Բելառուսում որոշիչ նախագահական ընտրություններ են
Euroradio-ի, Zaborona-ի և Hromadske-ի նյութերի հիման վրա
Օգոստոսի 9-ին Բելառուսը նախագահ է ընտրում: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով անփոփոխ ղեկավարում է երկիրը արդեն 26 տարի, նախընտրական քարոզարշավի ժամանակ բախվեց լուրջ մարտահրավերների. ընդդիմությունը զանգվածաբար դուրս է գալիս փողոց, իշխանությունը կալանավորում է ցուցարարներին և նախագահի թեկնածուներին: Քվեարկությունից մեկ շաբաթ առաջ նույնիսկ կալանավորվեցին «ռուս վարձկաններ»:
Ո՞վ է հակադրվում «Եվրոպայի վերջին բռնապետին», և ինչո՞վ կարող են ավարտվել այս ընտրությունները:
Տիխանովսկայա՝ ոչ քաղաքական թեկնածու
37-ամյա Սվետլանա Տիխանովսկայան ընդդիմության միակ բացահայտ թեկնածուն է, որը գրանցվել է ընտրություններին մասնակցելու համար:
Բացի նրանից և Լուկաշենկոյից, ընտրություններին մասնակցում են Աննա Կանոպացկայան, Սերգեյ Չերեչենը և Անրի Դմիտրիևը:
Սակայն հենց Տիխանովսկայայի թեկնածության շուրջ են համախմբվել ռեժիմից դժգոհ քաղաքացիները:
• Բյուրոկրատական բացահայտումներ․ թե ինչպես է կորոնավիրուսը Բելառուսի պաշտոնյաներին ստիպել խոսել
• Նախագահական ընտրությունները Լեհաստանում․ պահպանողականները, պարզվում է, ավելի շատ են
Քաղաքական փորձ նա չունի, բայց նրա նախընտրական ցույցերին գալիս են հազարավոր մարդիկ. այդպիսի բան Բելառուսում դեռ չի եղել: Իր ելույթներում նա խնդրում է մարդկանց ձայն տալ ոչ թե իր քաղաքական ծրագրին, այլ հնարավոր փոփոխություններին և ընտրության իրավունքը վերադարձնելու հնարավորությանը:
Տիխանովսկայան դարձավ ակամա թեկնածու. նախագահի պաշտոնում պատրաստվում էր առաջադրվել նրա ամուսինը՝ հանրաճանաչ տեսաբլոգեր Սերգեյ Տիխանովսկին, բայց նրան չթույլատրեցին մասնակցել ընտրություններին, իսկ հետո կալանավորեցին:
• Սվետլանա Տիխանովսկայա․ Բելառուսի նախագահի ամենաանսովոր թեկնածուն
Բացի Տիխանովսկուց, նաև կալանավորվեց ընդդիմության հայտնի թեկնածու Վիկտոր Բաբարիկոն: Մյուս թեկնածուն՝ Վիկտոր Ցեպկալոն, ստիպված եղավ հեռանալ Բելառուսից: Բայց նրանց շտաբներն իրենց ռեսուրսներով աջակցեցին Տիխանովսկայային:
Կալանավորումներ և բռնաճնշումներ
Ընդդիմության և հասարակության ակտիվությանը Բելառուսի իշխանությունները պատասխանում են ցուցարարների, ակտիվիստների և լրագրողների գրեթե ամենօրյա ձերբակալություններով:
Դիջեյներ Կիրիլ Գալանովը և Վլադիսլավ Սոկոլովսկին ձերբակալվել են օգոստոսի 6-ի երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում, այն բանի համար, որ միացրել են Վիկտոր Ցոյի «Մենք սպասում ենք փոփոխությունների» երգը: Նրանց կալանավորել են 10 օրով մանր խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար:
Օգոստոսի 7-ի կեսօրին Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում «Մինսկ» հյուրանոցում ձերբակալվել են «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքի լրագրողները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ Իրինա Ռոմալիյսկայան, Իվան Գրեբենյուկը և Յուրի Բորոնյուկը: Նրանց ստիպել են լքել Բելառուսը:
Տարբեր քաղաքներում շարունակում էին մարդկանց բռնել պիկետներում: Անցնող վարորդներին տուգանում էին ազդանշան տալու համար:
Լուկաշենկոն այդ ներկայացումները համեմատեց ուկրաինական Մայդանի հետ: «Ես ուզում եմ նախազգուշացնել այդ բոլոր մայդանավորներին, որ Բելառուսում մայդաններ չեն լինի»:
Ռեժիմը պարտվե՞ց կորոնավիրուսին
Ուժայինների օգնությամբ Լուկաշենկոն բելառուսներին ստիպեց հաշտվել իր անսահման նախագահական ժամկետի հետ: Քաղաքական ապատիան հասարակության մեջ հասունանում էր, ուստի ոչ ոք ոչինչ չէր սպասում 2020 թվականի ընտրություններից: Բայց իրավիճակը փոխվեց, Zaborona-ին պարզաբանում է քաղաքագետ և լրագրող Վալերի Կարբալևիչը:
«2006 և 2010 թվականներին Լուկաշենկոյին դեմ էր արտահայտվում ավանդական ժողովրդավարական ընտրազանգվածը, որը կենտրոնացած էր եվրոպական արժեքների վրա: Հիմա դժգոհություն է արտահայտվում նաև բնակչության այն մասի կողմից, որը դավանում է այլ իդեալներ, բայց նրանց նույնպես դուր չի գալիս Լուկաշենկոն»:
Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ գործեց իր իսկ հիմնական հաղթաթուղթը՝ կայունությունը, որը իր կառավարման տարիների ընթացքում վերածվեց լճացման: Բայց Լուկաշենկոյի իմիջին հատկապես հարվածեց նրա հռետորաբանությունն ու գործողությունները COVID-19 համաճարակի ժամանակ:
Սկզբում նախագահը հերքում էր կորոնավիրուսը՝ հավաստիացնելով, որ եթե ինքը չի տեսնում այն, նշանակում է՝ այն ընդհանրապես գոյություն չունի, այնուհետև կարծիք էր հայտնում, թե «տրակտորը բուժում է կորոնավիրուսը»։ Բացի այդ, նա մեղադրում էր բժիշկներին, որ նրանք տարածում են COVID-19: Պետության օգնությանը մարդիկ այդպես էլ չարժանացան, գրում է բելառուս լրագրող Լիզա Մորոզը:
Համաձայն բելառուսական ինտերնետային TUT.BY-ի և Onliner-ի հարցումների այն մասին, թե ում օգտին կքվեարկեին բելառուսները, եթե ընտրություններն արդեն վաղը լինեին, Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքեց 3-6%: Նրան մնաց «Սաշա 3%» մականունը, չնայած, իհարկե, նրա վարկանիշն ավելի բարձր է:
Ապրիլին, Սոցիոլոգիայի ինստիտուտի տվյալներով, Մինսկում Լուկաշենկոյին վստահում էր 24%-ը: Հունիսի վերջին որոշ հրապարակումներում հայտնվեց տեղեկություն Լուկաշենկոյի 76% վարկանիշի մասին, սակայն փորձագետները կասկածի տակ են դնում դրա ճշմարտացիությունը:
Ռուսաստանի հետ ավարտված սիրավե՞պ
Ալեքսանդր Լուկաշենկոն իր նախընտրական քարոզարշավը կառուցելիս առաջին անգամ կենտրոնացավ ոչ թե «արևմտյան տիկնիկների» վրա, այլ «ռուս»: Նա այդ հռետորաբանությունը կիրառեց թեկնածու Բաբարիկոյի նկատմամբ, որը 20 տարի ղեկավարում էր ռուսական Գազպրոմբանկի բելառուսական մասնաճյուղը:
2018 թվականից ի վեր Ռուսաստանի և Բելառուսի միջև անխախտ թվացող հարաբերությունները վատթարացան: Լուկաշենկոն ցանկանում էր գազի արտոնյալ գին ստանալ և Ռուսաստանից նավթի մատակարարումները պահել ռուսական ներքին գներով. սա կարևոր էր երկրի տնտեսության համար: Սակայն Ռուսաստանի հետ գազի և նավթի մասին պայմանավորվել չստացվեց. Մոսկվան պահանջեց Մինսկից ավելի խորը ինտեգրում:
Պաշտոնապես Բելառուսը և Ռուսաստանը միացյալ պետության մաս են կազմում: Սակայն առ այսօր կողմերը այդպես էլ համաձայնության չեկան միասնական արժույթի և միասնական քաղաքական կառույցների շուրջ:
Լուկաշենկոն ինքը բազմիցս հրապարակայնորեն մերժել է Ռուսաստանի հետ մեկ պետության մեջ միավորվելու հնարավորությունը:
«Լուկաշենկոն վերջին տարիներին բավականին լավ հարաբերություններ է ունեցել Արևմուտքի հետ: Իսկ Ռուսաստանի հետ, ընդհակառակը, վերջին մեկուկես տարում եղել են հավերժ բախումներ, այդ թվում էներգետիկ: Շատ հարմար է օգտագործել այս համատեքստը: Սա Լուկաշենկոյին թույլ է տալիս հանդես գալ որպես ինքնիշխանության պաշտպան», — պարզաբանում է քաղաքական մեկնաբան Արտյոմ Շրայբմանը:
Հուլիսի 29-ին Բելառուսի պետական լրատվամիջոցները հաղորդեցին օտարերկրյա մասնավոր ռազմական կազմակերպության 200 զինյալների մասին: Նրանցից ձերբակալվեցին 32-ը, ովքեր կապված էին, այսպես կոչված, «Վագներ» խմբավորման հետ: Այս կազմակերպության զինյալները կռվել են նաև Դոնբասում ռուսամետ գրոհայինների կողքին:
Ի՞նչ սպասել ընտրություններից հետո
Լրագրող Վալերի Կարբալևիչը կարծում է, որ նախընտրական քարոզարշավը դարձավ քաղաքացիական հասարակության ձևավորման կատալիզատոր Բելառուսում: Բայց հայտնի չէ՝ արդյոք այս գործընթացը կշարունակվի ընտրություններից հետո:
Կարբալևիչը չի բացառում, որ հնարավոր է կրկնվի 2010 թվականի սցենարը, երբ դաժան բռնաճնշումները նվազեցրին քաղաքացիների եռանդը:
«Հասարակությունը չի կարող երկար ժամանակ լինել ակտիվ քաղաքականացված վիճակում: Ես լիովին ընդունում եմ, որ եթե իշխանությունները խստորեն ճնշեն բոլորին օգոստոսի 9-10-ին, ապա իրավիճակը կարող է սառեցվել հաջորդ 5 տարիների ընթացքում»:
Արտյոմ Շրայբմանը դեպքերի երկու սցենար է նկարագրում, եթե Լուկաշենկոն այնուամենայնիվ պահպանի իշխանությունը: Եթե օգոստոսի 9-ին և 10-ին ամեն ինչ թեթև ընթանա, առանց զանգվածային կալանավորումների, նաև գործող իշխանության ցնցումը արագ անցնի, երկար տարիների խիստ միջոցառումներ չեն լինի:
«Ավելի հոռետեսական սցենարով, պտուտակները ամրացնելը կարող է արտահայտվել մամուլի վրա ճնշումով: Լուկաշենկոն արդեն հիշեցրել է արտասահմանյան լրատվամիջոցների հավատարմագրումը չեղյալ հայտարարելու մասին: Կշարունակվի բլոգերների վրա ճնշումը, ինչպես նաև ավանդական քրեական և վարչական ճնշումները քաղաքական գործիչների և ակտիվիստների վրա»: