Բի-Բի-Սին հավասարեցնում է կանանց և տղամարդկանց աշխատավարձերը
Բրիտանական Բի-Բի-Սի հեռարձակման կորպորացիան հայտարարել է տղամարդ հաղորդավարների աշխատավարձերի կրճատման պլանների մասին: Դա արվում է ընկերության՝ կանանց խտրականության հաղթահարման արշավի շրջանակում:
Այժմ Բի-Բի-Սիի ամենաբարձր վարձատրվող աշխատակիցների թվում (որոնք տարեկան 150 հազար ֆունտից ավել են ստանում) 62 տղամարդ և 34 կին կա: Այդ ցուցակը գլխավորում է դիջեյ և ռադիոհաղորդավար Քրիս Էվանսը (2.2մլն ֆունտ), նրան հաջորդում է ֆուտբոլային մեկնաբան Գերի Լինեքերը (1.8մլն), եռյակը եզրափակում է ամենահարուստ հաղորդավարներից մեկը՝ Գրեմ Նորթոնը (900 հազար):
Համեմատության համար. ամենաբարձր վարձատրվող կին հեռուստաաստղ Քլաուդիա Վինքելմանը, որը պարային հաղորդում է վարում, նախորդ տարի ստացել է 500 հազար ֆունտ:
Բի-Բի-Սիի պլանների համաձայն՝ տղամարդ հաղորդավարների աշխատավարձերը կրճատվելու են, իսկ կանանցը՝ բարձրացվելու: 2020թ-ին կորպորացիան պլանավորում է ամբողջությամբ հավասարեցնել դրանք:
Այդ պլանը բարյացակամորեն է ընդունվել բրիտանական հասարակության կողմից: Մշակույթի նախարարն այն անվանել է խտրականության հաղթահարմանն ուղղված քայլ: Տղամարդ հաղորդավարների կողմից հանրային անհամաձայնություն չի արտահայտվել: