Արցախ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար կրկին չհաստատվեց
Չնայած հայտարարված հրադադարին՝ սեպտեմբերի լույս 18-ի գիշերն ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև շարունակվել են մարտական գործողություններն Արցախում և Ադրբեջանի հարակից տարածքներում, որոնք արցախյան իշխանությունների վերահսկողության տակ են 1990-ականների պատերազմից ի վեր։
Ի՞նչ է տեղի ունեցել օրվա ընթացքում․ իրադարձությունների նկարագրությունը՝ երկու կողմերից։
Տեղեկություններ Երևանից և Ստեփանակերտից
Արցախի պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել է, որ գիշերը հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ հրետակոծության և հարավային ուղղությամբ հրթիռակոծության։
Սակայն առավոտյան 07:20-ից ակտիվ հրետանային կրակից հետո ադրբեջանական ուժերը հարձակում են սկսել հարավային՝ «Խուդաֆերինի ջրամբարի ուղղղությամբ [Ջաբրայիլի շրջան] շահեկան դիրքեր զբաղեցնելու նպատակով»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է նաև, որ ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ է կիրառել։
Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրել է արդեն երկրորդ անգամ հրադադարի մասին պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Այն ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի (խոսքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին է) անձնական միջնորդությամբ։
Հաղորդագրությունում ասվում է նաև, որ «Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն»։
Ավելի ուշ հայտնվեց Հայաստանի ԱԳՆ ևս մեկ հաղորդագրություն։ Այս անգամ՝ մարտադաշտից վիրավոր զինծառայողներին դուրս բերելու՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձից Ադրբեջանի հրաժարվելու մասին։
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արցախում հումանիտար հրադադարն անժամկետ է, թեև Բաքուն դա հերքում է․
«Եթե Ադրբեջանում հայտարարում են, որ դա ընդամենը մի քանի օրով է, նշանակում է, որ նրանց նպատակը մի քան օրից կրկին ագրեսիվ գործողություններ իրականացնելն է։ Եթե Ադրբեջանը կրկին անտեսի պայմանավորվածություններն ու հարգանք չդրսևորի միջազգային հանրության՝ հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերի նկատմամբ, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստիպված կլինեն ավելի կոշտ և այլ մեթոդներով հաստատել այն»։
Այս հայտարարություններից հետո ցերեկը հաղորդվում էր ռազմաճակատի ողջ երկայնքով հարաբերական անդորրի մասին։
Հոկտեմբերի 18-ի երեկոյան հաղորդագրություն է ստացվել Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
Զոհրաբ Մնացականյանը մտահոգություն էր հայտնել Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ «միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ»։ Նրա կարծիքով՝ «նման քաղաքականությունն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ուղեկցվող ադրբեջանական ագրեսիայի շարունակման համար թողտվություն»:
Արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծել էր, որ ադրբեջանական կողմի ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ։ Հայկական կողմը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր բազմիցս հայտարարել է, որ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար:
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները, որոնք Արցախ են այցելել, հայ լրագրողներին ասել են ճեպազրույցի ժամանակ, որ տեսել են, թե ինչպես է ադրբեջանական ԶՈՒ-ն ոչնչացնում խաղաղ բնակավայրերը։
«Մենք տեսել ենք, թե ինչպես են ռումբեր նետվում Ստեփանակերտի և Շուշիի բնակելի տների վրա, իսկ խաղաղ բնակչության դեմ կիրառվում է միջազգային իրավունքով արգելված զենք։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է բնակչության ցեղասպանություն իրականացնել ԱԹՍ-ների միջոցով, սա «դրոնային ցեղասպանություն է»։ Մենք համաշխարհային խորհրդարաններին կոչ ենք անում ոչ միայն հայտարարություններ անել, այլև գործել, պատժամիջոցներ սահմանել Ղարաբաղի վրա հարձակված երկրների և նրանց զենք մատակարարող երկրների նկատմամբ», — հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն։
Տեղեկություններ Բաքվից
«Չնայած հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ից հումանիտար հրադադարի նոր ռեժիմի հաստատման մասին հայտարարությանը՝ Հայաստանը հերթական անգամ կոպտորեն խախտել է պայմանավորվածությունը», — հոկտեմբերի 18-ին առավոտյան ժամերին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ աղբյուրի՝ «գիշերվա ընթացքում հակառակորդը ականանետներով և հրետանիով հրետակոծել է Ջաբրայիլ քաղաքի շրջակայքն, ինչպես նաև այդ շրջանի՝ օկուպացիայից ազատագրված գյուղերը, որոնք տեղակայված են Արազ գետի երկայնքով։ Անձնակազմի կորուստներ չկան»։
Առավոտյան ժամերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուր է հրապարակել նաև այն մասին, որ կասեցվել են հակառակորդի փորձերը՝ գրոհելու Աղդերեի, Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի ուղղությամբ (Արցախի հարակից տարածքներ, որոնք արցախյան իշխանությունների վերահսկողության տակ են գտնվում 1990-ականների պատերազմից ի վեր)։
Հաղորդվում է նաև, որ հայտարարված հրադադարից անմիջապես հետո և մինչև հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը չորսը Հայաստանը նաև Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրելու փորձեր է ձեռնարկել․
«Կիրառվել է խոշոր տրամաչափի զենք, Հայաստանի Ճամբարակի շրջանի տարածքից հրետակոծվել են ադրբեջանական բանակի դիրքերը Քեդաբեքի շրջանում, Հայաստանի Բերդի տարածքից՝ ադրբեջանական բանակի դիրքերը Թովուզի շրջանում»։
Ցերեկվա ժամերին Ադրբեջանի Աղդամի շրջանի տարածքը հրետակոծվել է Հայաստանի ԶՈՒ կողմից։
Ադրբեջանի նախագահը Թվիթերում հաղորդել է, որ Ադրբեջանի զինված ուժերն Ադրբեջանի դրոշն են բարձրացրել Խուդաֆերինի հին կամրջի վրա, որը տեղակայված է Ջաբրայիլի շրջանում, Արաքս գետի վրա։ Կամուրջն այդ շրջանը միացնում է Իրանին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կադրեր է տարածել Ֆիզուլի քաղաքից, որի նկատմամբ նախօրեին վերահսկողություն է սահմանել ադրբեջանական բանակը։