Բանկի զավթում Վրաստանում․ 43 պատանդներն ազատ են արձակվել, վիրավորներ չկան, հանցագործը թաքնվել է՝ տանելով կես միլիոն դոլար
Հոկտեմբերի 22-ին առավոտյան չորսին մոտ Վրաստանում ավարտվել է հատուկ գործողությունը, որը սկսվել էր նախորդ օրվա ցերեկը, երբ զինվորական համազգեստով անհայտ անձը՝ զենքը ձեռքին, ներխուժել էր Զուգդիդի քաղաքի (արևմտյան Վրաստան) բանկի մասնաճյուղ։
Հանցագործը պատանդ է վերցրել ընդհանուր առմամբ 43 հոգու՝ «Վրաստանի բանկի» աշխատակիցներին և հաճախորդներին։ Ականատեսներն ասում են, որ նրա մոտ նռնակ է եղել։
Հանցագործը պատանդների օգնությամբ կապվել է վրացական հեռուստաընկերությունների հետ և փոխանցել իր պահանջները․ կես միլիոն դոլար, իշխանությունների կողմից չզինված բանակցող և անվտանգության երաշխիքներ։
Ժամը 20.30-ին ազատ է արձակվել երեք պատանդ։
Երկար բանակցություններից հետո պատանդներին փոխարինել է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի ոստիկանապետ Ավթանդիլ Գալդավան։ Ժամը 22.00-ին մոտ Գալդավան և երեք պատանդները հանցագործի հետ միասին լքել են բանկի շենքը։
Այդ երեք պատանդներից մեկը՝ Լաշա Շենգելիան «Ռուսթավի-2» հեռուստաալիքին պատմել է, որ իրենց ազատ են արձակել անհայտ վայրում, որտեղ հանցագործը մեքենա է նստել և հեռացել։ Ականատեսը հաստատել է, որ նա նռնակ է ունեցել։
Թե որտեղ է թաքնվել հանցագործը՝ տանելով ոստիկանությունից ստացած կես միլիոն դոլարն, անհայտ է, հետախուզումը շարունակվում է։