Քաղաքացիությունը՝ փախստական․ ԼՂ-ի հայերի պատմություններն ու հիշողությունները
Արցախցիների պատմությունները
Հայաստանը կրկին փախստականներ ընդունելու խնդրի բախվեց, տեղավորելու և աջակցելու հազարավոր մարդկանց, որոնք կորցրել են ողջ ունեցվածքը։ Պատմությունը սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջին։ Ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 500 հազար հայ ստիպված է եղել լքել Ադրբեջանը։ Փախստականների մի մասը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, մի մասը՝ Հայաստան, իսկ մյուսները ցրվել են աշխարհով մեկ։
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո հայ փախստականների թիվն ավելացել է 40 հազարով։ Ընդ որում, նրանցից 8 հազարը 1988-1990 թվականներին Ադրբեջանից եկած փախստականներ են, որոնք այժմ կրկնակի փախստական են դարձել։
Իսկ երրորդ, այսպես կոչված, մեկօրյա պատերազմից՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո բոլոր հայերը լքեցին Արցախը։ Հայաստանի կառավարության որոշմամբ փախստականի կարգավիճակ է ստացել ավելի քան 150 հազար մարդ։
1988 թվականի տվյալներով՝ Ադրբեջանում հայերը կազմում էին ընդհանուր բնակչության մինչև 10%-ը՝ չհաշված ԼՂԻՄ-ում ապրողներին։ Հայ փորձագետները պնդում են, որ միջազգային իրավունքի համաձայն՝ նրանք իրավունք ունեն պահանջել փոխհատուցում՝ նյութական, բարոյական և տարածքային։ Նրանք ընդգծում են, որ մինչ հակամարտությունը Հայաստանում ապրած ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել վաճառել կամ փոխանակել իրենց բնակարանները մեկնելուց առաջ։ Բացի այդ, նրանք Հայաստանից ստացել են 110 մլն դոլարի փոխհատուցում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից և հատկապես ԼՂ-ից հայ փախստականներին, ապա մեծամասնությունը հեռացել է շտապողաբար՝ փորձելով փրկել իր կյանքը, շատերը ոչ միայն առանց իրերի, այլև առանց փաստաթղթերի։
«Այդ մարդիկ Ադրբեջանում կորցրել են իրենց շարժական և անշարժ գույքը, բանկային ավանդները և այլն։ Բացի գույքային և ֆինանսական կորուստներից, որոնք հեշտ է հաշվարկել, Ադրբեջանից հայ փախստականներին միջազգային նախադեպերի հիման վրա պետք է վճարվի նաև այլ փոխհատուցում՝ սպանությունների, վնասվածքների, բարոյական վնասի համար»,- ասում է դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։
Ղարաբաղի հայերի պատմությունները։ Պատմում են իրենք՝ փախստականները։
- Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումը միայն տեսականորեն է հնարավոր
- Ինչպե՞ս է ՀՀ-ն լուծում արցախցիների խնդիրները. արդյունավե՞տ են օգնության ծրագրերը
- ԼՂ-ի հայերի ուղերձն աշխարհին. ի՞նչ արձագանքի սպասել
Էլեն Սարգսյան, բուժքույր
Դպրոցի նկուղում նստելու իմաստ չկա
«Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 19-ի կեսօրին։ Հարավ գյուղից զանգեցին հարազատներս ու ասացին, որ ադրբեջանցիները գնդակոծում են։ Այդ պահին քաղաքում պայթյուններ սկսվեցին, իսկ դպրոցի տանիքի վրա ծուխ հայտնվեց։ Երեխաները դասի էին։ Բայց ես չկարողացա կապ հաստատել որդուս հետ, այլևս կապ չկար:
Աշխատում էի Մարտունու հիվանդանոցում որպես բուժքույր։ Առաջին իսկ կրակոցից հետո գլխավոր բժիշկը հրահանգեց բոլոր բժշկական սարքավորումներն ու հիվանդներին իջեցնել նկուղ։ Սկսեցին անդադար վիրավորների բերել։ Աշխատում էին առանց շունչ քաշելու։ Մարտունին գնդակոծվում էր բոլոր կողմերից։
Ես չկարողացա դուրս գալ: Հարևանուհիս գնաց դպրոց, բայց որդուս այնտեղ չգտավ։ Մեկ ժամ անց Գերմանն ինքը եկավ հիվանդանոց մեր մյուս բուժքույրերի երեխաների հետ։ Ասաց. «Չեմ ուզում նստել դպրոցի նկուղում, ավելի լավ է վիրավորներին օգնեմ, ինչով կարող եմ»: 15-16 տարեկան մեր տղաները վիրավորներին էին տանում-բերում, օգնում էին վիրակապել։
Մեզ մոտ ավելի քան 120 վիրավոր էին բերել։ 11-ի կյանքը փրկել չհաջողվեց։. Ընկերուհուս հայրն էլ մահացավ։ Նա դուրս էր եկել նկուղից հաց գնելու, արկը պայթել էր նրա կողքին, պոկել գլուխը մարմնից»։
Ոմանք ծնվում էին, մյուսները՝ մահանում
«Մարտունին շրջափակման մեջ էր։ Հիվանդանոցը բավարար մասնագետներ չուներ։ Ես երբեք ծնունդ չէի ընդունել։ Բայց այդ օրերին բոլորն ամեն ինչ անում էին, ձեռքերը չէին հերիքում: Առաջին անգամ ծնունդ ընդունեցի։ Կինը երկվորյակներ լույս աշխարհ բերեց։ Ոմանք ծնվում էին, մյուսները՝ մահանում:
Հետո հրաման եղավ մեր ազատման մասին։ Ասացին, որ հիվանդանոցը փակվում է։ Բայց մենք չհեռացանք, շարունակեցինք վիրավորներին խնամել։ Նրանցից շատերի ոտքերն ու ձեռքերը ամպուտացված էին։ Ամբողջ բուժանձնակազմը մնաց հիվանդանոցում այնքան ժամանակ, մինչև Կարմիր խաչը եկավ վիրավորներին տանելու։
Հասկանում էինք, որ ընդմիշտ հեռանում ենք, բայց հիվանդանոցում ամեն ինչ լվացինք, մաքրեցինք, մի կաթիլ արյուն չթողեցինք հատակին»։
Ղարաբաղյան խնձոր
«Մայրս ինսուլտ է տարել։ Երբ մենք տեղափոխվում էինք Հայաստան, ինձ նրա հետ նստեցրին ավտոբուս՝ որպես խնամակալ։ Իսկ տղաս ու քույրս գնացին բեռնատարով։
Հարավ գյուղի մոտ ադրբեջանցիները կանգնեցրել էին բեռնատարն ու սկսել հարցաքննել Գերմանին։ Նա բարձրահասակ է, իր տարիքից մեծ է երևում։ Ադրբեջանցի զինվորները չէին հավատացել, որ 16 տարեկան է, փաստաթղթեր էին պահանջել։ Ցանկացել էին տանել իրենց հետ, եթե պարզվեր, որ անչափահաս չէ։ Գերմանի անձնագիրն իմ պայուսակի մեջ էր մնացել։ Կապը մեկ հայտնվում էր, մեկ՝ անհետանում։ Բայց Գերմանին հաջողվեց միանալ, և ես համացանցով անձնագրի սկանավորված տարբերակն ուղարկեցի:
Բեռնատարի մեջ էին նաև մեր հիվանդանոցի բժիշկներից մեկն ու նրա երեխան։ Երբ նրան զանգահարել են, և նա պատասխանել է, ադրբեջանցի զինվորականը ձեռքից վերցրել է հեռախոսը, գցել գետնին և ոտքով կոտրել։
Ադրբեջանցիներից մեկն էլ խնձոր է կծել, մեկնել Գերմանին ու հարցրել. «Խնձոր ուզո՞ւմ ես: Ղարաբաղյան է»։ Գերմանը պատմում է, որ շատ է վախեցել։ Չի ցանկացել խնձորը վերցնել, բայց վախեցել է հետևանքներից։ Ասել է՝ խնձոր չի սիրում։
Մինչ ես կուղարկեի Գերմանի անձնագրի սկանը, ադրբեջանցիները բեռնատարի վարորդին ստիպել են փոս փորել։ Բոլորն անհանգստացել են, թե ինչի համար է դա արվում: Ի վերջո, պարզվել է՝ իրենց դրոշը տեղադրելու համար։
Երբ նրանք հեռացան անցակետից, Գերմանը զանգեց, ասաց, որ շատ վատ է զգում, գլխապտույտ ունի։ Մենք հանդիպեցինք դեպի Հայաստան տանող ճանապարհին և միասին հասանք Գորիս։
Առավոտյան տեսա, որ տղայիս մազերը սպիտակել են։ Ընդամենը երկու օրում»։
Ժառանգաբար փախստական
«2020 թվականի պատերազմից հետո հենց մեր հիվանդանոցի կողքին սկսեցին շենք կառուցել, մենք պետք է բնակարան ստանայինք այդ շենքում։ Ես տեսնում էի, թե ինչպես է շենքը հարկ առ հարկ բարձրանում, սպասում էի՝ շինարարությունն ավարտվի: Մի անգամ վարպետին կատակով ասացի, որ իմ բնակարանն ավելի որակով կառուցեն։ Նա էլ ժպտաց ու ասաց. «Սպասի, դեռ պարզ չի՝ ով կապրի քո բնակարանում»:
Փախստական լինելն ինձ ժառանգաբար հասավ։ Մայրս և իր ծնողները Ղարաբաղյան շարժման սկզբում փախել են Բաքվից՝ այնտեղ թողնելով ամենը, ինչ ունեին։ Հայերի համար այնտեղ մնալը վտանգավոր էր։ 35 տարի անց ես ստիպված էի նույն ճամփան անցնել։
Հիվանդանոցից դուրս եկա միայն բժշկական խալաթով և հողաթափերով։ Ստիպված էի ամեն ինչ գնել Երևանում։ Մայրիկիս, որդուս ու քրոջս հետ ապրում ենք Խարբերդում։ Աշխատանքի եմ ընդունվել Երևանի կլինիկաներից մեկում։
Ամեն օր երկու տրանսպորտ են փոխում, որ հասնեմ աշխատանքի։ Բնակարանի համար վճարում ենք 150 հազար դրամ, իսկ աշխատավարձը 86 հազար է։ Մենք ամսական ևս 40 հազար ծախսում ենք մորս դեղերի վրա։ Առանց Հայաստանի կառավարության ֆինանսական օգնության չէինք կարողանա ծերը ծերին հասցնել։
Ես շատ եմ լսում, թե ինչպես են ոմանք վերմակներ ստանում, մյուսները՝ սնունդ, որոշ պարագաներ, բայց մենք դեռ ոչինչ չենք ստացել։ Ես ինքս չեմ գնա, ոչինչ չեմ խնդրի, դաստիարակությունս թույլ չի տա»։
Վերադարձ
«Ես անդադար մտածում եմ վերադառնալու մասին։ Այնտեղ եմ թողել հորս գերեզմանը։
2020-ին՝ պատերազմից անմիջապես հետո, ասացին՝ վերադարձեք, և մենք վերադարձանք։ Հիմա բոլորս տեսնում ենք, թե դա ինչ ավարտ ունեցավ: Ես կարող եմ վերադառնալ միայն հայկական Արցախ, որտեղ ադրբեջանցիներ չեն լինի։ Այդ ժամանակ ես կլինեմ առաջիններից մեկը, ով կվերադառնա հայրենիք։ Արցախն Ադրբեջանի կազմում չեմ պատկերացնում։ Դա անհնար է»։
Լուսինե Արզանգուլյան, աշխարհագրության ուսուցչուհի
Պատերազմը սկսվեց դասի ժամին
«Դպրոցը գտնվում է ռազմական շտաբի հարևանությամբ, և առաջին հարվածը Ստեփանակերտին հասավ հենց այս ուղղությամբ։ Աշխարհագրության դասասենյակը երկրորդ հարկում էր։ Բոլոր ապակիներն անմիջապես կոտրվեցին, մենք արագ դուրս վազեցինք դասարանից ու իջանք նկուղ։ Քաղաքի հրետակոծությունը շարունակվում էր, երեխաները խուճապի մեջ էին։ Ծնողների հետ ոչ ոք չէր կարողանում կապվել, երեխաները լաց էին լինում, բղավում։
Մենք մնացինք նկուղում, մինչև ծնողները եկան նրանց հետևից: Նրանցից երկուսն աշխատում էին հարևան գյուղի հիվանդանոցում, երեխաների հետևից կարողացան գալ միայն երեկոյան ժամը 8-ին։
Իսկ մի քանի օր անց Վերածննդի հրապարակում արդեն հարյուրավոր փախստականներ կային Մարտակերտից ու Մարտունուց։ Պատկերը ճնշող էր։ Իսկ զորամասի մոտ երկու զրահափոխադրիչ էր կանգնած։ Սկզբում մտածեցի, թե ադրբեջանցիներ են, բայց հետո տեսա Ռուսաստանի դրոշը։
Սկեսուրիս տնից մեր տուն էի գնում։ Ռուս զինվորները կանգեցրին, ասացին. «Մի առաջացեք, ադրբեջանցիները Կրկժանում են, վտանգավոր է»։
«Իսի դուք ի՞նչ եք անում այստեղ, եթե ադրբեջանցիները Կրկժանում են: Դուք խաղաղապահ չեք, դուք ծաղրածուներ եք»,- ասացի ու առաջ անցա։
Մինչև տուն 200 մետր էր մնացել, բայց չկարողացա հասնել իմ բնակարան։ Կրակահերթ սկսվեց, փամփուշտները դիպան մեր շենքի պատերին ու տանիքին։ Կրկժանը հենց մեր թաղամասի վերևում է, այնտեղ փոխհրաձգություն էր»։
Խաղաղ բնակիչների գնդակոծում
«Սեպտեմբերի 21-ից քաղաքում արդեն սարսափելի էր։ Կրկժան ներխուժած ադրբեջանցիները կրակ էին բացում փողոցների ու տների ուղղությամբ։ Երկու բնակիչ վիրավորվեց։ Նրանցից մեկն իմ ընկերուհի, բուժքույր Լուսինե Մեսրոպյանն էր։ Նա հրետակոծության ժամանակ աշխատանքի էր գնալիս եղել։
Ավելի ուշ ԱԻՆ մամուլի քարտուղարը հայտնեց, որ դիպուկահար է կրակել նրա վրա։ Գնդակը դիպել է մեջքին։ Անցորդները շտապօգնություն են կանչել։ Բայց մինչև բժիշկները տեղ կհասնեին, նա ինքն իրեն վիրակապվել է, որպեսզի շատ արյուն չկորցնի։ Հիվանդանոցում նրան վիրահատել են, երկու օր անց՝ դուրս գրել, քանի որ այդ օրերին վիրավորները շատ էին։ Քաղաքում խուճապ էր սկսվել, բոլորը մտածում էին միայն՝ ինչպես դուրս գան Արցախից, փրկեն իրենց կյանքը։ Իսկ սեպտեմբերի 24-ին, երբ ադրբեջանցիները 10-ամսյա շրջափակումից հետո վերջապես բացեցին Լաչինի միջանցքը, սկսվեց գաղթը»։
Թխելն է օգնում
«Ես միայն սեպտեմբերի 25-ին կարողացա տուն հասնել։ Ինձ հաջողվեց վերցնել տղաներիս բաճկոններն ու տանը եղած գումարը։ Հետո ամուսնուս ու երեխաներիս հետ 2,5 օր անցկացրինք Հայաստան բերող ճանապարհին։ Մեկ ամիս հյուրանոցում ապրեցինք, հետո Արարատ քաղաքում 150 հազար դրամով բնակարան գտանք։ Թանկ է, բայց ոչինչ անել չենք կարող։
Ես սկսեցի թխել ժենգյալով հաց, խմորեղեն ու վաճառել առցանց հարթակներում։ Կոնտակտային տվյալներ թողեցի նաև քաղաքապետարանում։ Եվ արդեն երկու անգամ ինձ կանչել են դպրոց՝ աշխարհագրության ուսուցչուհուն փոխարինելու։ Բայց մենք գոյատևում ենք իմ թխվածքների հաշվին»:
Բաքվից հեռանալու մասին
«Ես 12 տարեկան էի, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Եվ ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես մենք հեռացանք Բաքվից։ Մտքումս պարբերաբար զուգահեռներ են հայտնվում այդ օրերի հետ։
Բաքվում մենք սեփական մեծ տուն ունեինք։ Պապս էր կառուցել։ Հիշում եմ հասցեն՝ Պապանինի 198, 3-րդ միկրոշրջան։
Ջարդերի օրերին ադրբեջանցիները «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետում մեր բակ, ու դրանք պայթում էին։ Մենք 3-4 օր թաքնվում էինք։ Մեր ադրբեջանցի հարևանն ասաց, որ մեզ կօգնի ու իր մեքենայով դուրս կբերի քաղաքից։
Ես այն ժամանակ սովորում էի 6-րդ դասարանում։ Մեկնելուց առաջ թղթի վրա գրեցի «Ես կվերադառնամ», «Մի լացի», «Մի տխրի»։ Գրածներս դրեցի «Իստիսու» հանքային ջրի ապակե շշի մեջ, իջեցրի մեր բակի լողավազանի մեջ ու ծածկեցի այն։ Այդպես ես հրաժեշտ տվեցի մեր տանը, ու մենք մեկնեցինք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արցախցիների պատմությունները