Նախագահական ընտրությունները Լեհաստանում․ պահպանողականները, պարզվում է, ավելի շատ են
Աղբյուրը՝ CNN
Լեհաստանում քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում նախագահական ընտրություններում նվազագույն առավելությամբ հաղթում է գործող նախագահ Անջեյ Դուդան՝ 50,4 տոկոս ձայն։
Նրա մրցակից, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին 49,6 տոկոս է հավաքել։
Սա վիճակագրական սխալից պակաս է։ Եվ ցանկացած դեպքում լեհական հասարակությունում ուժեղ բևեռացում է նշանակում։
Որո՞նք են թեկնածուների տարաձայնությունները
Նախագահ Դուդան մոբիլիզացրել է բնակչության պահպանողական հատվածին։ Նրանք հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչներն են։
Նրա քարոզարշավի կենտրոնում քաղաքացիական ազատությունների, մասնավորապես՝ ԼԳԲՏ համայնքի հարցն էր։
Դուդան վկայակոչում էր «իսկական» կաթոլիկ արժեքները։ Լեհաստանում կաթոլիկ եկեղեցու դերը բացառիկ մեծ է։
Դուդայի քարոզարշավին աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Դուդայի նախագահության տարիներին լուրջ սահմանափակումների են ենթարկվել Լեհաստանի լրատվամիջոցներն ու դատական համակարգը։ Դա արվել է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ։
Նրա մրցակից Ռաֆալ Տշասկովսկին ներկայացնում է ընդդիմադիր աջցենտրիստական «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը։ Նրա ավանդական ընտրազանգվածը խոշոր քաղաքների բնակչությունն է, որն ավելի լիբերալ համաեվրոպական հայացքների տեր է։
Սոցցանցերի արձագանքը
Սոցցանցերի օգտատերերը Լեհաստանում մեկնաբանում են ընտրությունների արդյունքները․
«Բրավո, պան նախագահ»։
«Լեհաստանը հաղթեց»։
«Կրկին միջնակարգ կրթությամբ մարդիկ մեզ համար նախագահ ընտրեցին»։
«Վիսլայից այն կողմ իմ ընտանիքը չէ»։
«Կրկին հաղթեց ճահիճը, բնապահպանության բացակայությունն ու դեմագոգիան»։
«Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ ընդդիմությունը ոչինչ չկարողացավ առաջարկել ընտրողին՝ բացառությամբ սոցիալական թեմաներով ստերի և առանց որևէ ձեռքբերումների և ծրագրի թեկնածուի»։
Ի՞նչ արձագանք կգտնեն այս ընտրությունները Լեհաստանի սահմաններից դուրս
Լեհաստանը Եվրամիությունից խոշոր ֆինանսավորում ստացող երկրներից է։
ԵՄ–ին անդամակցելու գաղափարն ինքնին մեծ աջակցություն ունի լեհական հասարակությունում։ Վերջին հարցումների համաձայն՝ լեհերի 84 տոկոսը կողմ է ԵՄ անդամակցությանը։
Սակայն նախագահ Դուդայի պահպանողական ուղղվածությունը՝ ԼԳԲՏ իրավունքների ոտնահարումը, գործադիր իշխանության ուժեղացումը, դատարանների և լրատվամիջոցների դերի թուլացումը սուր քննադատության են արժանացել ԵՄ առաջնորդների կողմից։ Լեհաստանի դեմ արդեն պատժամիջոցային ընթացակարգեր են սկսվել։
Դուդայից ավելի մեծ քննադատության Եվրոպայում արժանանում է միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։