Ֆրանսիա․ նոր զոհեր՝ նախագահ Մակրոնի հայտարարությունների դեմ իսլամական աշխարհում տեղի ունեցած ցույցերից հետո
2020 թ-ի հոկտեմբերի 29-ին Նիցցայում և Ավինյոնում տեղի ունեցած արյունալի դեպքերը շարունակել են Ֆրանսիայում իշխանությունների և իսլամական հանրության միջև դիմակայությունը։
Նիցցայում հարձակում է իրականացվել եկեղեցու հավատացյալների վրա։ Երկու մարդ է սպանվել, նրանցից մեկը գլխատվել է։ Երրորդը ծայրահեղ ծանր վիճակում է։
Հարձակվածը վիրավոր է և ձերբակալվել է։ Նա շարունակել է բացականչել «Ալլահ աքբար», անգամ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն ցուցաբերելիս են եղել։
Գրեթե միաժամանակ Ավինյոնում ոստիկանները սպանել են իրենց վրա դանակով հարձակված անձին, որն իսլամական կարգախոսներ է հնչեցրել։
Հետաքննությունը վարում է հատուկ հակաահաբեկչական դատախազությունը։
Այս ողբերգությունները տեղի են ունեցել մի շարք իրադարձություններից հետո։
2020 թ-ի հոկտեմբերի 16-ին չեչեն ներգաղթյալների ընտանիքի անդամը Փարիզում փողոցի մեջտեղը գլխատել է դպրոցի ուսուցիչ Սամյուել Պատիին այն բանի համար, որ նա դասի ժամանակ ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։
Այդ ծաղրանկարները հրապարակվել են 2015 թ-ին Charlie Ebdo երգիծական ամսագրում, դրանք իսլամական աշխարհում գնահատվել են որպես միտումնավոր վիրավորանք և նույն տարվա ընթացքում առիթ են դարձել խմբագրության վրա արյունալի հարձակման և 11 մարդու սպանության համար։
Փարիզում ուսուցչի սպանությունից առաջ ամսագիրը վերահրապարակել էր նույն ծաղրանկարները։
Իսկ հոկտեմբերի 28-ին Charlie Ebdo-ն հանրությանը ներկայացրել է նաև նոր ծաղրանկար, այս անգամ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանինը՝ պատկերելով նրան և կիսամերկ մի կնոջ՝ ալկոհոլային խմիչքով։
Նախագահ Էմանուել Մակրոնը կատարվածին կտրուկ է արձագանքել։ Նա իր ելույթում խոսել է «իսլամական անջատողականության» մասին և իսլամն անվանել «ողջ աշխարհում ճգնաժամ ապրող կրոն»։
«Ֆրանսիան չի հրաժարվելու ծաղրանկարներ նկարելու իր իրավունքից, այդ թվում՝ Մուհամեդ մարգարեի մասին։ Մեր հայրենակիցը սպանվել է այն բանի համար, որ երեխաներին խոսքի ազատություն է սովորեցրել։ Խավարամտությունն ու բռնությունը չեն հաղթելու», — հայտարարել է Մակրոնը։
Այդ նույն մեսիջները նա ավելի ուշ կրկնել է նաև իր մյուս ելույթներում։
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում մի քանի հազար մարդ է փողոց դուրս եկել՝ ի հիշատակ ուսուցչի։ Մոնպելիեում և Թուլուզում ակցիայի ժամանակ կառավարական շենքերի վրա պրոյեկտվել են այն ծաղրանկարները, որոնք Պատին ցուցադրել է դասի ժամանակ։
Դրանիցի հետո ողջ աշխարհի իսլամական առաջնորդները Ֆրանսիային բոյկոտ են հայտարարել, նախագահ Մակրոնին մեղադրել ահաբեկչության սատարման և միջկրոնական ատելության սերմանման համար։
Ողջ աշխարհում, ինչպես նաև հենց Ֆրանսիայում ընթացող ցույցերի ժամանակ այրում են Մակրոնի լուսանկարները։
Մակրոնի դեմ ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայում, Սիրիայում, Լիբիայում, Պակիստանում, Իրաքում, Բանգլադեշում, Սոմալիում, Հնդկաստանում և Գազայի հատվածում։
Ամենամասշտաբային ցույցը տեղի է ունեցել Բանգլադեշում, դրան մասնակցել է ավելի քան 40 հազար մարդ, ակցիայի ընթացքում այրվել է Մակրոնի խրտվիլակը։
Թուրքիայում, Քուվեյթում, Հորդանանում, Բանգլադեշում, Կատարում, Սուդանում խանութների վաճառասեղաններից հավաքում են ֆրանսիական ապրանքը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել «ստուգել հոգեկան առողջությունը» և կոչ արել ֆրանսիական ապրանք չգնել։
Չեչնիայի ղեկավար Կադիրովն ու հանրապետության գլխավոր հոգևոր առաջնորդն ուղիղ սպառնալիքներ են հնչեցրել ֆրանսիացի նախագահի հասցեին։