«Բաքուն փաթեթավորում է ՀՀ դեմ իր հերթական ագրեսիան»․ հայ քաղաքագետ
Բաքուն ՀՀ-ից 4 գյուղ է պահանջում
«Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի պատկանելությունը կասկածներ չի հարուցում, դրանք ենթակա են անհապաղ ազատման», — հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը։ Այդ գյուղերի մոտակայքով է անցնում ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը: Հայ փորձագետներն այս հայտարարության տակ տեսնում են Ադրբեջանի իշխանությունների թաքնված նպատակը՝ զավթել դրանք և փակել ճանապարհն ու դադարեցնել գազամատակարարումը։
Պաշտոնական Երևանն ադրբեջանական պահանջին դեռ չի արձագանքել։ Ավելի վաղ, սակայն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից շեշտել էին՝ «Բաքուն 4 գյուղ է պահանջում, սակայն հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները»։ Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստին հաջորդած հաղորդագրությունում պաշտոնական Բաքուն, ըստ էության, հաստատել է դա՝ հայկական կողմի պնդումները որակելով «անհիմն»։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասում է՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է բոյկոտել խաղաղության գործընթացը։ Նշված գյուղերն, ըստ նրա, վիճելի չեն, հայկական են։
«Բաքուն պարզապես փորձում է փաթեթավորել իր հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ագրեսիա, որը հրահրվում է Ռուսաստանի կողմից և հաճույքով շարունակվում է Ադրբեջանի կողմից»,- շեշտել է Սիմոնյանը։
«Անհապաղ վերադարձնել 4 գյուղերը»
Նախօրեին, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների նիստի արդյունքներին՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել է.
«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերին, դրանք ենթակա են անհապաղ ազատման»։
Ադրբեջանական կողմը ընդգծում է, որ սահմանների դելիմիտացիայի ընթացքում էլ «կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը»։
Խոսքը, մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաև Արարատի մարզում գտնվող Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերի մասին է։
Հայկական կողմն էլ Ադրբեջանում անկլավ ունի՝ Արծվաշենը, որն 90-ականներից օկուպացված է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե՝ անկլավ/էքսկալվների թեման խաղաղության բանակցություններում քննարկվում է, հստակ լուծում դեռ չկա։
Միաժամանակ, Ադրբեջանը պնդում է՝ «անհիմն է հայտարարել, թե Հայաստանին պատկանող 31 բնակավայրերի հողերը զավթված են Ադրբեջանի կողմից»։
«Ադրբեջանը հրաժարվում է հետ քաշվել 31 հայկական տարածքներից»
Նախքան Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի պահանջների առաջադրումը կողմերի միջև առկա տարաձայնություններին էր անդրադարձել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Այս հայտարարութան մեջ հայկական կողմը շեշտել է՝ Բաքուն 4 գյուղ է պահանջում՝ առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։
«Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աշաղը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»,- պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը՝ նշել էին փոխվարչապետի գրասենյակից:
Փոխանցել էին նաև այդ 31 ոչ անկլավային տարածքների ցանկը՝
- Տավուշ՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր,
- Սյունիք՝ Քաջարանց, Սալվարդ, Գորհայք, Սառնակունք, Անգեղակոթ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Վերիշեն, Խոզնավար, Տեղ, Ներքին Հանդ,
- Արարատ՝ Պարույր Սևակ,
- Գեղարքունիք՝ Սոթք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք, Կախակն, Կուտական,
- Վայոց ձոր՝ Ջերմուկ։
Հայաստանի պաշտոնյաները խոսում են օկուպացիայի տակ գտնվող 200 քկմ հայկական տարածքի մասին և նշում, որ մի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, մյուսը՝ 2021-22-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը կազմակերպվել էր օրեր առաջ՝ մարտի 7-ին՝ երկու երկրների սահմանին, որը պաշտոնական Բաքուն վերջին շրջանում կոչում է «պայմանական սահման»։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ հանձնաժողովի ղեկավարներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը մտքեր էին փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և մեկնարկել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը։
Հայկական կողմի տեղեկություններով՝ կողմերը քննարկել էին նաև սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը, ձեռք բերել պայմանավորվածություններ։ Դրանք են՝
- սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը,
- աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Այլ՝ շոշափելի արդյունքների մասին ոչ Երևանը, ոչ Բաքուն չեն հաղորդել։
Ալմա-Աթայի հռչակագիրը՝ «կռվախնձո՞ր»
Հայկական կողմը պնդում է՝ սահմանազատման գործընթացում պետք է լինի ոչ միայն տեխնիկական հիմք՝ քարտեզներ, այլև քաղաքական հիմք՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, որով ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանները միության փլուզումից հետո ճանաչվել են իբրև երկրների միջպետական սահմաններ։
Թուրքական TRT-ին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծից հեռացնում է հղումը Ալմա-Աթայի հռչակագրին, որի հիման վրա Հայաստանը ցանկանում է իրականացնել սահմանազատումը։
Արարատ Միրզոյանի կարծիքով՝ դա առնվազն հարցեր է առաջացնում հայաստանյան դիվանագետների շրջանում։
«Կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- պարզաբանել է նա։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը հիշեցնում է՝ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, չի ճանաչում Ալմա-Աթայի հռչակագիրը, ԽՍՀՄ՝ տարբեր տարիների քարտեզները։ Նրա կարծիքով՝ 4 գյուղերի «անհապաղ վերադարձի» մասին խոսույթն էլ է վկայում, որ Բաքուն շարունակում է «իր ագրեսիվ քաղաքականությունը»։ Ադրբեջանական կողմի նոր պահանջներն, ըստ նրա, անհիմն են։
«Նրանք փաթեթավորում են այդ գյուղերն իբրև ադրբեջանական, որ ուժ կիրառելուց հետո աշխարհը չկարողանա ձայն հանել։ Այնպես, ինչպես Արցախի վերաբերյալ արեցին, հայկական կողմը ենթարկվեց ագրեսիայի, և աշխարհը ոչինչ չկարողացավ անել։ Որևէ 4 կամ 8 գյուղերի հարց չկա»,- շեշտում է նա։
Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը կփորձի նշված 4 գյուղերն ուժով վերցնել։ Ասում է՝ Բաքվի նպատակը լոկալ ռազմական էսկալացիան է՝ լայնածավալի վերածվելու հնարավորությամբ։
Հայաստանի արտգործնախարարությունն ու դիվանագիտական կորպուսը, ըստ նրա, պետք է շատ արագ արձագանքեն Ադրբեջանին․
«Պետք ա ասեն, որ նրանց ակնկալիքները չեն համապատասխանում ներկայիս իրադրությանը։ Նախ իրավիճակը սառեցման տարեք, դուրս եկեք ելման դիրքեր, ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրս եկեք, հետո մտածենք՝ որն է մերը, որը՝ ձերը»։
Նրա խոսքով՝ Երևանը պետք է փորձի դիվանագիտական մակարդակում ձախողել Ադրբեջանի հեռահար պլանները։ Մեթոդների շարքում Գուրգեն Սիմոնյանն առանձնացնում է ռուսական ինտեգրացիոն կառույցներից՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը, ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը վավերացնելը։
Քաղաքագետը կարծում է՝ հայկական կողմը պետք է հայտարարի՝ Բաքվի նպատակները «ռուսական պլան» են և այդ կերպ ի պաշտպանություն ՀՀ զորաշարժի ողջ քաղաքակիրթ աշխարհը։
Բացի այդ, Երևանը, ըստ վերլուծաբանի, պետք է՝
- «Ֆրանսիայի հետ ռազմավարական փոխօգնության պայմանագիր կնքի,
- շատ կարճ ժամանակում պատշաճ զինտեխնիկա մատակարարի,
- ՀՀ տարածքից հավաքի և մեկ վայրում լոկալիզացնի ռուսական «կանաչ մարդուկներին»` ռուսական ռազմաբազայի զինծառայողներին, սահմանապահներին և այլն, որոնք թշնամի են թիկունքում»։
Գուրգեն Սիմոնյանի համոզմամբ՝ միայն այդ կերպ՝ ՀՀ դիմադրողականության բարձրացման ուղղությամբ պատշաճ քաղաքականություն վարելով է հնարավոր զսպել Ադրբեջանին։ Ուստի, պնդում է՝ պետք է ցույց տալ, որ Բաքվին աջակցող Մոսկվան ՀՀ-ում ներկայություն չունի և ՌԴ ազդեցության բացակայության պայմաններում Երևանը կարողանում է նոր դերակատարների ներգրավել, նոր դաշինքներ հաստատել և զինտեխնիկա ձեռք բերել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բաքուն ՀՀ-ից 4 գյուղ է պահանջում