«Արևմտյան ճակատից» նորություն չկա. ինչո՞ւ ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն կարողանում հաշտեցնել Երևանին ու Բաքվին
Արևմուտքի դիրքորոշումը
Ղարաբաղյան հակամարտությունը մոռացության մատնվելու վտանգի տակ է, և դա, համենայն դեպս, չի հակասում Հարավային Կովկասում Արևմուտքի շահերին։ ՌԴ-ից խլելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմնական մոդերատորի դերը՝ Բրյուսելն ի սկզբանե նպատակ ուներ մոդեռացնել ողջ երկխոսությունը, առաջին հերթին՝ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Սա նշանակում էր, որ պաշտոնական Երեւանը պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչը, ըստ էության, տեղի ունեցավ։
Բայց հիմա իրադարձություններն ակնհայտորեն չեն զարգանում այնպես, ինչպես նախատեսված էր նախնական սցենարով։ Երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցություններին մասնակցել։ Մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռ կարգավորված չէ։ Բանակցություններից Բաքվի հրաժարվելու ֆոնին մեծ է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը՝ չնայած դրանց անթույլատրելիության մասին արևմտյան գործընկերների հայտարարություններին։
- Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումը միայն տեսականորեն է հնարավոր
- Ինչպե՞ս է ՀՀ-ն լուծում արցախցիների խնդիրները. արդյունավե՞տ են օգնության ծրագրերը
- Քաղաքացիությունը՝ փախստական․ ԼՂ-ի հայերի պատմություններն ու հիշողությունները
Բաց թողնված հնարավորություն
2023 թվականի հոկտեմբերի 5-ը կարող էր հիշարժան օր դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պատմության մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսվում էր հնգակողմ հանդիպում։ Բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից պետք է մասնակցեին նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հայաստանի վարչապետը ժամանեց Իսպանիա։ Իսկ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը՝ իբրև պատճառ մատնանշելով Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշումը։ Բացի այդ, նա առաջարկեց հրավիրել Թուրքիայի նախագահին, ինչին դեմ արտահայտվեցին Փարիզն ու Բեռլինը։
Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը շեղվեց իր բնականոն ընթացքից։ Բայց սա խնդրի միայն մի մասն է: Գրանադայում Հարավային Կովկասի երկու պատերազմող երկրների ղեկավարները պետք է ստորագրեին տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին փաստաթուղթ։ Արդյունքում դրա տակ հայտնվեց միայն Փաշինյանի ստորագրությունը։
Այսպիսով, Հայաստանն արեց այն, ինչ ակնկալում էին իր արևմտյան գործընկերները՝ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Բայց ոչինչ չստացավ դրա դիմաց։ Ալիևը ոչ միայն չստորագրեց Հայաստանի սահմանները ճանաչելու մասին փաստաթուղթը, այլև հանդես է գալիս հայտարարություններով, որոնք հնարավոր չէ գնահատել այլ կերպ, քան տարածքային պահանջներ։
- «Փաշինյանը խաղաղություն է ուզում, Ալիևը՝ պատերազմ». կարծիք Երևանից
- «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգման»․ Ալիև
Արևմուտքի հաղթանակը և Ռուսաստանի պարտությունը
2020 թ․-ի ղարաբաղյան 44-օրյա պատերազմի արդյունքները կարծես ավելի ամրապնդեցին Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Մոսկվայի միջնորդությամբ ստորագրվեց հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարությունը, որով փաստացի Ռուսաստանին վերապահվեց այդ փաստաթղթի իրականացման երաշխավորի դերը։ Ռազմական գործողությունների դադարեցումից մի քանի օր անց ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվեց ԼՂ-ի տարածքում։
Պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մի քանի անգամ գնացին Կրեմլ, նույնիսկ ստորագրեցին ևս երկու փաստաթուղթ։ Թվում էր, թե Մոսկվան զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունը տարածաշրջանում և վերջնականապես թակարդն է գցել Երևանին։ Սակայն ամեն ինչ փոխվեց ուկրաինական ճգնաժամի մեկնարկով։
Ուկրաինական պատերազմի սկսվելուց մի քանի ամիս անց Եվրամիությունը նկատելիորեն ակտիվացավ ղարաբաղյան ուղղությամբ։ Մինչ Մոսկվան զբաղված էր ռազմական հարցերով, Բրյուսելը իր վրա վերցրեց Երևանի և Բաքվի միջև շփման գլխավոր մոդերատորի դերը։
2022-2023 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հանդիպումների մեծ մասն անցկացրին Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում։ Արդյունքում, 2020 թվականի պատերազմը, որը պետք է ամրապնդեր Ռուսաստանի դիրքերը, դարձավ մեկ այլ գործընթացի՝ տարածաշրջանից Կրեմլի հեռանալու սկիզբ։
- «Զարգացնել ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը՝ դեռ առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու»․ կարծիք
- «Ոչ թե ներխուժում, այլ մեծ ճնշում Հայաստանի վրա»․ Թոմ դը Վաալի կարծիքը
- Փաշինյանը Բաքվին սպառազինությունների վերահսկում է առաջարկում․ իրագործելի՞ է
Հայաստանից պահանջում են «իջեցնել նշաձողը»
«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:
2021 թվականին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո հայ հասարակությունը վերջնականապես համոզվեց, որ երկրի իշխանությունները չեն ձգտելու Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ էր։ Այդ ժամանակ բանակցային գործընթացն արդեն սկսել էր տեղափոխվել դեպի Արևմուտք։ Իսկ միջազգային հանրություն ասելով՝ Հայաստանի վարչապետը նկատի ուներ հենց եվրոպացի գործընկերներին։
Այժմ կարող ենք արձանագրել, որ Հայաստանը ոչ միայն իջեցրել է, այլև ամբողջությամբ հրաժարվել է ԼՂ հարցում ցանկացած նշաձողից։ Իր շուրջ կոնսոլիդացիա, սակայն, այդպես էլ չի ստացել։
Ինչու՞ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Արևմուտքն ավելի շատ հետաքրքրված էր երկրների տարածքային ամբողջականության սկզբունքով, քան ժողովուրդների ինքնորոշման իրավունքով։ Եթե մինչ 2020 թվականի պատերազմը Ադրբեջանը Ղարաբաղին առաջարկում էր իր կազմում ամենալայն ինքնավարությունը, ապա հետո իրավիճակը լիովին փոխվեց։ Բաքուն հրաժարվեց խոսել որևէ կարգավիճակի մասին։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը առավելագույնս շահագրգռված էր ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծմամբ, և նոր իրողությունները հուշում էին, որ այն կարող է լուծվել միայն երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։
Ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը փաստացի անիմաստ դարձրեց տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչին, առաջին հերթին, փորձում էին հասնել Բրյուսելն ու Վաշինգտոնը։ Ի վերջո, այդպես էլ եղավ։
Ու թեև խաղաղապահ զորախումբը դեռ մնում է Ղարաբաղում, գրեթե ողջ հայ բնակչության տեղահանությունից հետո ռուսների հեռանալը տարածաշրջանից մոտ ապագայի խնդիր է։ Խաղաղապահ առաքելության մանդատը լրանում է 2025 թվականին, և Ադրբեջանն ակնհայտորեն մտադիր չէ այն երկարաձգել։ Եվ դրա համար ունի բոլոր ֆորմալ հիմքերը։
- «Ռուսները «փրկեցին» Արցախը, ուզում են անցնել ՀՀ-ին»․ հայ քաղաքագետ
- «Հայաստանի տարածքը չեն ճանաչում»․ կարծիք «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին
Առճակատումն ավարտվե՞լ է
Այն բանից հետո, երբ Բաքուն հասավ Հայաստանի կողմից բանավոր և գրավոր կերպով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, ադրբեջանական կողմը կորցրեց հետաքրքրությունը արևմտյան հարթակների նկատմամբ: Իլհամ Ալիևն արդեն հասցրել է բոյկոտել մի քանի հանդիպումներ և ամեն անգամ մերժում է Բրյուսել կամ Վաշինգտոն մեկնելու հրավերները։ Փոխարենը Ադրբեջանի ղեկավարը հայ գործընկերոջն առաջարկում է հանդիպել Ռուսաստանում։
Այժմ բանակցությունների հիմնական առարկան ոչ թե Լեռնային Ղարաբաղն է, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
Խոսքը ճանապարհի մասին է, որը Բաքուն կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ հայկական կողմը չվերահսկի այդ ճանապարհը։
Բաքվում հիանալի հասկանում են, որ այդ կետերի հետ կապված առավելագույն արդյունք ունենալու հույս կարող են ունենալ, եթե դրանց շուրջ բանակցություններ տեղի ունենան Մոսկվայում։ Ռուսաստանն այս հարցերում աջակցում է Ադրբեջանին՝ ելնելով սեփական շահերից։ Մասնավորապես, մտադիր է անձամբ վերահսկել Հայաստանի տարածքով անցնող այդ ճանապարհը։
«Մեր արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը [Ադրբեջանի և Հայաստանի միջև] ստորագրվի միայն իրենց տարածքում։ Դա փաստ է։ Այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու և բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը, սա նույնպես փաստ է։ Չգիտեմ, թե Երևանը որքանով է պատրաստ դրան, թեև համապատասխան ազդակները վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը շատ դիպուկ կերպով ցույց է տալիս Կրեմլի դիրքորոշումը ոչ միայն բանակցությունների, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։
Պարադոքսալ է, բայց Երևանն ամեն կերպ փորձում է խուսափել և ակնհայտորեն զգուշանում է իր ռազմավարական դաշնակցի ակտիվացումից։ Արդեն ակնհայտ է, որ դա կարող է բերել լուրջ կորուստների։
Փոխարենը Հայաստանի իշխանություններն ավելի ու ավելի մեծ ակտիվություն են ակնկալում Արևմուտքից և այդ ուղղությամբ ինչ-որ բանի հասել են։ Մասնավորապես, ավելացել է ԵՄ առաքելության քաղաքացիական դիտորդների թիվը, որոնք պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին։
Այժմ հիմնական հարցն այն է, թե արդյոք Բաքուն կսկսի ռազմական գործողություններ: Հայաստանում շատերը վստահ են, որ դա ժամանակի հարց է, և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում սահմանին կրկին կրակոցներ կհնչեն։
Արդյո՞ք իրադարձությունները կզարգանան այդ սցենարով, մեծապես կախված կլինի Եվրամիության և ԱՄՆ-ի դիրքորոշումից։ Բրյուսելն ու Վաշինգտոնը կկարողանա՞ն և կցանկանա՞ն զսպել Բաքվի ախորժակը: Այս հարցն առայժմ բաց է մնում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արևմուտքի դիրքորոշումը