Բելառուսում զանգվածային ցույցերի յոթերորդ օրն է՝ ընդդեմ նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների և իրեն հաղթող հայտարարած Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Մինսկում ակցիաներ են անցկացրել և Լուկաշենկոյի կողմնակիցները, և հակառակորդները։
Ինչպե՞ս է իրեն պահում Լուկաշենկոն
Օգոստոսի 16–ի ցերեկը Լուկաշենկոն Մինսկի Կառավարության տան մոտ էր հավաքել իր կողմնակիցներին։
Իշխանությունը հայտարարել է, որ դրան մասնակցել է 50 հազար մարդ։ Սակայն, դատելով հեռուստատեսային պատկերից՝ հավաքվել է 5 հազարից ոչ ավելին։
Ընդ որում, բոլորը նկատել են, որ պետական հեռուստաալիքները չեն հեռարձակել այդ հանդիպումը։ Արդյոք դա գործադուլի հետևանք է, դեռևս հայտնի չէ։
Լուկաշենկոն մոտ մեկ ժամ չափազանց էմոցիոնալ ելույթ է ունեցել։ Նրա ելույթի բովանդակությունը հետևյալն էր․ Բելառուսն արտաքին սպառնալիքի տակ է՝ «ՆԱՏՕ–ի սևամորթ, դեղնակտուց զինվորների տեսքով»։ Ցույցերի մասնակիցները գործում են «արտասահմանցի տիկնիկավարների» սցենարով։ Պուտինն, ըստ Լուկաշենկոյի, իրեն աջակցություն է խոստացել։
Ակցիա՝ ի աջակցություն Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի։ Մինսկ 2020 թ–ի օգոստոսի 16։ REUTERS/Vasily Fedosenko
Դատելով նրանից, որ Լուկաշենկոն հիշատակել է ՀԱՊԿ ռազմական դաշինքը, խոսքը ռազմական օգնության մասին է։ Այդ խոստման և զրույցի փաստի այլ հաստատումներ, քան Լուկաշենկոյի խոսքերն են, չկան։
«Մենք երկիրը չենք հանձնելու», — խոսքի ավարտին ասել է Լուկաշենկոն։
Ինչպե՞ս է իրեն պահում երկիրը
Երկիրը կատարվող իրադարձությունների նկատմամբ այլ դիրքորոշում ունի։
14.00–ից Մինսկում սկսել են հավաքվել Լուկաշենկոյի հակառակորդները։ Նրանց թիվը 200 հազարն անցնում է։
Այդ մարդկանց հետ հարցազրույցից կարելի է եզրակացնել, թե ինչ են նրանք պահանջում առաջին հերթին․
— Լուկաշենկոյի հրաժարական;
— բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում,
— ոստիկանական բռնության համար մեղավորների պատիժ,
— նախագահական նոր ընտրություններ՝ միջազգային վերահսկողությամբ։
Ակցիա՝ ընդդեմ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի։ Մինսկ 2020 թ–ի օգոստոսի 16։ Nexta.live
Բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում երկրի բոլոր բնակավայրերում։ Համազգային գործադուլին մասնակցում են բոլոր խոշորագույն ձեռնարկությունները։
Ցուցարարներն արդեն իրենց բանահյուսությունն ունեն՝ զվարճալի պատմությունները, որոնք պատմում են միմյանց, օրինակ․
Տղամարդը, որին ոստիկանները ծեծում են, բղավում է․ «Ես Լուկաշենկոյի օգտին եմ քվեարկել»։ «Մի՛ ստիր, – պատասխանում են, – նրա օգտին ոչ ոք չի քվեարկել»։
Ակցիա՝ ընդդեմ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի։ Մինսկ 2020 թ–ի օգոստոսի 16։. REUTERS/Vasily Fedosenko
Ի՞նչ է անում ընդդիմությունը
Լիտվայում գտնվող Սվետլանա Տիխանովսկայան, որը հայտարարել է նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, սկսել է Համակարգող խորհուրդ ձևավորել։
Այդ կառույցը պետք է իշխանության հետ բանակցություններ վարի իշխանության փոխանցման շուրջ։ Ընդ որում, Լուկաշենկոյի հրաժարականը չի քննարկվում, այն պարտադիր նախապայման է։
Ցուցարարների կողմն անցնելու մասին է հայտարարել Սլովակիայում Բելառուսի դեսպանը։