«Բաքվի և Մոսկվայի պլանը Արևմուտքին տարածաշրջանից դուրս մղելն է». կարծիք
Բաքվի պլանները
Մյունխենի անվտանգության համաժողովը 2024-ին մեկ հարթակում է համախմբել գրեթե 150 երկրների քաղաքական վերնախավին։ Մյունխեն են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Միջազգային ֆորումի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների միջև։ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը հաստատված չէ։
Եթե այն կայանա, ինչին հայ փորձագետները կասկածանքով են վերաբերվում, ապա կլինի առաջինը՝ Ադրբեջանի նախագահի կողմից երկար ժամանակ արևմտյան հարթակները մերժելուց հետո։ Հատկանշական է նաև, որ հնարավոր հանդիպմանը նախորդել է սահմանին հերթական սրացումը, որի հետևանքով չորս հայ դիրքապահ է զոհվել։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մյունխեն մեկնելու նախօրեին ռուս պաշտոնյաները թերահավատ և քննադատական հայտարարություններ են արել արևմտյան միջնորդության վերաբերյալ։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, մասնավորապես, ասել է. «Արևմուտքը փորձում է ճոճել իրավիճակը Հարավային Կովկասում և խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը, ինչն էլ հանգեցրել է իրավիճակի սրման»։
«Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանը ընդհանուր տուն է։ Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։ Ուստի ոչ տարածաշրջանային, արևմտյան ուժերին տարածաշրջան ներքաշելը հակաարդյունավետ է: Ինչին, ցավոք, հակված է Երևանը։ Նրանց նպատակն է Ռուսաստանին դուրս մղել գործընթացից և լարվածության ևս մեկ օջախ ստեղծել նրա սահմանների անմիջական հարևանությամբ»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները Մյունխենում և որո՞նք են Ադրբեջանի նպատակները կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի մեկնաբանությունը:
- «Հայաստանը սեփական տարածքից դուրս նպատակներ չունի»․ Փաշինյան
- «Երևանի և Բրյուսելի կապերն ավելի ամուր են, քան երբևէ»․ Բորել
- Անհարմար հարցեր և անուղղակի պատասխաններ. Փաշինյանի հարցազրույցը The Telegraph-ին
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ
Միաձայն հայտարարություններ
«Ռուս պաշտոնյաների հայտարարությունները շատ նման են պաշտոնական Բաքվի հայտարարություններին։ Եթե նույնիսկ դրանք հնչեցնում է ոչ անձամբ Ալիևը, այլ, օրինակ, իշխող ուժի պատգամավորները։ Ալիևի և նրա ողջ թիմի հռետորաբանությունն ուղղված է Արևմուտքի և տարածաշրջանում նրա ներկայության դեմ։ Եվ վերջին էսկալացիան այս քաղաքականության մի մասն է։
Ընդ որում, Ալիևը բավական խորամանկ է և չի ուզում առճակատման մեջ մտնել Արևմուտքի հետ։ Այլ հարց, որ Ալիևը չի ուզում Հայաստանի հետ բանակցությունները շարունակել արևմտյան ձևաչափով։
Եվ եթե այնուամենայնիվ Մյունխենում հանդիպում տեղի ունենա, նա ամեն ինչ կանի, որ այն լինի անարդյունավետ և կրի ֆորմալ բնույթ։
Արևմտյան հարթակներում Ալիևն արդեն ստացել է այն ամենը, ինչ իրեն պետք էր՝ Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչումը, Արցախը։ Եվ հիմա, երբ եկել է հատուցման, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ժամանակը, Ալիևը փորձում է խուսափել դրանից։
Այս առումով նա շատ սերտ համագործակցում է Ռուսաստանի հետ։ Սակայն ամբողջովին չի խզում կապերը Արևմուտքի հետ, որպեսզի բռնապետ չընկալվի»։
Ալիևի հայեցակարգը
«Ադրբեջանի ախորժակն ու պահանջներն օրեցօր աճում են: Ընտրություններով, ամբողջ ընտանիքի հետ Ստեփանակերտում քվեարկելով և ընտրություններից հետո «նոր դարաշրջանի» հռչակմամբ Ալիևն արձանագրեց․ տարածաշրջանում հարցերը կլուծվեն ուժի կիրառման սպառնալիքով և պատերազմով։ Նա արդեն մարսել է այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում՝ էթնիկ զտումը, հայերի բռնի տեղահանությունը։
Ալիևի հայտարարությունները և՛ ընտրություններից առաջ, և՛ հետո, հստակ ցույց են տալիս նրա քաղաքական գիծը։
Օրինակ՝ երդմնակալության ժամանակ իր ելույթում նա խոսեց իր բանակի հզորացման և նոր զինտեխնիկայի ձեռքբերման մասին։ Եվ միևնույն ժամանակ սպառնաց Հայաստանին՝ եթե չկատարի իր պահանջները, կվճարի դրա համար՝ որպես հատուցման օրինակ հիշեցնելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքները»։
Ի՞նչ էր նշանակում վերջին սրացումը
«Ալիևը փորձում է հետապնդել Հայաստանին աջակցող երկրներին: Նա նրանց անվանում է Հայաստանի հովանավորներ, ովքեր սխալ ճանապարհի վրա են։ Սահմանին վերջին սրացումը, որն ուղեկցվեց հայ զինվորականների սպանություններով, Բաքվի ողջ քարոզչությունն ու հռետորաբանությունն ուղղված են Արևմուտքի դեմ։ Առաջին հերթին՝ ի դեմս եվրոպական քաղաքացիական առաքելության, որը մշտադիտարկում է իրավիճակը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։ Ապա թիրախավորվում են Ֆրանսիան, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը։
Ալիևը մտադիր է ղարաբաղյան սցենարը կրկնել Հայաստանում՝ մեկուսացնելով այն։ Որպեսզի ոչ ոք գնահատական չտա նրա գործողություններին, որպեսզի մեղադրական հայտարարություններ չլինեն։
Արցախի շրջափակման նպատակն էլ այն աշխարհից կտրելն էր, մեկուսացնելը, որպեսզի այնտեղ գտնվող ռուս խաղաղապահներից բացի ոչ ոք չհասկանա, թե իրականում ինչ է կատարվում։
Նույնը Հայաստանի դեպքում է: Եթե հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական առաքելություն չլինի, Բաքվի համար ավելի հեշտ կլինի գործել: Միաժամանակ Արևմուտքի վտարումը տարածաշրջանից հնարավոր կլինի վաճառել Ռուսաստանին և փորձել լրացուցիչ դիվիդենտներ ստանալ։
Սա է Ադրբեջանի նպատակն այս փուլում և մոտ ապագայում։ Եթե Արեւմուտքը շարունակի միայն հայտարարություններով հանդես գալ, մենք ականատես կլինենք նոր սրացումների սահմանի տարբեր հատվածներում»։
Ինչ-որ բան կարո՞ղ է հետ պահել Ալիևին
«Ալիևը ստանդարտ բռնապետ է, որը վախենում է ուժից՝ դրա ցանկացած դրսևորմամբ, և իր հեղինակությանը սպառնացող ռիսկերից։
Դա կարող է լինել մի ուժ, որը նրա համար տարբեր խնդիրներ կստեղծի Ադրբեջանի ներսում։ Ուժ, որը միջազգային հարթակներում կարող է խնդիրներ ստեղծել նրա հեղինակության համար։ Նրա համար զսպող գործոն կարող են լինել միայն նման գործոնները։
Ալիևը գիտի, որ պետք չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, քանի որ կլինեն հետևանքներ: Գիտի, որ Արևմուտքի քայլերը կոչերից այն կողմ չեն անցնի։ Իսկ բողոքները, հայտարարությունները, դատարանի որոշումները կարելի է անտեսել։ Դրանք Ալիևի համար գլխացավանք չեն ստեղծում: Նա գիտի, որ հետո եվրոպացի պաշտոնյաները կսեղմեն իր ձեռքը, համագործակցություն կառաջարկեն ու կհորդորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Արևմուտքը Ալիևին չի՞ ընկալում որպես ստանդարտ բռնապետ, որը փորձում է հարցերը լուծել ագրեսիայի միջոցով։ Ցանկացած այլ նմանատիպ իրավիճակում Արևմուտքը սովորաբար այլ կերպ է գործում։ Իսկ դրա պատճառը հենց Արևմուտքի շահերն են։
Ադրբեջանի գազի պաշարները շատ փոքր են եվրոպական կարիքների նույնսիկ որոշակի մասը բավարարելու համար։ Բայց Ադրբեջանի տարածքով մատակարարվում է ռուսական գազը։ Բաքուն այն ստանում է Ռուսաստանից և վաճառում նույն Եվրոպային։ Այս սխեման հայտնի է բոլորին, բայց նաև ձեռնտու է բոլորին։ Ինչից և օգտվում է բռնապետը»։
Ոչնչացնե՞լ Հայաստանը
«Ակնհայտ է, որ Ալիևին պետք չէ խաղաղության որևէ պայմանագիր, որը կսահմանափակի նրա գործողությունները։ Նրան պետք է մի գործընթաց, որը կոչնչացնի Հայաստանը՝ որպես պետություն։
Այդ իսկ պատճառով նա շրջանառության մեջ մտցրեց «Արևմտյան Ադրբեջան», «ներկայիս Հայաստանը մեր պատմական հողերն են» և այլ թեզեր։ Ադրբեջանի ՊՆ հայտարարություններում Հայաստանի բոլոր բնակավայրերի անվանումները փոփոխված են և ներկայացվում են որպես ադրբեջանական։ Բաքուն վերջերս սկսեց գործածել նաև «պայմանական սահման» տերմինը։
Նա չի ճանաչում 1975 թվականի խորհրդային քարտեզները, ըստ որոնց՝ Փաշինյանն առաջարկում է սահմանազատում իրականացնել։ Ալիևը պնդում է՝ պետք է հիմնվել 1918-20 թթ. քարտեզների վրա:
Սրան բացասաբար են վերաբերվում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը։ Ադրբեջանի տրամաբանությունն այս հարցում ապշեցնում է անգամ Մոսկվային։
Ահա թե ինչու Բաքուն Հայաստանին առաջարկում է առանց միջնորդների, երկկողմ բանակցություններ վարել «ես կասեմ քեզ՝ ինչ անես, իսկ դու պարզապես կանես դա» սկզբունքով։
Բայց Ռուսաստանն ունի իր շահերը։ Նա ուզում է, որ յուրաքանչյուր գործընթաց տեղի ունենա իր մասնակցությամբ, որպեսզի կարողանա թելադրել իր պայմանները՝ որպես միջնորդ:
Ռուսական հարթակն անցանկալի և ռիսկային է Փաշինյանի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա իրեն դիրքավորում է որպես արևմտամետ քաղաքական գործիչ։ Բայց Ալիևը խուսափում է արևմտյան հարթակներից։ Ուստի վերջին շրջանում ուղիղ բանակցությունները հնարավոր են դարձել։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի ոչնչացումը չի բխում ինչպես Արևմուտքի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների, մասնավորապես՝ Իրանի, Վրաստանի և նույնիսկ Ռուսաստանի շահերից։ Մոսկվան այժմ Բաքվի հետ շահերի համընկնում ունի շատ հարցերում, բայց ոչ այս մեկում։
Ներկայիս իրավիճակում մենք պետք է ճիշտ աշխատենք, անընդհատ մատնանշենք, որ Ադրբեջանը վարում է հակաարևմտյան քաղաքականություն, ուզում է տարածաշրջանից վտարել Արևմուտքին, սատանայացնում է նրան՝ դրանով իսկ մեծացնելով պատերազմի ռիսկերը առանց այն էլ զգայուն իրավիճակում։ Միաժամանակ, մեր արևմտյան գործընկերներին պետք է ներկայացնենք մեր ակնկալիքներն ու պահանջներն իրենցից»:
Ռուսական միջնորդության ռիսկերը
«Մոսկվան և Բաքուն Երևանից պահանջում են միջանցք բացել Մեղրիով՝ որպես հաղորդակցության ուղի Նախիջևանի և Ադրբեջանի միջև, նաև հրաժարվել այս տարածքում տեղաշարժի վերահսկողությունից:
Ռուսաստանը ձգտում է անձամբ վերահսկել այդ ճանապարհը։ Որպես ժամանակավոր լուծում՝ նման որոշումը ձեռնտու է Ադրբեջանին։ Բերձորում էլ 2020 թվականի պատերազմից հետո սկզբում ռուսներն էին կանգնած: Հետո միջանցքն անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ։
Ռուսաստանն իր վրա պարտավորություններ էր վերցրել նաև Արցախի ժողովրդի անվտանգության հարցում, դրանք, սակայն, նույնպես լիովին ձախողեց։ Այդ ամենը հանգեցրեց իրենց հայրենիքից բոլոր հայերի տեղահանությանը։ Եվ հիմա ՌԴ-ն ուզում է դիրքավորվել Հայաստանի սահմանի ռազմավարական կարևոր հատվածներում՝ առանց որևէ հստակ երաշխիքների։
Սա շատ ռիսկային է մեր երկրի անվտանգության տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, ռուսական ու ադրբեջանական շահերի համընկնումը։
Արևմուտքը նույնպես դեմ է արտահայտվում Ռուսաստանի վերահսկողությանը։ Բայց այս բարդ աշխարհաքաղաքական գործընթացում մեծ դեր է խաղում Իրանը, որի շնորհիվ Բաքուն դեռ ուժով միջանցքը չի վերցրել»։
Ի՞նչ սպասել
«Էսկալացիայի տրամաբանությունը կպահպանվի: Հայաստանի դեմ հզոր տեղեկատվական պատերազմի ֆոնին հարվածի տակ են հայտնվելու Հայաստանը Իրանի և Վրաստանի հետ կապող տարածքները, ողջ Սյունիքը։ Ադրբեջանական քարոզչամեքենան ինքն է մատնանշում այդ տարածքները։
Ալիևը կշարունակի սողացող պատերազմի տրամաբանությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել ավելի հարմար աշխարհաքաղաքական իրադրություն, որպեսզի վճռական քայլեր ձեռնարկի։ Հիմա այնքան էլ բարենպաստ իրավիճակ չէ նման գործողությունների համար։ Արևմուտքն անընդհատ հիշեցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության մասին, հնարավոր են նաև կուլիսային զգուշացումներ։
Բացի այդ, Երևանի օգնությամբ Բաքուն ստացավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը (COP) անցկացնելոը հնարավորությունը։ Դա էլ է զսպում է Ալիևի ռազմական հավակնությունները։ Եթե նա գնա լայնածավալ պատերազմի, Ադրբեջանը կարող է զրկվել Ալիևի համար շատ կարևոր այդ իրադարձությունից: Իսկ այն ևս մեկ հնարավորություն է լեգիտիմացնել իր բռնապետությունը։
Սովորաբար վճռական ագրեսիան ձեռնարկվում է մեծ կոնսենսուսի կամ լռության պայմաններում, ինչպես եղավ Արցախի դեպքում։ Ի դեպ, Հայաստանի դեպքում նույնպես գործարքները բացառված չեն։ Օրինակ՝ եթե Ադրբեջանը համաձայնի դառնալ պլացդարմ ընդդեմ Իրանի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բաքվի պլանները