Արցախ․ ի՞նչ է սպասվում «նոր» և «հին» փախստականներին
Արցախյան երկրորդ պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը սկսվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին, ավարտվել է նոյեմբերի 10-ին` հրադադարի մասին հայտարարության ստորագրմամբ։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասն անցել է Ադրբեջանին։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1988-1994 թթ-ին, երկու կողմից հարյուր հազարավոր մարդիկ են փախստական դարձել։ Երկրորդ պատերազմը նոր փախստականների ի հայտ գալու պատճառ դարձավ․ այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների հայերի շրջանում։
Միաժամանակ, ադրբեջանցի «հին» փախստականները, չնայած նրան, որ իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը վերադարձել են Բաքվի վերահսկողության տակ, դեռ երկար չեն կարողանա վերադառնալ։
JAMnews-ի թղթակիցները Երևանում և Բաքվում հանդիպել են «նոր» և «հին» փախստականների հետ՝ պարզելու, թե ինչ են նրանք վերապրել, և թե ինչպես է նոր պատերազմն ազդել նրանց կյանքի վրա։
Վերադառնալ վախենում են անգամ նրանք, ովքեր վերադառնալու տեղ ունեն
Արմինե Մարտիրոսյան, Երևան
«Ստեփանակերտում կյանք չի լինելու»
«Շուշիի հանձնման օրն այս ժամացույցն աղոթարանի հետ հատակին ընկավ։ Մարմինս ցնցվում էր, մտածում էի․ «Աստված իմ, մի՞թե նման բան կարող է լինել», — Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու նկարով պատի ժամացույցը մատնացույց անելով՝ պատմում է Արմինե Գրիգորյանը։
Հերթական անգամ ընտանիքը լքում է հարազատ տունն ու ապաստան փնտրում օտար քաղաքում։
- Արցախյան երկրորդ պատերազմի հետպատերազմյան զոհերը
- Ի՞նչ ստացան Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո
- Պատերազմ, թթու և ժենգյալով հաց․ իրենց տները լքած արցախցիների կյանքի մասին
Առաջին անգամ ընտանիքը Շուշիից Ստեփանակերտ է փախել ղարաբաղյան հակամարտության սկզբին՝ 1988 թ-ին։ Այն ժամանակ ադրբեջանցիները, որոնք քաղաքում մեծամասնություն էին կազմում, վտարեցին հայերին։ Սակայն 1992 թ-ին հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրումից հետո ընտանիքը վերադարձել էր հարազատ օջախ։ 28 տարի անց նրանց ճակատագիրը կրկնվում է։ Այս անգամ այն նրանց Երևան է հասցրել․
«Պատերազմ սկսվեց, ինչ ունեինք, թողեցինք-գնացինք։ Տուն, ունեցվածք․․․ միայն երեխաներին կարողացանք դուրս բերել»։
Արմինեն ամուսնացել է բնիկ շուշեցու հետ, ասում է, որ իրենց ընտանիքի պատմությունը կապված է քաղաքի պատմության հետ։ Ամուսնու ծնողների տունը հայտնի Ղազանչեցոց եկեղեցու հարևանությամբ է, որն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ երկու անգամ արկակոծվել է։
Նրանք իրենց ձեռքերով են կառուցել սեփական տունը, որն, ինչպես հետո պարզվել է, հայկական հին գերեզմանոցի հարևանությամբ էր գտնվում․
«Երբեք չեմ մոռանա․ բանվորները եկել էին խողովակները փոխելու, որ ջուրը չսառչի բակում։ Խորը փոս փորեցին, կմախք գտան՝ ոսկորներ, գանգ։ Մտածեցին, որ դա գերեզմանոցի շարունակությունն է։ Այնուհետև 14-րդ դարի, եթե չեմ սխալվում, 1376 թ-ի տապանաքար գտան, վրան հայերեն էր գրված»։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Դրանով է անցնում Հայաստանի հետ Արցախը կապող միակ ճանապարհը, որով հայերը երթևեկում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Այժմ Արմինեի ընտանիքը վեց երեխաների հետ Երևանում է բնակվում և վախենում է Ղարաբաղ վերադառնալ․
«Ո՞վ կգնա Ղարաբաղ, մինչև տեղ հասնի՝ սրտի կաթված կստանա։ Դա նորմա՞լ է։ Միմյանց հետ կռվել, իսկ հետո թշնամիներով շրջապատել և ասել՝ ապրեք։ Չգիտեմ, թե որքանով է անվտանգ, որ մարդկանց Ստեփանակերտ են վերադարձնում»։
Շուշին Ստեփանակերտի վերևում է, Արցախի մայրաքաղաքն այստեղից երևում է, ինչպես ափի մեջ։ Արմինեն հիշում է 1990-ականների արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռմբակոծությունը Շուշիից։ Նա այն ժամանակ շատ ազգականներ, ընկերներ և ծանոթներ է կորցրել․
«Ստեփանակերտը տարիներով սարսափելի վիճակում էր։ Ինչ ասես, որ մեզ հետ չէին անում։ «Գրադի» արկերը մեր գլխին էին թափվում օր ու գիշեր։ Մորաքրոջս ընտանիքն արկը ցրիվ էր տվել պատերով։ Հասցրին միայն մի երեխայի փրկել, որին թաքցրել էին բաղնիքի սյան հետևում։ Ի՜նչ շոկ ենք ապրել։ Մեկը չէր, երկուսը չէր, երեքը չէր։ Իսկ հիմա մեզ նույն իրավիճակի մեջ են գցել։ Եթե Շուշիում ադրբեջանցիներ լինեն, Ստեփանակերտում կյանք չի լինի»
«Հադրութի փախլավան» Երևանում
Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նաև ռազմավարական նշանակություն ունեցող Հադրութ քաղաքը։ Հենց դրա միջոցով են ադրբեջանական զորքերը կարողացել Շուշի հասնել։
Ալյոնա Ավետիսյանը, նրա երեք երեխաներն ու ամուսնու ծնողները Հադրութը լքել են սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ հրետանային արկն ընկել է նրանց բակում, և տունն ավերվել է։
«Ժամը 7:15 էր, մենք դեռ քնած էինք, երբ ամեն ինչ սկսվեց։ Հրետանին հարվածում էր, դրոնները թռչում էին։ Երբ երեխաները սկսեցին լացել, վախենալ, դուրս եկանք, այնտեղ մնալն էլ իմաստ չուներ»։
Ընտանիքը սկզբից տեղափոխվել է Հադրութի մոտ գտնվող բլրի վրայի գյուղ՝ հույսով, որ այն չի հրետակոծվի։ Այնուհետև այստեղից էլ են մեկնել՝ այս անգամ Գորիս քաղաք։ Կրկին՝ հույսով, որ իրենց տուն են վերադառնալու։ Սակայն ստիպված էին ևս մեկ անգամ տեղափոխվել՝ Երևան։ Այստեղ նրանք բնակարան են վարձակալում։
Ալյոնան հիշում է արցախյան առաջին պատերազմը։ Նա յոթ տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց։
«90-ականներին նույնպես Հադրութը ռմբակոծում էին, սակայն մենք շարունակում էինք այնտեղ ապրել։ Դպրոց էինք գնում, մեր ծնողներն աշխատանքի էին գնում, ապրում էինք մեզ համար, քաղաքը երբեք ադրբեջանցիներինը չի եղել։ Այս անգամ ուրիշ պատերազմ էր։ Անհնար էր մնալ», — ասում է Ալյոնան։
Նա համացանցում սարսափով է տեսանյութեր դիտում Հադրութից, որոնք տեղադրում են ադրբեջանցիները․
«Նայում ենք այդ տեսանյութերը, տեսնում, թե ինչի է վերածվել մեր քաղաքը։ Հադրութն այժմ ահավոր վիճակում է, ամեն ինչ ավերված է, տները, շենքերն այրվել են, սարսափելի վիճակ է։ Քաղաքը երբեք ադրբեջանական չի եղել, և չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լինել»։
Ալյոնայի ընտանիքը Հադրութում տուն և բիզնես է թողել։ Նրանք խանութ և սրճարան են ունեցել։ Երևանում նրանք ստիպված են ամեն ինչ զրոյից սկսել։ Գումար վաստակելու և ընտանիքի հոգսը թեթևացնելու, իր տխուր մտքերը ցրելու համար Ալյոնան որոշել է իր փոքր բիզնեսը սկսել։ Նա փախլավա է թխում Հադրութի բաղադրատոմսով և վաճառում ինտերնետով։ Երևանում «Հադրութի» փախլավան արդեն ճանաչված ապրանքանիշ է։
«Հադրութցիները բնավորությամբ ուժեղ են, և մենք բոլորս հույսներս չենք կորցնում, որ դեռ վերադառնալու ենք մեր հայրենի քաղաք», — ասում է նա։
Փախստականներն ու պետությունը
Արցախյան պատերազմի ժամանակ իրենց տները լքել են 90 հազար արցախցիներ։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 30 հազար մարդ հետ է վերադարձել։
Հայաստանի իշխանությունները փախստականներին միանվագ օգնություն են ցուցաբերում 300 հազար դրամի չափով [մոտ $600]։
Նրանց օգնում են նաև բնակարան փնտրելու հարցում։ Կառավարությունը յուրաքանչյուր արցախցու, որը Հայաստան է տեղափոխվել ռազմական գործողությունների ժամանակ, ամսական 68 հազար դրամ [մոտ $140] է տրամադրում։ Լրացուցիչ 15 հազար դրամ [մոտ $30] են ստանում նրանք, ովքեր սեփական գույք չունեն Հայաստանում։
Այդ մարդկանց բնակարանային հարցերը պետությունը պետք է լուծի մի քանի տարում, իսկ մինչ այդ՝ կվճարի բնակարանի վարձը։
«Հայաստանը պետք է տարանջատի այն արցախցիների համար ծրագրերը, որոնք ամենաքիչը մոտակա մի քանի տարվա ընթացքում չեն կարող վերադառնալ, և այն խմբերի համար, որոնք կարող են վերադառնալ ռուս խաղաղապահների երաշխավորությամբ, թեկուզ՝ ոչ հարյուր տոկոսանոց։ Նրանք, ովքեր չեն կարող այժմ կամ մոտ ժամանակներս վերադառնալ, պետք է ոչ թե սեփական տներով, այլ սոցիալական բնակարաններով ապահովվեն։ Հետագա զարգացումը կախված կլինի հայ ժողովրդի միասնական ոգուց», — կարծում է Հայաստանի առաջին օմբուդսմեն և իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ֆինանսական և նյութական աջակցությունից զատ, ըստ նրա, Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է ակտիվորեն բարձրացնեն փախստականների հարցը միջազգային ատյաններում։
«Արցախն ու Հայաստանը պետք է դիմեն միջազգային բոլոր ատյաններ, նախևառաջ՝ քաղաքական, այս հարցը բարձրացնեն, հստակեցնեն, որ շատ ընտանիքներ երկրորդ, երրորդ անգամ են իրենց բնակավայրերից դուրս մղվում։ Միջազգային հանրությունը պատասխանատվություն է վերցնում՝ օգնություն հասցնելու հումանիտար աղետի առջև կանգնած հազարավոր ընտանիքների», — կարծում է Լարիսա Ալավերդյանը։
Վերադառնալուն դեռ շատ կա
Սևգի Իսմայիլբեյլի, Բաքու
Ըստ Բաքվի տվյալների՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ հակամարտության գոտին լքել է 600-700 հազար ադրբեջանցի։ Փախստական է դարձել շուրջ 300 հազար ադրբեջանցի, որոնք մինչև նախորդ դարի 80-ականների վերջն ապրել են հենց Հայաստանի տարածքում։
JAMnews-ի թղթակիցը հանդիպել է արցախյան առաջին պատերազմի փախստականների հետ, որոնք արդեն շուրջ 30 տարի է՝ ստիպված են հայրենի վայրերից հեռու ապրել։
«Որտեղի՞ց ժողովուրդների մեջ այսքան թշնամանք միմյանց նկատմամբ»
Մամեդհասան Հասանովը գլխավորում է հասարակական կազմակերպություն, որն օգնություն է ցուցաբերում հակամարտության գոտում ականներից տուժած անձանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում։
Նա ծնունդով Ֆիզուլիի շրջանից է, որը 2020 թ․ հոկտեմբերի 17-ին վերադարձել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։
Մամեդհասան Հասանովը հիշում է առաջին պատերազմի իրադարձություններն ու պատմում, որ խորհրդային բանակում ծառայությունից տուն վերադառնալիս իր հայրենի բնակավայրը պատերազմի կրակի մեջ է գտել։
«Երբեք չէի մտածի, որ ժողովուրդները, խորհրդային մարդիկ կարող են այդքան թշնամանք տածել միմյանց նկատմամբ։ Այն ժամանակ մեր գյուղի բնակիչները խրամատներ փորեցին գրոհող թշնամու բանակից պաշտպանվելու համար։ Քեռիս ու հարազատ եղբայրս նույնպես գնացին կռվելու օկուպանտների դեմ, սակայն մենք զենք չունեինք։ Տասը հոգուն բաժին էր ընկնում մեկ զենք, որը տրամադրել էր ոստիկանության շրջանային վարչությունը», — ասում է նա։
Այն ժամանակ՝ հակամարտության սկզբում, Ադրբեջանում խորհրդային զորքեր էին տեղակայված, պարետային ժամ էր գործում։ Մամեդհասանը նրանց մեղադրում է հայկական կողմին ցուցաբերած օգնության համար․ «Ռուս զինվորականները ցերեկը մեր կողքին էին, սակայն գիշերը միանում էին օկուպանտներին, նրանց պատմում մեր թույլ տեղերի և այն հատվածների մասին, թե որտեղից հայերը մեր գյուղերի վրա հարձակվեն»։
Առաջին պատերազմը հիշելիս Հասանովը ջերմությամբ է հիշում իր հրամանատար Մոբիլ Յուսիֆովին, որն անմիջականորեն ղեկավարում էր տեղի բնակիչներից աշխարհազորի ստեղծումը․
«Ափսոս, որ Յուսիֆովը չտեսավ շրջանի ազատագրումը, մահացավ 2016 թ-ին։ Երբեք թույլ չէր տալիս, որ մենք չորս եղբայրներով կռվեու գնանք, ասում էր, որ մեզնից գոնե մեկը պետք է կենդանի մնա»։
Մամեդհասան Հասանովն անհամբեր սպասում է հայրենի Ֆիզուլի վերադառնալուն։ Սակայն դեռ պետք է հասնել այդ օրերին։
«30 տարի երազում եմ տեսնել հարազատներիս գերեզմանները»
Դիլրուբա Բեհբութովան առաջին պատերազմի ժամանակ լքել է իր հայրենի տունն Աղդամի շրջանում։ Այդ շրջանը փաստացի առանց մարտերի ադրբեջանական կողմին է հանձնվել 2020 թ․ նոյեմբերի 20-ին՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության համաձայն։
Բեհբութովան արցախյան առաջին պատերազմում կորցրել է ոչ միայն տունը, այլև հարազատ որդուն։
Նա հիշում է, որ դեռևս 1988 թ-ին Արցախում կոնֆլիկտներ էին սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև։ Նրա խոսքով՝ հայերի կողմից վիրավորելու դեպքեր էին լինում, «ավտոբուսները կես ճանապարհին կանգնեցնում էին և մարդկանց ստիպում մնացած մասը ոտքով գնալ»։
«Որդիս՝ Աբաս Բեհբութովն Ադրբեջանի ներքին զորքերի առաջին զորակոչիկներից էր, որը ստեղծվել էր 1991 թ-ին։ Պատերազմի մեկնարկից որոշ ժամանակ անց նրանց տարել են Զանգելանի շրջան։ Մի անգամ նույնիսկ նրան այցելության ենք գնացել զորամաս։ Ասացին, որ նա առաջնագծում է, այդպես էլ չկարողացանք նրան տեսնել։ 1992 թ-ի դեկտեմբերին հայերն օկուպացրին Զանգելանի շրջանի Գազանչը գյուղը։ Դրանից հետո մենք գնացինք Աբասին որոնելու, սակայն ոչ մի տեղ չգտանք։ Այդպես էլ չիմացանք՝ գերեվարվել էր, թե զոհվել…», — պատմում է Դիլրուբան։
Նա չի կարողանում առանց արցունքների խոսել այն զգացմունքների մասին, որոնք վերապրել է Զանգելանի շրջանի ազատագրման օրերին․
«Ինձ համար տարբերություն չկա Զանգելանի և Աղդամի միջև։ Ղարաբաղն ամբողջը մեր հողն է։ Մեր հայրենիքը։ Ես արդեն 30 տարի է՝ երազում եմ տեսնել ծնողներիս, նախնիներիս գերեզմանները, սակայն չեմ կարողանում դա անել։ Իսկ հիմա ես հպարտ եմ։ Հպարտ եմ նրանով, որ մենք, այնուամենայնիվ, կարողացանք վերադառնալ հարազատ բնակավայրեր»։
Դիլրուբա Բեհբութովան հպարտությամբ նշում է, որ իր տղամարդ ազգականներից գրեթե բոլորը կամավորագրվել են՝ ադրբեջանական բանակի շարքերը համալրելու և մասնակցել են Ղարաբաղի ազատագրմանը։
Դիլրուբան սպասում է այն օրվան, երբ կկարողանան Աղդամ և Զանգելանի շրջան վերադառնալ, որտեղ 28 տարի առաջ որդուն է կորցրել։
Վերադարձը շուտ չի լինելու
«Հին» փախստականներն Ադրբեջանում ստիպված են շատ երկար սպասել տուն վերադառնալու համար։ Բացի այդ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում գրեթե ամբողջությամբ ավերված են բնակավայրերն ու ենթակառուցվածքները, գլխավոր վտանգն ականապատ տարածքներն են։ Ռազմական գործողությունների ավարտից հետո մի քանի մարդ ցանկացել է հայրենի վայրեր այցելել և մահացել՝ ականների պայթյունի հետևանքով։
Նշված բնակավայրերում ականազերծման համար նվազագույնը երեք տարի անհրաժեշտ կլինի, հայտարարել է տարածքների ականազերծման ադրբեջանական ազգային գործակալությունը։ Միայն դրանից հետո կարելի է այնտեղ լիարժեք շինարարական աշխատանքներ իրականացնել փախստականների վերադարձի համար։
Իսկ Ղարաբաղի լիակատար ականազերծումը 10-13 տարի կտևի։
Կառավարությունը փախստականների վերադարձի դեռևս ոչ մի ծրագիր չի ներկայացրել։ Իսկ դա նշանակում է, որ «հին» փախստականները պետք է դեռ տարիներով սպասեն, որ նման հնարավորություն ստեղծվի։
«Մեդիացանցի» աջակցությամբ