելի կապերն ավելի ամուր են, քան երբևէ»․ Բորել
Բորել-Միրզոյան համատեղ ասուլիս
Եվրամիությունը վերահաստատում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ առանց մանրամասներ հայտնելու։
Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո Բորելն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Նրանք արձանագրել են, որ հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ, սակայն դեռ կա աշխատելու և ողջ ներուժն օգտագործելու տեղ։ Մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում։
«Որոշեցինք սկսել աշխատանքներ համագործակցության նոր՝ ավելի հավակնոտ օրակարգի վրա։ Այս որոշումը մեզ դրդում է երկկողմ փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում մեր հարաբերություններում հասնել ռազմավարական փուլի», — ընդգծել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Հայաստանի արտգործնախարարն էլ վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է շարունակել խորացնել ԵՄ հետ գործընկերությունը, որն ուղղված է ոչ միայն երկրի քաղաքացիների իղձերի իրականացմանը, այլև ավելի բարգավաճ Հարավային Կովկաս ունենալուն։
Բաքվի արձագանքը «համաչափ չէր»
Ժոզեպ Բորելն այսպես է արձագանքել փետրվարի 13-ին Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական գործողությունը, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր։ Նախ հիշեցրել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, փետրվարի 12-ին ՀՀ ԶՈՒ կրակոցից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։
«Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորի ուղղությամբ կրակոցը ցավալի էր, բայց կարծես թե Ադրբեջանի արձագանքն էլ դրան անհամաչափ էր, այն անտեսեց Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ այդ միջադեպը կհետաքննվի ՀՀ կողմից»։
ԵՄ բարձր ներկայացուցչի գնահատմամբ՝ տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս հակառակորդ ուժերի միջև հեռավորություն սահմանելու անհրաժեշտությունն ու հրատապությունը․
«Սա այն է, ինչ երկար ժամանակ պահանջում է Եվրամիությունը։ Ես վերահաստատում եմ ԵՄ լիակատար և ամբողջական հանձնառությունը՝ աջակցելու կայուն խաղաղությանը ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա»։
Բաքուն արդեն հասցրել է դատապարտել Բորելի այս հայտարարությունը՝ պնդելով, թե Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են, ձեռնարկված քայլերն եղել են համարժեք։ Ադրբեջանական կողմի համոզմամբ՝ «ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը` առանց որևէ հրահրող գործոնների հինգ ամսվա կայունությունից հետո»։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բորելը «միակողմանի, հայանպաստ դիրք գրավելով, պատնեշ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և, հետևաբար, իրեն լիովին մեկուսացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»։
Բորելն առաջարկում է «շարունակել դիմակայել մարտահրավերներին»
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ ԵՄ և Հայաստանի հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Նա նաև նշել է, որ ուզում են աջակցել Հայաստանի մասնակցությանը Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին։
«Սա հզոր ներուժ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է դիվիդենտներ բերել խաղաղության համար»,- շեշտել է Բորելը։
Նա ողջունել է արդարադատության ոլորտում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը։ Հայաստանին խրախուսել է «շարունակել դիմակայել մարտահրավերներին՝ խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում»։
Խոսել է նաև Երևանի՝ Հռոմի ստատուտին միանալու որոշման մասին և այն որակել «ծանրակշիռ ու խիզախ»։
«Ժամանակն է մեկնարկել վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը»
Հայաստան-ԵՄ գործակցության մասին խոսելիս Արարատ Միրզոյանն առանձնացրել է երեք կարևոր ուղղություն՝ անվտանգություն, տնտեսություն և շարժունակություն։
«Հավատացած ենք, որ բոլոր անհրաժեշտ պահանջները կատարվել են, և ժամանակն է մեկնարկել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը»,- շեշտել է Միրզոյանը։
«Ի գիտություն եմ ընդունում Հայաստանի մեծ հետաքրքրությունը վիզաների ազատականացման հարցում։ Համապատասխան երկխոսություն դրա շուրջ շուտով կլինի»,- պատասխանել է Բորելը։
ԵՄ-ն, ըստ ՀՀ արտգործնախարարի, շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։ Առևտրատնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից ընդգծել է Սևծովյան ստորջրյա մալուխի նախագծին Հայաստանի մասնակցության և Տնտեսական ու ներդրումային պլանի արդյունավետ իրականացման կարևորությունը։
ԱԳ նախարարի գնահատմամբ՝ 2023 թ․-ը հատկանշական էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ինտենսիվ դինամիկայով․
«Կցանկանայի նշել քաղաքական ու անվտանգային հարցերով երկխոսությունը և ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ մեր միջազգային սահմանին»։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման չպետք է ստեղծվի»
Միրզոյանի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ճշգրտման, սահմանազատման համար հիմք պետք է հանդիսանան «Խորհրդային միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզները»։
«Սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները պետք է վերարտադրվեն տեղում»,- շեշտել է Միրզոյանը։
Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ հիշեցրել է, որ այն պետք է իրականացվի 4 հիմնարար սկզբունքների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության, փոխադարձության և հավասարության հիման վրա․
«Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանին և հավատարիմ կմնա նշյալ պայմանավորվածություններին»։
Արտգործնախարարը ԵՄ գործընկերներին տեղեկացրել է նաև վերջերս Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի 8 նոր քարտեզների մասին և հայցել «ԵՄ հնարավոր ներգրավվումը այդ քարտեզների ստուգման համար»։
Այս խնդրանքը բացատրվում է նրանով, որ Ադրբեջանն արդեն հայտարարել է քարտեզների անճշտության մասին։ Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն նախապես հայտարարել էր, որ քարտեզները փոխանցել է նաև որոշ միջազգային գործընկերների։ Նախարարությունից մանրամասնել էին նաև, որ հայկական կողմը դիմել է այդ քայլին՝ «հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բորել-Միրզոյան համատեղ ասուլիս