Արցախ․ ադրբեջանական բանակը մոտեցել է Շուշի բերդաքաղաքին
Ղարաբաղյան հակամարտության գոտում մեկ ու կես ամիս տևող մարտերից հետո դրանք, ըստ ամենայնի, ընթանում են Շուշի բերդաքաղաքի անմիջական մերձակայքում։
Այն բերդաքաղաք են անվանում, քանի որ լեռան գագաթին է գտնվում և գրավելը դժվար է։ Եվ այնտեղից հեշտ է վերահսկել և հրետակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու բոլոր հարակից գյուղերը։
1988-1992 թթ-ի պատերազմի ժամանակ, երբ 1992 թ-ի մայիսին Արցախն ու Ադրբեջանի յոթ հարակից տարածքներն անցան հայկական ուժերի վերահսկողության տակ, հայկական ջոկատների կողմից Շուշիի ազատագրումը պատերազմում հետագա հաղթանակի համար վճռորոշ էր։
Ճակատից ստացվող լուրերում, որոնք տարածում են հայկական և ադրբեջանական կողմերը վերջին երկու-երեք օրում, խոսվում է, այդ թվում, Քարին Տակ գյուղի ճանապարհի համար մարտերի մասին, որը գտնվում է լեռան ստորոտում, Շուշիից ոչ հեռու։
Հաղորդվում է, որ ադրբեջանական բանակն ականանետներից հրետակոծում է քաղաքն ու դրա շուրջ գտնվող հայկական պաշտպանական դիրքերը։ Հայկական կողմը հաղորդում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը հետ մղելու մասին։
Այդ ճանապարհը հայտնի է որպես «Լաչինի միջանցք» և 1990-ականների սկզբին ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր կոչվում է «կյանքի ճանապարհ» Արցախի համար։ Եթե ադրբեջանական ուժերը կարողանան կտրել այն և շարժվել դեպի լեռները, կփակվի Հայաստանից Արցախ տանող գլխավոր ճանապարհը։
Երթուղին տանում է Հայաստանի հարավում գտնվող Գորիս քաղաքից ուղիղ դեպի Շուշի՝ հարավ-արևմուտքից։
Մյուս ճանապարհը դեպի Շուշի հյուսիսից հասնում է մայրաքաղաք Ստեփանակերտ։
Հայ զինվորականների համար, որոնք այժմ պաշտպանում են Արցախը, «Լաչինի միջանցքի» կորստի դեպքում Հայաստանի հետ միայն մեկ ցամաքային հաղորդակցման ուղի կմնա՝ հյուսիսային երթուղին, որն անցնում է Մռավի լեռնաշղթայով։
Մեկ ու կես ամիս ընթացող մարտերի արդյունքները
1994 թ-ին հրադադար կնքելու և ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի դադարեցման ժամանակ կողմերի տարանջատման գիծ է սահմանվել, որը հայկական ուժերի վերահսկողության տակ է թողել ոչ միայն խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում գտնվող նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն, այլև դրա հարակից յոթ շրջանները։
Սեպտեմբերի 27-ին մարտերի մեկնարկի 40-րդ օրվա դրությամբ ադրբեջանական բանակը զգալիորեն առաջ է անցել այդ շփման գծից։
Այս պահի դրությամբ Ադրբեջանն, ակտիվորեն կիրառելով թուրքական, իսրայելական և սեփական արտադրության ԱԹՍ-ներ, վերահսկողության տակ է առել Ֆիզուլի քաղաքն ու ավելի քան 130 բնակավայր Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Կուբաթլուի շրջաններում։ Այսպես է հաղորդում ադրբեջանական կողմը։
Ըստ Ադրբեջանի տարածած տեղեկատվության, ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմի վերահսկողության տակ այժմ գտնվում է այդ շրջաններից հինգի ավելի քան մեկ քառորդ տարածք Իրանի հարավային սահմանի երկայնքով մինչև Հայաստանի ու Ադրբեջանի արևմտյան սահմանը։
1992 թ-ին Շուշիի մարտերի պատմությունը
Հայ և ադրբեջանցի փորձագետները մինչ օրս համաձայն չեն, որ հայկական կողմը գրավել է բերդաքաղաքը 1992 թ-ի մայիսի 9-ին։
Այդ իրադարձությունների մասին են պատմում հայ և ադրբեջանցի վետերանները «Շրջանի մասեր» բացառիկ հայ-ադրբեջանական համատեղ վավերագրական ֆիլմում, որը երկու երկրների խմբերը նկարահանել են մի քանի տարում բրիտանական Conciliation Resources կազմակերպության աջակցությամբ։
Ֆիլմն առցանց հայտնվել է 2020 թ-ի գարնանը, այն կարելի է դիտել այստեղ։
Շուշիի մարտերի մասնակից ադրբեջանցի վետերաններն ասում են, որ 1992 թ-ի մայիսի 8-ի երեկոյան իրենց հրամանատարները հրահանգել են նահանջել՝ վերախմբավորվելու, լրացուցիչ ուժերով վերադառնալու և քաղաքը վերադարձնելու համար։
Այն մարտերի հայ վետերաններն ասում են, որ իրենց համար քաղաքի նկատմամբ վերահսկողություն ստանալը «կենաց և մահու հարց էր», քանի որ ադրբեջանական հրետանին այդ բարձունքից հեշտությամբ ոչնչացնում էր իրենց դիրքերը Ստեփանակերտում։
Հայ հրամանատարներից մեկը՝ Արկադի Կարապետյանը, «Շրջանի մասեր» ֆիլմում պատմում է, որ իրենք դադարեցրել են քաղաքի գրոհը դեռևս նախքան մայրամուտը, քանի որ զինամթերքը վերջացել է։ Սակայն այդ իսկ գիշերն ադրբեջանզի զինվորականները լքել են քաղաքը։
«Մենք հետևում էինք, թե ինչպես են նրանք հեռանում, իսկ մայիսի 9-ի առավոտյան մենք առանց մարտի վերցրինք Շուշին», — ասում է Կարապետյանը։
RFL/RL ադրբեջանական ծառայությունը Շուշիում մինչև վերջին պահը գտնվող զինվորներից մեկի մեկնաբանությունն է հրապարակել։ Մուստաֆա Հաջիբեյլին ասում է, որ ադրբեջանցի զինվորականները դասեր են քաղել և չեն կրկնելու այդ սխալները»։
«Նախևառաջ, ադրբեջանական բանակն այժմ վերահսկում է գոտին ԱԹՍ-ների և ինքնաթիռների օգնությամբ։ Երկրորդ հերթին, այն մարտավարությունն է կիրառում, որը ստիպում է թշնամուն քաղաքները հանձնել՝ առանց խոշոր բախումների։ Այդպես է եղել Ֆիզուլիում և Ջաբրայիլում», — ասել է Հաջիբեյլին։