Բաքվի բնակիչները վրդովված են հին բերդապարիսպի վնասմամբ
Բաքվում սոցցանցերը վրդովված են լուսանկարներով, որոնցում երևում են Բաքվի պատմական կենտրոնում՝ Իչերի-շեհերում, գտնվող հին բերդապարիսպի նոր քարերը։ Պաշտոնյաները պնդում են, որ բերդապարիսպի մոտ օրինական շինարարություն է ընթանում, և դրան ոչ մի վնաս չի պատճառվի։
• «Էքսկուրսիա» գիշերային Բաքվում․ պատմություններ և լուսանկարներ
Այդ ի՞նչ բերդապրիսպ է, և ի՞նչ է դրա հետ կատարվում
Բաքվի կենտրոնում է տեղակայված քաղաքի հին հատվածը, որը շրջապատված է բերդապարսպով։ Այդ տարածքը կոչվում է Իչերի-շեհեր (ներքին քաղաք), պատմաճարտարապետական արգելոցի կարգավիճակ ունի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։
Երկար տարիներ այդ պատի հատվածներից մեկին ներքին կողմից մի քանի սրճարան և ռեստորան էր հարում։ Վերջերս դրանք ապամոնտաժվել են, այնուհետև մամուլում վերևից՝ հավանաբար դիմացի շենքերից մեկի պատուհանից արված լուսանկարներ են հայտնվել։ Դրանցում երևում է, թե ինչպես է ընթանում շինարարությունը պատի երկայնքով անցնող ցանկապատի մյուս կողմում։ Պատի վրա ժամանակակից քարեր են երևում, սակայն հնարավոր չէ հստակ ասել, թե արդյոք պատի այդ հատվածը փոխարինվել է նոր քարերով, թե երեսպատման սալիկներ են դրանք։
![]() ![]() ![]() |
Լուսանկարները վերցված են Rasul Hasan-ի ֆեյսբուքյան էջից
Քաղաքացիներն աղմուկ են բարձրացրել սոցիալական ցանցերում․
«Նույնիսկ մեր պատմությունը չենք կարող պահպանել։ Բաքուն հիվանդ է․․․ Նյարդերս չի հերիքում այդ ամենին նայել»;
«Շատ կիսվեք այս լուսանկարներով։ Անհրաժեշտ է, որ այս մասին իմանան ամենավերևներում»;
«Ի՞նչ է, վերևում այս մասին չգիտե՞ն։ Այդ ամենը կառավարության թույլտվությամբ է արվում»;
Ղեկավարության արձագանքը
Արգելոցի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ «վերանորոգման-վերականգնողական աշխատանքները բերդապարսպին, դրա կայունությանն ու արտաքին տեսքին վնաս չեն հասցնում»։
Ղեկավարության խոսքով՝ այդ տարածքում նոր մեկհարկանի սրճարաններ են կառուցվելու ապակուց և թեթև մետաղական կոնստրուկցիաներից։
Ի՞նչ է կատարվում իրականում
Բաքվի պատմությունն ուսումնասիրող Թորգուլ Վելիևին զարմացնում է, որ մարդիկ միայն հիմա են աղմուկ բարձրացրել։ Քանի որ բերդապարսպի և ուրիշ հին շենքերի վրա բնավ ոչ առաջին անգամ են ժամանակակից «կարկատաններ» հայտնվում։
«Պատի այդ հատվածն արդեն 10 տարի այդ վիճակում է։ Ճարտարապետության պաշտպաններն ի սկզբանե դեմ էին այդտեղ ռեստորաններ կառուցելուն», — ասում է Վելիևը։
Նրա խոսքով՝ տվյալ պահին Իչերի-շեհերում մի քանի նման շինություն կա, թեև արգելոցի տարածքում շինարարությունն արգելված է։
Դրան զուգահեռ սոցցանցերում մարդիկ ահազագնում են ևս մեկ պատմական հուշարձանի՝ 1912թ-ի բնակելի շենքի ենթադրյալ ապամոնտաժման մասին։
